HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուս խաղաղապահները ադրբեջանական 60 բեռնատար են ուղեկցել Շուշի

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է փոխգործակցել Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների հետ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և տուժած շրջաններում բավարար կենսապայմաններ ստեղծելու համար։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմի խնդրանքով խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են ադրբեջանական երկու ավտոշարասյան տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ավելի քան 60 բեռնատար ավտոմեքենա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շինարարական բեռներ են տեղափոխել Շուշի՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը հետագայում ևս կշարունակի նպաստել եռակողմ հայտարարության անվերապահ կատարմանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Զորախմբի հիմնական մասը կազմում են ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter