HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաճառվում է պատմամշակութային հուշարձան․ նախարարությունն ասում է՝ օրենքը թույլ է տալիս

Փետրվարի 8-ին պետգույքի կառավարման կոմիտեն հրապարակել է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գորիսի Ուսուցչի տան աճուրդի մասին հայտարարությունը։ Համաձայն դրա՝ աճուրդը տեղի կունենա փետրվարի 25-ին, տան մեկնարկային գինը 31 միլիոն 876 հազար դրամ է:

Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը Ուսուցչի տան վաճառքի մասին պատահաբար տեղեկացել է կոմիտեի կայքից։ Նույն օրը «Ֆեյսբուք» սոցցանցում գրել է այդ մասին՝ նշելով, որ տունը պատմական նշանակություն ունեցող շենք է, որը նախկինում ծառայել է տարբեր նպատակների:

«Հետքի» հետ զրույցում փոխհամայնքապետը պատմեց, որ զանգահարել է աճուրդի հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով՝ հայտնելով, որ վաճառվող շենքը պատմամշակութային հուշարձան է։ Սակայն նրան պատասխանել են, որ իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերով կառույցը պատմամշակութային հուշարձան չէ, ապա հայտնել, թե հարցում են ուղարկել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որտեղից էլ պատասխանել են, որ Ուսուցչի տունն ընդգրկված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Իրինա Յոլյանն ասում է, որ շենքը պատմական եւ մշակութային արժեք ունի, ու ժամանակին էլի փորձեր են արվել այն վաճառելու, բայց դրանք միշտ կանխվել են: Փոխհամայնքապետի բնորոշմամբ՝ սա մազապուրծ փրկված շենքերից է:

«Ժամանակին այն համայնքային պատկանելության էր, հետո համայնքը նվիրաբերել էր Կրթության ազգային ինստիտուտին»,- նկատում է «Հետքի» զրուցակիցն ու հավելում, որ այսօր Գորիսում համայնքային ենթակայության շենքերի լուրջ խնդիր ունեն։ «Ժամանակին նման կարեւոր շենք-շինություններն աճուրդի են հանվել, եւ այսօր համայնքի բալանսում նման շենքեր չկան, որոնք կարող են ծառայել որպես համայնքային հաստատություններ»,- ասում է Իրինա Յոլյանը։

Վաճառքը թույլատրել է նախարարությունը

Պետգույքի կառավարման կոմիտեի կայքում աճուրդի մասին հայտարարության մեջ նշված է լուծարման հանձնաժողովի հանձնակատար Ս. Նազարյանի հեռախոսահամարը։

Մենք եւս զանգահարեցինք նրան: Նազարյանը նշեց, որ կառավարության որոշմամբ ԿԳՄՍՆ-ին ենթակա «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն լուծարման փուլում է, իսկ ընկերության գույքը հանվում է վաճառքի՝ պարտքերը մարելու համար: Ըստ մեր զրուցակցի՝ նախորդ տարի պետգույքի կառավարման կոմիտեն հարցում էր արել նախարարությանը, որն էլ իր հերթին սկզբում ասել էր, թե հնարավոր է՝ շենքը պատմամշակութային արժեք է, բայց հետո նախարարությունից կոմիտեին փոխանցել էին, որ Ուսուցչի տունը պատմամշակութային հուշարձան չէ ու կարող է հանվել վաճառքի:

Պատմամշակութային հուշարձան է, բայց օրենքով կարող են օտարել

Գորիսի Ուսուցչի տունը պատմամշակութային հուշարձան է: Այն ընդգրկված է կառավարության կողմից 2005 թ. հաստատված ցուցակում, որտեղ ներառված են Սյունիքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները։

ԿԳՄՍ նախարարության պատմության, մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պատմության ու պատմական միջավայրի պահպանման եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը մեջբերում է այս որոշումը՝ նշելով, որ, համաձայն դրա, Գորիսի Ուսուցչի տունը պատմամշակութային հուշարձան է: Մյուս կողմից՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքը սահմանում է, որ կառավարությունն է հաստատում պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցուցակը, որոնք ենթակա չեն օտարման: 2007 թ. կառավարության հաստատած այդ ցուցակում Գորիսի Ուսուցչի տունը չկա:

Ս. Շաքարյանն ասում է, որ, ի լրումն նախորդ ուղարկածի, նախարարությունը նոր գրություն է ուղարկել պետգույքի կառավարման կոմիտեին, որտեղ նշված են սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները։ Տրամադրել են նաեւ պահպանական պարտավորագիր, համաձայն որի՝ աճուրդի ժամանակ շենքը ձեռք բերողը պարտավոր է կատարել դրա պահանջները։ Պարտավորագրով նշված են հուշարձանի հետ կապված բոլոր սահմանափակումներն ու թույլատրելի գործունեությունը։ Համաձայն դրա՝ սեփականատերը պարտավոր է պահպանել հուշարձանի անվտանգությունն ու անվթարությունը, ապահովել հուշարձանի մատչելիությունն ուսումնասիրության եւ պահպանության վերահսկման համար, կատարել ամրակայման, նորոգման, բարեկարգման աշխատանքներ՝ դրանց նախագծերը նախապես ներկայացնելով լիազոր մարմնին (նախարարությանը) եւ համաձայնեցնելով վերջինիս հետ։

Շենքի գործառնական նշանակությունը փոխելու համար սեփականատերը պետք է դիմի նախարարությանը՝ համաձայնություն ստանալու համար։ Շաքարյանի խոսքով՝ սովորաբար այն շենքերի դեպքում, որոնք հնագիտական չեն, օրինակ՝ արտադրական նշանակության կառույց են եղել, սեփականատերը կարող է դիմել՝ նշանակությունը փոխելու համար, իսկ հնագիտական բնույթի կառույցների պարագայում՝ պատմամշակութային հնագույն կառույցներ, պաշտամունքային, կրոնական կառույցներ, գործառնական բնույթը փոխել չի թույլատրվում։

Ուսուցչի տան շենքում նախկինում Սյունյաց թեմի առաջնորդարանն էր

Գորիսի Ուսուցչի տունը 19-րդ դարի երկրորդ կեսին եղել է Տեր-Մովսիսյանների բնակելի տունը։ Այդտեղ 1870-1882 թթ․ ապրել է Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը։ Վերջինիս քրոջ թոռը՝ Գագիկ Գրիգորյանը, մինչ օրս պահում է «Գրական թերթի» այն օրինակը, որտեղ գրող Սերո Խանզադյանը պատմում է, թե ինչպես 1903 թ․ Խրիմյան Հայրիկը Արցախից Տաթեւ գնալիս հյուրընկալվել էր Տեր-Մովսիսյաններին։

«Հանկարծակի եմ եկել աճուրդի լուրից։ Նման շենքեր Հայաստանում շա՞տ են, ի՞նչ են անելու այդ գումարով»,- հարցնում է Գագիկ Գրիգորյանը։

Խորհրդային տարիներին տան մի մասը պետականացրել էին, իսկ մյուս մասը պատկանում էր արքեպիսկոպոսի եղբորը՝ Կարապետին։ Սակայն ավելի ուշ այդ հատվածն էլ պետականացվեց։ Գագիկ Գրիգորյանն ասում է, որ խորհրդային իշխանությունները ցանկանում էին քանդել տունն ու փոխարենը բարձրահարկ բնակելի շենք կառուցել, սակայն Գորիսի այն ժամանակվա ճարտարապետ Սեւադա Զաքարյանը թույլ չի տվել քանդել պատմական կառույցը։

Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն, Գորիսի երկրագիտական թանգարանի աշխատակից Վարդան Սարգսյանը նշում է, որ աճուրդի հանված շենքը հին Գորիսի առաջին ճարտարապետական կառույցներից մեկն է: Խոսելով Մեսրոպ արքեպիսկոպոսի մասին՝ նա նշում է. «Բավական է ասել, որ նա է գոյություն ունեցող, պահպանված ձեռագիր մատյանների ամբողջական ցանկը կազմել, 23 հազարից ավելի հին ձեռագրերի ուսումնասիրության գործը նա է վարել»: Սարգսյանն ավելացնում է, որ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը երկու անգամ կաթողիկոսի թեկնածու է եղել:

Ըստ մեր զրուցակցի՝ խորհրդային իշխանության վերջին շրջանում, երբ եկեղեցին ազատվել էր կապանքներից, Տեր-Մովսիսյանների տունը ծառայել էր որպես Սյունյաց թեմի առաջնորդարան: 1989 թ. այդ շենք էին այցելել Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն (հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա) ու Վազգեն Առաջին կաթողիկոսը:

Բակունցի տուն-թանգարանի տնօրենը նկատում է, որ Գորիսում Տեր-Մովսիսյանների ընտանիքը մեծ ավանդ ունի: Արքեպիսկոպոսի եղբայրը՝ Առաքելը, իր տունը նվիրել էր համայնքին՝ որպես դպրոցի շենք օգտագործելու համար: Հենց այդտեղ էլ 1905-1910 թթ. սովորել էր Ակսել Բակունցը:

Վերադառնալով Ուսուցչի տան օտարմանը՝ Գրիգորյանը նշում է, որ Գորիսը շատ կարիքներ ունի, եւ այդ շենքը կարող էր դառնալ մշակութային օջախ, որի մի սենյակն էլ կարելի էր տրամադրել արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter