HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քեզ շատ եմ սիրում, ուշ-ուշ կզանգեմ, չանհանգստանա՛ք

Տաթև Գալստյանն ու Տարոն Նիկողոսյանը ամուսնացել են 2015 թվականին: Այսօր Տաթևն իր ձեռքին կրում է նաև ամուսնու մատանին։ Կապիտան Տարոն Նիկողոսյանը, զոհվել է հոկտեմբերի 9-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում, սակայն նրա մարմինը մինչև այսօր չի հայտնաբերվել։ Նա 28 տարեկան էր։

Տարոն Նիկողոսյանը ծնվել է Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում։ Ընտանիքի երեք որդիներից միջնեկն էր։ Զինվորական մասնագիտությունն ընտրել է ավագ եղբոր օրինակով։ Մայրը՝ Արմանուշ Նիկողոսյանը, պատմում է, որ որդիներին կրթության տալու հնարավորություն չեն ունեցել, սակայն շատ են ցանկացել, որպեսզի իրենց զավակները կրթություն ստանան։ Եվ քանի որ ռազմական ինստիտուտների ծախսերը հոգում է պետությունը, Տարոնի ավագ եղբայրը ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, և հենց այդտեղ, երդման հանդիսավոր արարողության ժամանակ պատանի Տարոն Նիկողոսյանը ոգեշնչվել է և նրա մեջ նույնպես ցանկություն է առաջացել դառնալ զինվորական։

Այնուհետև հետևելով ավագ եղբորը՝ Տարոնն էլ է ընդունվել Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ, սակայն հետո քննական հանձնաժողովին տեղեկացրել է, որ ցանկանում է ռազմական բարձրագույն կրթությունը Ռուսաստանում ստանալ։ Արդյունքում նա 2010 թվականին ընդունվեց և 2015 թվականին ավարտեց Տյումենի բարձրագույն ռազմաինժեներական հրամանատարական ուսումնարանը։

Տարոնի կինը՝ Տաթևը, Արմավիրից է։ Պատմում է, որ Տարոնի հետ սկսել է շփվել ընդհանուր ծանոթների միջոցով։ Տարոնի կուրսընկերը եղել է Տաթևի ընկերուհու փեսացուն, և հենց վերջինս էլ Տարոնին պատմել է Տաթևի մասին։

«Ինտերնետով ինձ գրել էր, որ ես Ապարանի Գեղադիր գյուղից եմ, ուզում եմ՝ ծանոթանանք։ Ես էլ այդ օրը հարսանիքի էի գնացել և հարսի նետած ծաղկեփունջը ես էի բռնել։ Էնտեղ ինձ հարցրել էին՝ կուզե՞ս սպիտակ ձիով ասպետը Ապարանից գա, ես էլ ասեցի՝ կուզեմ, բայց ոչ Ապարանից։ Դրանից հետո եկա տուն, ինքն արդեն գրել էր,- ժպիտը դեմքին հիշում է Տաթևը, ապա շարունակում,- ահագին ժամանակ չէի պատասխանում, որովհետև չէի ճանաչում։ Բայց երևի մի 10 օր անցավ, ինքը գրեց՝ աղջի՛կ ջան, կարո՞ղ ա նենց անես ջղայնանամ։ Գրեցի՝ բայց դու ինձ ճանաչու՞մ ես, որ իմ վրա ջղայնանաս․․․ ու էդպես սկսեցինք շփվել»։

2014 թվականի դեկտեմբերին Տարոնը արձակուրդ է եկել, ծանոթացել է Տաթևի ծնողների հետ, Նոր տարին միասին են անցկացրել, և հետո Տարոնը նորից մեկնել է Տյումեն ուսումնառության վերջին 6 ամիսը ավարտելու համար։ Վերադառնալուց հետո Տարոն Նիկողոսյանը զորակոչվել է Ագարակի զորամաս։ 2015 թվականին ամուսնացել է Տաթևի հետ և մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը ապրել են Ագարակում։ Տարոնի ծնողներն ու կրտսեր եղբայրը 2018 թվականից ապրում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, իսկ ավագ եղբայրը ապրում է Ռուսաստանում, ծառայում է ռուսական բանակում։

Տարոնն ու Տաթևը երկու որդի ունեն՝ 4-ամյա Արամը և 1-ամյա Վահեն։ Մայրը Արամին խնդրում է՝ պատմել հոր մասին, սակայն տղան միայն ժպտում է։

Կապիտան Տարոն Նիկողոսյանը ինժեներասակրավորական վաշտի հրամանատար էր։ Հոկտեմբերի 1-ին ստացել են Արցախ մեկնելու հրամանը և մինչև հոկտեմբերի 3-ը եղել են Մեխակավանում (Ջաբրայիլ), այնուհետև հետ են եկել Իշխանաձոր։ 

«Ամսի 9-ին հրաման է եկել, որ նորից պետք է գնան։ Ինքն ասել է՝ էսքան էրեխեքին ուր տանեմ, ամբողջ երկինքը ԱԹՍ-ներ են։ Բայց իրենց վերադասն ասել է, որ հրամանն էդպես է, և պետք է գնան։ Շարժվել են Իշխանաձորից, կես ճանապարհից ԱԹՍ-ի ձայն են լսել, նորից ցրվել են, սակայն հրաման տվող վերադասը ասել է՝ ես ձեզ չե՞մ ասել, որ պետք է գնաք։ Նստել են, որ նորից գնան, երկու րոպե անց ԱԹՍ-ի հարվածից մեքենան պայթել է։ 19 հոգուց 18-ը զոհվել են»,- պատմում է Տաթև Գալստյանը։ Նրանց այս ամենը պատմել է զոհված զինվորներից մեկի հայրը, որը ինժեներական ծառայության պետի հետ եղել է նույն վայրում, սակայն այլ մեքենայում։ Տարոնի զոհվելու մասին նրա ընտանիքը իմացել է ինժեներական ծառայության պետի եղբորից։

Ի դեպ, այս դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, մեքենան նստելու և երթը շարունակելու հրաման տված զորամասի հրամանատարի տեղակալը կալանավորված է։

Տարոն Նիկողոսյանի անունը 2020 թվականի հոկտեմբերի 11-ին հրապարակվեց զոհերի ցուցակում։ Տաթևը պատմում է, որ հենց դեպքի օրը բոլոր 18 զոհվածների մարմինները բերել են Գորիս, որտեղից հաջորդը օրը տեղափոխել են Երևան։ 17 զոհերի հարազատներն արդեն վերցրել են իրենց զավակների մարմինները, սակայն Տարոնի մարմինը մինչև օրս չի ճանաչվել։ Նրա մորից և ավագ որդուց երկու անգամ ԴՆԹ-թեստ են վերցրել, սակայն համընկում չի եղել։

Հոկտեմբերի 10-ին բերված մարմիններից միայն մեկն է մնացել, որի թեստը բացասական պատասխան չի տվել։ Եթե ատամնաշարի միջոցով կարողանան ճանաչել, ապա կրկին ԴՆԹ-թեստ կհանձնեն՝ հույս ունենալով, որ այն վերջապես կհամընկնի, և Տարոնին վերջապես կկարողանան հողին հանձնել։ 

Տաթևը պատմում է, որ մինչև պատերազմի սկսվելը՝ մայիս ամսից Տարոնը շատ քիչ է տանը եղել, քանի որ մշտապես դիրքերում է եղել, զբաղվել են ինժեներական աշխատանքներով։

«Կարելի է ասել մայիս ամսից իրեն չենք տեսել։ Սեպտեմբերի 22-ին եկավ ու 27-ին պատերազմը սկսվեց»,- պատմում է Տաթևը՝ հիշելով, որ Տարոնը շատ հոգատար ամուսին և հայր էր, միշտ ցանկանում էր րոպե շուտ ավարտել գործը, որպեսզի ընտանիքի հետ կարողանա հնարավորինս շատ ժամանակ անցկացնել։ Զոհվելու օրը՝ դեպքից երկու ժամ առաջ, զանգահարել է կնոջը և ասել՝ քեզ շատ եմ սիրում, ուշ-ուշ կզանգեմ, չանհանգստանա՛ք։

«Ես էլ արձակուրդից արձակուրդ էի տեսնում էրեխուս։ 5 տարի Տյումենում էր, դրանից հետո էլ 5 տարի աշխատանքի։ 10 տարի շարունակ՝ էրեխուս տարվա մեջ 10-15 օր եմ տեսել, վերջին անգամ՝ ապրիլին։ Կարելի է ասել՝ էրեխես կարոտով գնաց»,- պատմում է Տարոն Նիկողոսյանի մայրը՝ Արմանուշը՝ հայացքը գցելով ավագ թոռան՝ Արամի վրա և ավելացնում․ «Պոստերից չի գալիս իրա պապան, ինքն էլ ասում է՝ ես պետք է զինվորական դառնամ, մեծանամ, գնամ պապայիս բերեմ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter