HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս պետությունն աջակցեց արցախցիներին՝ թղթի վրա և իրականում

Պատերազմի օրերին Արցախից հազարավոր արցախցիներ եկան Հայաստան։ Նրանցից ոմանք այնքան հապճեպ են լքել իրենց տները, որ չեն հասցրել նույնիսկ իրենց հետ վերցնել անձնական փաստաթղթերն ու առաջնային անհրաժեշտության իրեր։

Այդ օրերին Հայաստանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր համակարգում արցախցիների կացարանով ապահովումը, ինչպես նաև հետագայում՝ օժանդակում ԱԻՆ-ի, ՏԻՄ-երի միջոցով սննդի, հիգիենայի պարագաների բաշխմանը։

Դրան զուգահեռ սոցիալական ցանցերում քաղաքացիները ևս սկսեցին օգնություն կազմակերպել՝ կացարանի, սննդի և այլ անհրաժեշտ միջոցների հատկացման մասով։

Աստիճանաբար մարդիկ սկսեցին դժգոհել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքներից, ՄԻՊ-ն էլ իր հերթին նախարարությանը հորդորեց «բացառել անպատասխանատու վերաբերմունքն» ու գիտակցել սեփական պարտականությունները։ Բայց նախարարությունում իրենց կատարած աշխատանքը գնահատում են կա՛մ «բարձր», կա՛մ «գերազանց»։

Հետք Մեդիա Գործարանի թիմը մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքը՝ փորձելով հասկանալ՝ ինչպե՞ս է նախարարությունն աշխատել պատերազմի օրերին և դրանից հետո, ինչպե՞ս է աջակցել արցախցիներին, ի՞նչ թերացումներ ու բացթողումներ են եղել։

 

«Ամեն օր պայթող արկերը մոտենում էին գյուղին։ Հիշում եմ՝ անձրևը, ցեխը, երեկոն նստեցինք մեքենան, եկանք Գորիս»,- այսպես է իր պատմությունը սկսում Վլադիկ Պողոսյանը։ Նա Հադրութի Քյուրաթաղ գյուղից է, Արցախյան առաջին պատերազմի վետերան է և հաշմանդամ. մի ձեռքը չի աշխատում։ Ասում է, որ ոչինչ չեն կարողացել վերցնել, նույնիսկ 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված իր որդու՝ փոխգնդապետ Ռոման Պողոսյանի լուսանկարը, որը հետմահու արժանացել էր «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանին։

Վլադիկի հինգ երեխաներից ողջ են 2-ը. առաջինը մահացել է վեց ամսականում, երկրորդը՝ երեք տարեկանում: Ռոմանը նրա երրորդ զավակն էր։

Չորրորդը դպրոցի տնօրեն, մաթեմատիկայի ուսուցիչ Արման Պողոսյանն է. նա ծանր վիրավորում է ստացել արդեն այս՝ 2020 թ. պատերազմի ժամանակ։

Վլադիկ Պողոսյանն ասում է, որ իրենց գյուղում իր 7 հոգանոց ընտանիքի՝ հարսների ու թոռների հետ «արժանապատիվ ապրել է»՝ կուտակելով բավականաչափ հացահատիկի, մեղրի, բերքի պաշարներ, ու մինչև վերջին պահը հրաժարվել է լքել գյուղը: Սակայն, երբ ադրբեջանցիներն արդեն մոտեցել են գյուղին, ստիպված են եղել թողնել իրենց տունը՝ գնալով Գորիս, ապա՝ Քանաքեռ՝ քրոջ որդու մոտ, որտեղ մեկ տան մեջ ապրել են 14 հոգով։

Հասկանալով, որ այդպես երկար չեն կարող ապրել, Վ. Պողոսյանը որոշում է տուն գտնել և տեղափոխել ընտանիքին։

«Զանգ էին տվել, որ Քանաքեռում կացարան կա (պետական աջակցության շրջանակներում, հեղ.)։ Քրոջս տղան գնաց, տեսավ, ասեց՝ ի՞նչ ես խոսում, ստեղ մարդ կմնա՞ (նկատի ունի վատ պայմանները, հեղ.)։ Էդ չեղավ։ Մի օր զանգել էին, ասեցին, որ Վահագնի թաղամասից վերև տեղ կա։ Ես ու Անյան (Վլադիկի հարսն է, հեղ.) տաքսի բռնեցինք, գնացինք։ Տեսա մի 50-60 հոգի, մարդ, կին, երեխա։ Հողի վրան դոշակները մատնած՝ էն մեծ-մեծ պետական դոշակները, դուռ, բան չկա: Ասեցի՝ ես ստեղ ո՞նց ապրեմ, կամ վիրավոր տղաս ո՞նց պառկի այս դոշակի վրա, հողի վրա՞։ Ասի՝ չէ, ձեռ չի տալիս, շնորհակալ եմ, մենք գնացինք»,- պատմում է Պողոսյանը՝ շարունակելով տուն փնտրել իր մեծ ընտանիքի համար։

Ասում է, որ Լոռիում ու Գյումրիում տարբեր անհատներ տուն են առաջարկել, սակայն քանի որ որդին՝ Արմանը, վիրավոր էր ու գտնվում էր Երևանի հոսպիտալում, պետք էր նրան խնամել, այդ պատճառով ցանկանում էին հենց Երևանում բնակվել, բայց հարմար կացարան չէին գտնում:

«Ասեցի տղայիս մոտից չեմ գնա, դրսում կքնեմ, չեմ գնա։ Չգնացի։ Օրերից մի օր լուր եկավ, որ շտաբ են բացել՝ Արցախի շտաբ։ Գնացի այդտեղ։ Մի հատ աղջիկ կար, ասեց՝ հլը ոչ մի բան չկա, համարը վերցրեց, ինքն էլ իրա համարը տվեց, ասեց՝ որ բան լինի, կզանգեն, մինչև հիմա զանգում են»,- պատմում է Վլադիկն ու հիշում, որ դրանից հետո իր մասին իմացել է մի ֆրանսահայ, որն Աբովյան քաղաքի (ք. Աբովյանի և Երևանի միջև հեռավորությունը մոտ 17 կմ, հեղ.) իր տունն է առաջարկել:

Մինչ օրս Վլադիկ Պողոսյանի ընտանիքն ապրում է այդ տանը։ Ընտանիքի ամենամեծ վախը անորոշությունն է. ի՞նչ է սպասում իրենց՝ աշխատանք չկա, որդին ծանր վիրավորվել է, կորցրել է աշխատունակությունը, իրենք էլ ամբողջովին մնացել են բարերարների կամ պետության աջակցության հույսին։

«Ոլորտը բավականին մեծ է, և բաց թողնված զանգեր շատ են լինում». «թեժ գիծ»՝ աջակցման առաջին փուլը

2020 թ. դեկտեմբերի 8-ի դրությամբ արցախցիներին տրվող աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 5 մլրդ 600 մլն ՀՀ դրամ։

Հայաստանում հայտնվելու և կացարան ստանալու առաջին փուլը սկսվում էր հենց «թեժ գիծ» ծառայություն դիմելուց (Կառավարության թեժ գիծ՝ 117, ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114) (հետագայում արդեն՝ Երևանի Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող ժամանակավոր կայանման կետ դիմելուց, որտեղ արցախցիները կարող էին մնալ 24 ժամ, մինչև իրենց կացարան կհատկացվեր

«Թեժ գիծը» կատարում էր հաշվառում, տրամադրում կացարան՝ հետևելով նաև, որ հետագայում արցախցիները ստանան սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ անհրաժեշտ օգնություն։

Հետագայում գործարկվեց նաև «Արցախի կառավարության օպերատիվ շտաբ»-ը՝ 81-38 կարճ հեռախոսահամարով, որը հիմնականում զբաղվել և զբաղվում է պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված Արցախի բնակիչների սոցիալական ու վարչական սպասարկման ու տարաբնույթ աջակցության հարցերով։

Նախ, փորձեցինք պարզել՝ ինչպե՞ս է իրականացվել հենց այս՝ աջակցման առաջին փուլը, ինչպե՞ս է աշխատել «թեժ գիծը» պատերազմի օրերին՝ զրուցելով նախարարության (ԱՍՀՆ) 114 «թեժ գծի» ղեկավար Հասմիկ Սարաջյանի հետ։

ԱՍՀՆ «թեժ գիծը» ստեղծվել է 2013 թ․-ին և պատերազմի օրերին, ըստ նախարարության, գործել է 24/7 աշխատանքային ռեժիմով։ Մինչ 2020թ մարտի 16-ը հայտարարված արտակարգ դրությունն այն ստանում էր օրական 10-50 զանգ, սակայն ռազմական դրության պայմաններում (2020թ. սեպտեմբերի 27, հեղ. ) զանգերի թիվը զգալիորեն ավելացել է՝ հասնելով օրական 2500-3000 զանգի, որոնք, ըստ Հասմիկ Սարաջյանի, «թեժ գծի» աշխատակիցները հիմնականում կարողացել են սպասարկել, սակայն եղել են նաև բաց թողնված զանգեր։

«Ռազմական դրության ողջ ընթացքում «թեժ գծի» աշխատանքը բավականին հագեցած է եղել, միևնույն ժամանակ՝ լի տարատեսակ դժվարություններով, որոնցից էին աշխատակիցների պակասը, միանգամից տարաբնույթ խնդիրների ի հայտ գալը, որոնց լուծումներ տվողներին պետք էր արագ իդենտիֆիկացնել և ուղղորդել քաղաքացիներին»,- պատմում է Հ. Սարաջյանը։

Սկզբում 114 «թեժ գիծն» ունեցել է 8 օպերատոր, սակայն ռազմական դրության պայմաններում նրանց են միացել նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաև կամավորներ, ընդհանուր՝ 35 հոգի։ Կամավորների ընդգրկման որոշումից անմիջապես հետո նրանց հետ մեկօրյա դասընթաց է կազմակերպվել՝ տեղեկացնելու, թե ինչ ոլորտի մասին է խոսքը, և ինչպես պետք է պատասխանել զանգերին։

Այնուամենայնիվ, կամավորներին ընդգրկելն էլ իր հերթին է առաջացրել որոշակի դժվարություններ, քանի որ նրանց հետ պետք էր անցկացնել հավելյալ աշխատանք՝ կատարվելիք աշխատանքին ծանոթացնելու համար, իսկ կամավորների նախնական բազա նախարարությունում մինչ այժմ ստեղծված չի եղել.

«Աշխատակիցների կարիք միշտ եղել է, անկախ նրանից՝ արտակարգ դրություն է, թե ոչ, քանի որ սոցիալական հարցերի ոլորտը բավականին մեծ է, և բաց թողնված զանգեր շատ են լինում, հետ են զանգվում որքան հնարավոր է, ինչը, ցավոք, բավարար չէ,- ասում է Հ. Սարաջյանը,- ռազմական դրության պայմաններում մշակվել են ուղեցույցներ պատերազմական իրավիճակի վերաբերյալ, որպեսզի աշխատակիցներն ավելի շուտ ընդգրկվեն աշխատանքում»։

ԱՍՀՆ 114 «թեժ գիծը» հասանելի է եղել տարբեր սոցիալական հարցեր լուծելու համար, սակայն հիմնականում զբաղվել է կացարանների հարցով։

Բացի կացարանի տրամադրման հարցերից՝ արցախցիները «թեժ գիծ» են դիմել կենսաթոշակների, նպաստների տրամադրման, աջակցության միջոցառումների, հումանիտար օգնության, ինչպես նաև զինվորներին վերաբերող հարցերով։

Հասմիկ Սարաջյանը նշում է, որ բավականին շատ զանգեր են ստացել հումանիտար օգնության համար, որը կազմակերպվել է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, ահազանգի դեպքում «թեժ գծի» աշխատակիցները փոխանցել են դրանք համապատասխան մարմիններին։

«Եղել են խնդիրներ կացարանի հետ կապված, օրինակ՝ քաղաքացիները չեն ցանկացել տվյալ կացարան գնալ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Մեր աշխատանքը բարձր եմ գնահատում՝ ելնելով այն աշխատանքից, որ կատարել ենք, որ տվյալ քաղաքացիների հետ խնդիրներ չունենանք, և իրենք իրենց ապաստանը պատշաճ ձևով ստանան։ Եթե բողոքել են իրենց տրված կացարաններից, դա ֆորմալ երևույթ է, քանի որ, հնարավոր է, իրենք ցանկանում էին Երևանում կացարան ստանալ, սակայն նրանց տրամադրվել է հարակից մարզերում»,- ասում է «թեժ գծի» ղեկավարը, թեև չի էլ հերքում, որ եղել են քաղաքացիներ, որոնք օգնություն չեն ստացել:

«Որոշ դեպքերում քաղաքացիները չեն պատասխանել իրենց կողմից նշված հեռախոսահամարներին, կամ գուցե իրենցը չի եղել և չեն կարողացել կապ հաստատել։ Քաղաքացին նորից է զանգահարել կամ այլ ճանապարհով է մեզ գտել, սա՝ հիմնականում կացարանի հետ կապված։ Սննդի հետ կապված պետք է գրանցվեին տեղական ինքնակառավարման մարմիններում և հետո ստանային օգնությունը, և հիմնական խոչընդոտները կազմակերպչական են եղել՝ մեկ-երկու օրվա, երբ տվյալ օրվա ընթացքում պետք էր սնունդ հասցնել քաղաքացիներին»:

Հասմիկ Սարաջյանը նաև նշում է, որ իրենց աշխատակիցները լուծել են արցախցիներին առնչվող խնդիրներն այնքանով, որքանով դրանք իրենց իրավասության ներքո են գտնվել, այլ դեպքերում դրանք վերահասցեագրվել են համապատասխան պետական մարմիններին։

Նա կարծում է, որ հետագայում «թեժ գիծը» պետք է այնքան զարգացնել, որ յուրաքանչյուր իրավիճակում շատ արագ, նույնիսկ՝ «ոչ աշխատանքային ժամերին դառնա «24 ժամ աշխատանքային»։

Մինչդեռ ԱՍՀ նախարարությունից մեզ հավաստիացրել են, որ «թեժ գծի» տեխնիկական արդիականացման շնորհիվ հնարավոր է դարձել արագ անցում կատարել 24/7 ռեժիմի։

 

«Չենք երաշխավորում, որ բոլորին հաշվառել ենք». կացարաններ և սնունդ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության վերջին՝ դեկտեմբերի 18-ի տվյալներով՝ մինչ օրս Արցախից Հայաստան է տեղահանվել 90 000 մարդ, թե քանիսն են վերադարձել Արցախ, միգրացիոն ծառայությանը հայտնի չէ, քանի որ ցուցանիշները դեռևս հստակ չեն։

ՄԾ հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը մեզ հետ զրույցում (հունվարի 25-ին, հեղ.) նշեց, որ դրանք հայտնի կլինեն առաջիկայում:

«Չենք երաշխավորում, որ բոլորին միանշանակ հաշվառել ենք, արել ենք մեր ուժերի ներածին չափով՝ առավելագույնը. մարդիկ, ովքեր չեն ցանկացել հաշվառվել, չեն հաշվառվել։ Վերադարձի և հիմա Հայաստանում գտնվող արցախցիների ցուցանիշը նոր է ֆիլտրվում, թիվը կունենանք մոտակա երկու տասնօրյակի ընթացքում»,- ասել է Ն. Դավթյանը։

ԱՍՀՆ-ից մեզ հայտնել են, որ արցախցիները ժամանակավոր հաստատվել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող 30-ից ավելի կացարաններում՝ հատկացված պետության կողմից։ Դեկտեմբերի վերջին դրանցում ապրել է ավելի քան 1000 հոգի. «Տեղեկացնում ենք, որ ներկայում (2020 թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ, հեղ.) ՀՀ տարբեր մարզերի կացարաններում ժամանակավոր բնակվում է 1000-ից ավելի արցախցի (խոսքը չի վերաբերում հյուրանոց/հյուրատներին)»:

Կացարանների բաշխմամբ զբաղվել է ԱՍՀՆ «Կացարանների համակարգման կենտրոն»-ը։ Այն ստեղծվել է 2020 թ. հոկտեմբերի 2-ին, որտեղ աշխատել է նախարարության և ենթակա կառուցների աշխատակիցներից ու կամավորներից ձևավորված թիմը։ Կեցության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները հիմնականում հավաքագրվել են 117 և 114 «թեժ գծերի» միջոցով ստացված հայտերով, մարզպետարանների և համայնքապետարանների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ միջոցներով։ Թեժ գծերի միջոցով օրական ստացվել է կացարանի շուրջ 250 հայտի ընդունում։

Կացարանային ֆոնդում ներգրավվել են պետական և համայնքային նշանակության շենք-շինությունները, հետագայում նաև՝ հյուրանոցներն ու հյուրատները։ Արցախցիների՝ կացարաններում տեղավորման գործընթացն իրականացրել է ԱՍՀՆ «Կացարանների համակարգման կենտրոն»-ը։

Թեժ գծին դիմելուց հետո աշխատակիցները կապ են հաստատել հենց այս կենտրոնի հետ, որի հիմնական գործառույթը կացարանի կարիք ունեցող մարդկանց կացարան առաջարկողների հետ կապելն էր։

Կենտրոնի համակարգող Դավիթ Դադալյանը պատմում է, որ սկզբնական շրջանում Արցախից Հայաստան էին տեղափոխվում ինքնաբուխ խմբեր, քանի որ տարհանման գործընթաց դեռ չէր սկսվել, բայց մարդկանց հոսքի մեծացմանը զուգընթաց ԱՍՀ նախարարությունում ձևավորվել է այդ կենտրոնը, որտեղ ներգրավվել են նախարարության, ենթակա ՊՈԱԿ-ների աշխատակիցներ և կամավորներ։

Դավիթ Դադալյանի խոսքով՝ սկզբում կացարանների պակաս է եղել, բայց այդ բացը հետագայում լրացվել է մասնավոր ընկերությունների, անհատերի շնորհիվ, որոնք զանգել և առաջարկել են իրենց կացարանները: 2020 թ. դեկտեմբերի 28-ի տվյալներով՝ այդ ժամանակահատվածում 50-ից ավելի ՀԿ և 40 բարեգործական-քաղաքացիական նախաձեռնություններ են աջակցել ԱՍՀ նախարարությանը։

«Նրանք էապես թեթևացրել են պետության վրա դրված բեռը։ Հյուրանոցներում և հյուրատներում արցախցիներին շատ լավ դիմավորել և տեղավորել են, բողոքներ շատ քիչ են եղել։ Ունեցել ենք մասնավոր ընկերություններ, որոնք աջակցել են սննդի տրամադրումով կամ տեղափոխությունների կազմակերպմամբ, օրինակ՝ Երևանից դեպի մարզեր»,- պատմում է Դ. Դադալյանը։ 

Խոսելով կացարանների պայմանների մասին՝ Դադալյանն ասում է՝ քանի որ արցախցիների հոսքն ի սկզբանե մեծ է եղել, և նրանց տեղավորումն իրականացվել է հնարավորինս արագ, որ «մարդիկ գոնե տանիք ունենան գլխավերևում», հնարավոր է և կացարանային պայմաններն առաջնահերթ չեն եղել, բայց եղած դժգոհություններին էլ լուծում է տրվել:

«Հիմնական բողոքները եղել են ընդհանուր օգտագործման տարածքների հետ կապված, օրինակ՝ սանհանգույցի, կամ ընդհանուր մեկ սենյակ են կիսել մեկ այլ ընտանիքի հետ, սակայն դրանք ժամանակավոր բնույթ են կրել, որքան հնարավոր է արագ այդ հարցերը լուծվել են, և վստահեցնում եմ, որ «թեժ գծի» բոլոր ահազանգերի հետքերով նախարարությունը գնացել է, և տրվել է լուծում։ Օրինակ՝ եղել են դեպքեր, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ընդհանուր օգտագործման սանհանգույցները և ընդհանուր պայմանները չեն համապատասխանել, մենք արձագանքել ենք տվյալ խնդրին և հնարավորության սահմաններում տեղափոխել ենք տվյալ մարդկանց առավել համապատասխան պայմաններով կացարաններ»,- ասում է Դ. Դադալյանը։

Նրա խոսքով՝ բացի կացարանների տրամադրումից, իրենց կենտրոնում եղել է նաև սոցիալական աշխատողների թիմ, որը զբաղվել է խոցելի ընտանիքների կարիքների գնահատմամբ և համապատասխան աջակցության ապահովմամբ։

Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա կենտրոնը «չի կատարել ծախսեր կամ գնումներ», և գումար չի հատկացվել կացարաններ վարձակալելու կամ գնելու և այլ գնումների համար. ամբողջ աշխատանքը հիմնված է եղել արդեն իսկ եղած միջոցների մոբիլիզացիայի վրա։

Այս ամենով հանդերձ՝ Դավիթ Դադալյանը «Կացարանների համակարգման կենտրոն»-ի աշխատանքը գնահատում է գերազանց. «Եղել են դժվարություններ, հուզումնալից պահեր, բայց, կարող եմ ասել, որ բոլորն էլ պատվով կատարել են իրենց գործը, որի համար ես շատ շնորհակալ եմ»։

Նրա խոսքով՝ այս ողջ ընթացքում աջակցել են մոտ 15 000 մարդու, որից 1000-ից ավելին այս պահին (հունվարի 20-ի դրությամբ, հեղ.) շարունակում են բնակվել կացարաններում։

ԱՍՀՆ-ից մեզ հայտնել են, որ պատերազմի ընթացքում իրենք երկօրյա պարբերականությամբ «Կացարանների տրամադրման կենտրոն»-ին են տրամադրել տվյալներ, թե արցախցիներն ինչի կարիք ունեն (տաքացուցիչներ, սպասք, տեխնիկական սարքավորումներ, մանկական սնունդ, հագուստ և այլն), ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ միջոցներ, իսկ մարզային պահեստներում իրականացրել են «բարձացված կարիքի ամենօրյա գնահատում»։

Ըստ ԱՍՀ նախարարության՝ «թեժ գծից» սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների կարիքների մասին ստացած տեղեկատվությունը ևս համակարգվել է՝ ճիշտ ուղղորդելու համար, և այդ տվյալները փոխանցել են մարզային կենտրոններ. սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների բաշխումն իրականացրել են հենց ՏԻՄ-երը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ հայտնեցին, որ սննդի և հիգիենայի փաթեթները տրամադրվել են հիմնականում 7-14-օրյա և ամսական պարբերականությամբ՝ կախված դրանց ծավալից և պարունակությունից։ Սննդային փաթեթի մեջ հիմնականում ներառված է ալյուր, կարտոֆիլ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ, հնդկաձավար և մի քանի պահածոներ։

Սննդային փաթեթների ձեռքբերման համար ՏԿԵ նախարարությունը 2021թ. հունվարի 29-ի դրությամբ՝ պետբյուջեից ծախսել է 830 մլն դրամ։

 

«11 օր շարունակ չկարողացանք կապվել «թեժ գծին»». արցախցիների կարծիքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասում են, որ արցախցիներին աջակցելու բոլոր դիմումները բավարարվել են հնարավորինս շուտ։ Թեև բողոքներ աջակցության տրամադրման այս ողջ գործընթացի ժամանակ եղել են, սակայն դրանք, ըստ ԱՍՀՆ մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանի, «պատշաճ ուսումնասիրվել և համապատասխան լուծում են ստացել»։

Արցախցիները մեզ հետ զրույցում պատմում են, որ եղել են դեպքեր, երբ կացարանի հայտը լրացնելուց հետո մեկ շաբաթ և ավելի պատասխան չեն ստացել, կամ, ասենք, տրամադրված կացարանում գիշերակացի համար ոչ բավարար պայմաններ են եղել, օրինակ՝ չի եղել ներքնակ, ծածկոց և այլն։

Այս դեպքերը, ըստ Զ. Մանուչարյանի, մեծամասնություն չեն կազմում. «Քաղաքացիների սննդի և այլ կարիքների ահազանգերը փոխանցվել են համայնքներ և Երևանի վարչական շրջաններ։ Որպեսզի ապահովվեր անհրաժեշտ կացարանների թիվը, քարտեզագրվել են նաև պետական ենթակայությամբ գործող, բնակության համար պիտանի բոլոր կազմակերպությունների շենք-շինությունները, հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ մատուցող ընկերությունները»,- ասել է նա։

Մենք զրուցել ենք Արցախից Հայաստան տեղափոխված 10 մարդու հետ՝ փորձելով հասկանալ, թե շփման ինչ փորձ են ունեցել ԱՍՀ նախարարության և «թեժ գծի» հետ։ Նրանք նշել են, որ դեռևս Արցախում իրենց ասել էին, որ հարցերի դեպքում պետք է դիմել «թեժ գիծ», բայց հարցվողների մեծամասնությունը միակարծիք էր. իրենց խնդիրներին լուծումներ շատ ուշ են տրվել, իսկ ոմանք էլ ասում էին, որ ընդհանրապես չեն կարողացել կապ հաստատել «թեժ գծի» հետ կամ հաստատել են, բայց բավարար օգնություն չէին ստացել։

Նրանք բոլորը պատմում էին, որ տարհանումը կազմակերպել են իրենց ջանքերով։

Հադրութի բնակիչ Երազիկ Ավանեսյանը մինչև պատերազմը Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետն էր, իսկ հիմա վարձով բնակվում է Երևանում։ Նա պատմում է, որ տարբեր հարցերով դիմել է «թեժ գիծ», սակայն դրանց լուծումներ այդպես էլ չեն տրվել. «Թաղապետարան դիմելուց հետո սննդի և հիգիենիկ պարագաների հետ կապված հարցերը կարգավորվեցին։ «Թեժ գծին» կապվել եմ, բայց ապարդյուն, «թեժ գծից» ակնկալիքները ավելին էին առցանց աջակցությունների գրանցման հետ կապված տարբեր հարցերով։ Խնդիրներին լուծումներ չեն տրվել»:

Շուշիից տեղափոխված և այժմ Երևանում բնակվող Անի Թադևոսյանը (անունը փոխված է իր իսկ խնդրանքով) պատմում է, որ Արցախից տեղափոխվել է զոռով` ծնողներրի ճնշմամբ, երեկոյան ժամի, երկու մեքենա փոխելով. այժմ բնակվում է Գյումրիում։

«Գրանցվեցինք մարզպետարանում և որպես աջակցություն ստացանք երեք անգամ չոր պայոկ և հիգիենայի պարագաներ,- ասում է Անին,- դիմել ենք բժշկական հարցերով, սակայն ապարդյուն։ Ժամանակը կապ չուներ, առհասարակ ոչ մի օգտակար պատասխան չստացանք, բայց, փառք Աստծո, սեփական ուժերով դիմեցինք Երևանի «Արթմեդ» հիվանդանոց, և շատ լավ սպասարկեցին։ Իմ խնդիրներին պետական միջամտությամբ լուծում չի տրվել, ինքս, անհատների, ընկերների, ծանոթների օգնությամբ լուծել եմ իմ խնդիրները»:

Արցախի մեկ այլ բնակիչ՝ Կարինա Պետրոսովան պատմում է, որ նույնիսկ չի կարողացել կապ հաստատել «թեժ գծի» հետ. «Հայաստան ժամանելուց հետո (հոկտեմբերի 7-ին) մենք մեր ուժերով կազմակերպեցինք մեր սեփական կարիքները հոգալու գործերը, ոչ մեկ ո՛չ դիմավորեց, ո՛չ էլ ուղղություն ցույց տվեց։ 114 «թեժ գծին» 11 օր շարունակ օր ու գիշեր զանգել եմ, նաև՝ իմ ընտանիքի անդամները, բայց ձևի համար մեկ անգամ չկարողացանք կապվել։ Քանի որ սոցապի հետ չենք կարողացել կապվել, կապվել ենք Երևանի թաղապետարանի հետ, և օր հետո մեզ են տրամադրել 2 բարձ և 1 վերմակ։ Իսկ խնդրիներին այդպես էլ լուծումներ չեն տրվել»,- պատմում է նա։

 

«Նախարարության հետ համագործակցությունը չի ստացվել». ՄԻՊ-ի արձանագրած բացթողումներն ու թերացումները

Պատերազմի առաջին օրերից տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու գործընթաց է ձեռնարկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, որն իր աշխատանքը կազմակերպել էր երկու հիմնական ուղղություններով՝ օժանդակել պետական մարմիններին իրենց գործառույթն իրականացնելու հարցում և վերահսկել այդ գործառույթների ճիշտ իրականացումը՝ ուսումնասիրելով մարդկանց դիմում-բողոքները, իրականացնելով քննարկումներ և մշտադիտարկումներ։

Արդեն հոկտեմբերի 28-ին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց՝ հորդորելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «բացառել անպատասխանատու վերաբերմունքը».

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»:

ՄԻՊ աշխատակազմի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչ էր նշանակում ՄԻՊ-ի այս հայտարարությունը։ 

Տ. Թոխյանը նշեց, որ թեև պատերազմի առաջին իսկ օրերից ստեղծվել է սոցիալական և նյութական աջակցության շտաբ, և իրենք հանդիպումներ են ունեցել ԱՍՀՆ-ի հետ, համագործակցության մեխանիզմներ մշակել, բարձրաձայնել հարցեր, որոնք արդեն իրենց հայտնի էին, իրենց համագործակցությունն ԱՍՀ նախարարության հետ չի ստացվել, քանի որ պատասխանատու անձինք չեն արձագանքել, և հաճախ ստիպված են եղել դիմում-բողոքները փոխանցել միայն «թեժ գծի» միջոցով, ինչը, ըստ Թոխյանի, անընդունելի է պետական կառույցների դեպքում:

«Բարձրացրել ենք այն հարցը, որ սոցիալական աջակցության մեխանիզմներ ներդրվեն, համապարփակ կարիքների պատշաճ գնահատում լինի, չափորոշիչներ սահմանվեն աջակցության, պատշաճ իրազեկում լինի, քանի որ դրանց բացակայությունը կբերի մարդու իրավունքների խախտման։ Տարբեր պայմանավորվածություններ են եղել, բայց համագործակցության մեջ խնդիրներ են եղել, պատշաճ չեն արձագանքել կառույցների տարբեր պատասխանատուներ, և մենք անգամ ստիպված ենք եղել միջամտել»,- նշում է Տ. Թոխյանը:

Հենց այդ համագործակցության ոչ պատշաճ լինելու պատճառով ՄԻՊ-ը ստիպված է եղել դիմել և տարբեր հարցեր լուծել առանձին անհատների, կամավորների և մասնավոր ընկերությունների միջոցով:

«Մշտադիտարկման այցերի շնորհիվ իմացել ենք, որ Արցախից եկած շատ մարդիկ տեղավորվել են մարզերում, և այդ մասին պետությունը տեղյակ չէ, հարցի բարձրացման ժամանակ պատճառաբանությունը հենց դա էր, որ իրենք չգիտեն, թե տվյալ անձինք որտեղ են և ինչ խնդիր ունեն։ Հետագայում, իհարկե, ստեղծվեց ժամանակավոր կայանման կետը»,- ասում է Տ. Թոխյանը՝ նշելով, որ այդտեղ ևս խնդիրներ են արձանագրել։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է աջակցման աշխատանքներում կամավորների ներգրավմանը, քանի որ, ըստ Թոխյանի, վերջիններս նույնիսկ իրենց պարտականությունները չգիտեին, հետևաբար չէին կարող պատշաճ օգնություն ցուցաբերել. «Շատ ողջունելի էր կամավորների օգնելու այդ մեծ ցանկությունը, սակայն նրանք գոնե պետք է վերապատրաստում անցած լինեին՝ տեղահանված մարդկանց հետ աշխատելու և կարիքների գնահատման հարցերով, ինչպես նաև իրենք չգիտեին իրենց իրավունքները և պարտականությունները, մենք դրան ականատես ենք եղել և նախարարությանը տեղեկացրել ենք այս խնդիրների մասին»։

Բացի դրանից՝ չնայած նրան, որ ժամանակավոր կայանման կետում միգրացիոն ծառայությունը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվյալների բազա էին վարում և ունեին առանձին կարիքների մատյան, կարիքների լիարժեք բացահայտում, գնահատում չէր արվում. չկային հստակ չափորոշիչներ ինչպես մարդկանց կարիքների բացահայտման, այնպես էլ կացարանների պայմանների և դրանց ընտրության հարցում։

Տաթևիկ Թոխյանն ընդգծում է, որ կացարանների տրամադրումն իրականացվում էր՝ առանց ինչ-որ չափորոշիչների, առանց հաշվի առնելու, թե, օրինակ, կա արդյոք այդ ընտանիքում վիրավոր զինվոր կամ հղի կին։

«Ընտանիքներ կային, որ ստիպված կիսվում էին, քանի որ բավարար տարածք չկար կացարաններում։ Կացարանների հետ կապված ասեմ, որ նախարարությունը ի սկզբանե չգիտեր, թե ինչ պայմաններ ունի կացարանը, և նշվում է, որ սա կա, սա չկա, բայց ի վերջո, դա լիարժեք չէ, և մարդը, օրինակ, Երևանից հասնում է Վանաձոր և հասնելով տեղ՝ չի ցանկանում այդ պայմաններում մնալ, ու ստիպված արդեն նոր տեղափոխություն պետք է իրականացնել, որը ռեսուրսների ավելորդ վատնում է։ Նախարարությանը հարց ենք տվել, թե տեղավորումից հետո գնահատում արվում է արդյոք, թե այդ մարդը ինչպես է ապրում տվյալ կացարանում. չէր արվում»,- պատմում է Թոխյանը։

Հետագայում այս հարցերին ավելացել է նաև կացարանների ջեռուցման կամ տաք ջրի բացակայության խնդիրը։

«Մենք հանդիպել ենք այդ խնդրին. կային ընտանիքներ, օրինակ՝ Արարատի մարզում, որ մի քանի օր չէին լողացել»,- նշում է Տաթևիկ Թոխյանը։

Ըստ ՄԻՊ-ի աշխատակազմի՝ պետությունը չէր կարողանում վերահսկել քաղաքացիների ներքին տեղափոխությունները։ Իսկ երբ աջակցման աշխատանքներին՝ սննդի ապահովման գործընթացին, միացան ՏԻՄ-երը, մշակված չափորոշիչներ չունենալը հանգեցնում էր նրան, որ մարդկանց չէր տրվում բավարար քանակով սնունդ կամ հիգիենայի պարագաներ:

«Սննդի բաշխման առումով խնդիր էր առաջանում այն ժամանակ, երբ ՏԻՄ-ը ընտանիքին սնունդ տալը ուշացնում էր, քանի որ սպասում էին սոցիալական աջակցության կենտրոնը կարիքների գնահատում աներ, նոր բաժանեին, ինչը ժամանակի ավելորդ կորուստ էր»,- ասում է Թոխյանը:

Թերացումներ են ի հայտ եկել նաև կենսաթոշակների վճարումների ժամանակ հոկտեմբեր ամսին. ցուցակներում եղել են անճշտություններ, չէին կազմակերպվել իրազեկման աշխատանքներ. ՄԻՊ-ի այցելությունների ժամանակ պարզվել է, որ նույնիսկ համայնքների ղեկավարները տեղյակ չէին իրենց գործառույթներից:

«Խնդիր էր նաև տվյալների հավաքագրումն ուշ սկսելը. չգիտեին մարդկանց թիվը՝ որտեղ է գտնվում անձը կամ ընտանիքը, ընտանիքի կեսը մի մարզում էր, մյուս կեսը՝ այլ»,- պատմում է Տ. Թոխյանը։

Հոգեբանական օգնությունն, ըստ ՄԻՊ աշխատակազմի, ևս ուշ սկսվեց իրականացվել. «Սկզբնական շրջանում ԱԻՆ-ն էր իրականացնում այդ օգնության կազմակերպումը, հետագայում արդեն «թեժ գծում» ավելացվեց ծառայությունը, սակայն գործընթացը կայուն և շարունակական չի արվել կամ այն նույն հոգեբանի միջոցով, որ արդեն ծանոթ է տվյալ անձին»,- ասում է Տ. Թոխյանը։

Քանի որ աշխատանքի սխալ բաժանման պատճառով տարբեր պետական կառույցներ «տեղյակ չէին իրենց գործառույթներից», ՄԻՊ-ի համար համագործակցության խոչընդոտներ են եղել նաև նրանց առնչվելիս։

 

Հետադարձ կապ. ի՞նչ են պատմում պետության աշխատանքի մասին սոցիալական ցանցերը

ՄԻՊ-ի արձանագրած այս խնդիրները հաստատում են նաև քաղաքացիները։ Պատերազմի առաջին իսկ օրերին շատ արագ ինքնակազմակերպվեց մասնավոր հատվածը. սոցիալական ցանցերում ստեղծվեցին արցախցիներին աջակցելու խմբեր, որտեղ սնունդից սկսած, վերջացրած կացարանով, մարդիկ փորձում էին օգնություն տրամադրել արցախցիներին։

Սակայն դրան անմիջապես հաջորդեց ԱՍՀՆ նախկին նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունը, որը սեպտեմբերի 28-ին ասաց, թե Արցախից Հայաստան տեղահանված քաղաքացիների համար պետք չէ օգնություն հավաքել կամ հանրային հարթակներում նրանց համար տներ փնտրել. նախարարությունն այդ ամենով կզբաղվի:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրականացրած մեր ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ ԱՍՀ նախարարությունից դժգոհություններ են եղել, քանի որ այն լիովին չի կատարել իր այդ պարտականությունները։

Օրինակ՝ որոշ դեպքերում արցախցիներին պետությունն առաջարկել է կյանքի համար ոչ պիտանի պայմաններ՝ հաշվի չառնելով, ասենք, բազմազավակ ընտանիքների կարիքները։

Ժամանակի ընթացքում ԱՍՀՆ-ից դժգոհությունները մեկնաբանություններում ավելանում են։ 

Հոկտեմբերի 20, 2020

«Ժող, 14 հոգանոց ընտանիքա, էսօր պահանջել են տարածքն ազատեն, 117 չի արձագանքում, որտեղ կարող ենք տեղավորել»:

Հոկտեմբերի 28, 2020

«Ստեփանակերտից եկած 4 հոգանոց ընտանիքը կացարանի կարիք ունի։ Այս պահին ունեն կացարան, բայց գետնին են քնում։ Գտնվում են Հրազդանում, քաղաքապետարան դիմել են, տեղ չկա»:

Հոկտեմբերի 30, 2020` թեժ գծի մասին

«Իրենց համարներով եթե ընկնես լավ է, էլ չեմ ասում, որ որևէ հարցի լուծումը օրեր է տևում, եթե լուծում են իհարկե»։

«Մարդիկ սոված ինչքան պիտի նստեն կամ կարիքի մեջ, որ մի տաս օրից մի բանով օգնե"ն: Չեն կարում նույնիսկ տարբեր աջակցող նախաձեռնություններին կոորդինացնել արդեն մի ամիս։ Իմ շատ ընկերներ էլ էլ չեն դիմում ուղղակի օգնում են, քանի որ անիմաստ ա»:

Նոյեմբերի 6-ին, երբ ԱՍՀ նախկին նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրեց, որ արցախցիները տարաբնույթ աջակցության համար կարող են դիմել Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբ (81-31 հեռախոսահամարով), քաղաքացիներից մեկն արձագանքեց, որ այդ համարը չի պատասխանում, մյուսն էլ պատասխանեց, որ միևնույն է, ոչնչից տեղյակ չեն:

«Գիտենք մեռանք զանգելով ոչ մեկ չի պատասխանում։ Ամբողջ օրը նույնն են ասում. ( բոլոր օպերատորները զբաղված են։)»
«մեկա որ պատասխանեն էլ, ինչ հարց տաք ասելու են տեղյակ չենք, չգիտենք»:

2020 թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ միանվագ 68 000 ՀՀ դրամ սոցիալական աջակցություն էր տրամադրվելու պետական բյուջեից աշխատավարձ չստացող քաղաքացիներին, որոնք նաև 18-58 զորակոչային տարիքում չէին (տղամարդկանց դեպքում)։ Երեխաներին ևս աջակցություն էր տրամադրվում, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվեր այս ծրագրի շահառու։

Եվս 15 000 դրամ հավելյալ տրամադրվում էր անշարժ գույք կորցրած արցախցիներին, որոնք Հայաստանում չունեին սեփական անշարժ գույք։  Աջակցությունը տրամադրվելու էր նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել էր Արցախ։

Բացի այդ, 300 000-ական ՀՀ դրամ է հատկացվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի քաղաքացիներին։ Գումար է հատկացվում նաև պատերազմի ժամանակ զոհված, վիրավոր զինծառայողներին (մինչ օրս գործում է սոցիալական աջակցության մոտ 20 ծրագիր

Ըստ նախարարության մեզ տրամադրած տեղեկությունների՝ իրենք պատշաճ կերպով ապահովել են արցախցիների կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների նշանակման, վերահաշվարկման, ստանալու իրավունքի վերականգման, վճարման վերահսկման դիմումների ընդունումը, իսկ «դժվարություններ ունենալու դեպքում» ապահովել են «դիմումի տպումը, լրացումն» ու անհրաժեշտ տվյալներն ուղարկվել են էլեկտրոնային փոստով։

«07.12.2020-ի դրությամբ 107 409 անձի համար գրանցվել է Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմում։ Ըստ այդմ՝ վճարման է տրամադրվել 73 140 անձի մասին տվյալներ, որից 72 602 անձի տրամադրվել է լրացուցիչ աջակցություն 15 000 դրամի չափով՝ սեփականության իրավունքով ՀՀ-ում գտնվող անշարժ գույք (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) չունենալու հիմքով»։

Ըստ սոցիալական ցանցերում մարդկանց արձագանքների՝ հաճախ են եղել դեպքեր, երբ հայտերը մերժվել են, տեխնիկական խնդիրների պատճառով մարդիկ ռեեստրում չեն հայտնաբերվել, գումարը քիչ է եղել, կամ դիմումն անհասկանալի պատճառներով մերժվել է։

Հատկապես հաճախ են եղել դեպքեր, երբ մեկ ընտանիքում ծնողների դիմումները բավարարվել են, երեխաներինը՝ մերժվել։ Մինչ օրս կան արցախցիներ, որոնք չեն կարողանում ստանալ իրենց անչափահաս երեխաներին հասանելիք ֆինանսական աջակցությունը։

Մանրամասն՝ ԱՍՀ նախարարության ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում.

Իսկ որոշ դեպքերում մարդիկ ընդհանրապես չէին կարողացել օգտվել աջակցման տարբեր ծրագրերից, քանի որ գրանցված չեն եղել Արցախում։

Լիլիթ Հայրապետյան. «Իսկ փաստացի Արցախում երկար տարիներ ապրած, չհաշվառված քաղաքացիները օդից եկած են, ոչնչից չեն կարող օգտվել...Գոնե երեխաների դպրոց-մանկապարտեզ հաճախելը ճշտել կարելի է։ Դա հենց ապացույց կլինի ընտանիքը Արցախից է, թե չէ»:

Սոնա Ղազարյան։ «Իմ տունը Շուշիում է, ամբողջ գույքս մեջն է մնացել 2 տարի է Հայաստան եմ տեղափոխվել հանգամանքների բերումով գրանցումս փոխել եմ, այսինքն՝ եթե հաշվարկված չեմ, ուրեմն կորցնում եմ ամեն ինչ»:

Ընդհանուր առմամբ՝ քաղացացիների հետ շփումն ամփոփելիս հարկ է նշել, որ հիմնական խնդիրը եղել է վստահության կորուստը ծրագրերի իրականացման անորոշ խոստումների և ոչ հստակ ժամկետներ նշելու պատճառով:

 

Պետության աջակցությունը՝ մասնավոր կազմակերպություններին

Պատերազմի առաջին իսկ օրերից մի շարք մասնավոր հյուրանոցներ/հյուրատներ ևս հյուրընկալեցին արցախցիներին, որոշները նաև հոգացին նրանց սնունդը և այլ կարիքներ։

Կառավարության նոյեմբերի 23-ի 1822-ն որոշման համաձայն՝ Հայաստանի տարածքում ժամանակավորապես տեղավորված Արցախի քաղաքացիներին կացարան տրամադրած հանգստյան տներին, հյուրանոցներին և հյուրատներին ֆինանսական աջակցություն է տրամադրվել՝ 2020 թ. հոկտեմբերի կոմունալ ծառայությունների՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի «առաջացած պարտքերը» մարելու համար։

Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր հատկացվել 127 մլն 121 հզր ՀՀ դրամ։

Նույն նպատակով՝ մեկ այլ՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 1987-Ն որոշմամբ՝ Կառավարությունը ՏԿԵՆ հատկացրել է ևս 3,18 մլն ՀՀ դրամ։

2021-ի հունվարի վերջին մենք կապ հաստատեցինք արցախցիներին աջակցություն տրամադրած մոտ մեկ տասնյակ հյուրատների հետ՝ պարզելու՝ արդյոք ստացել են այդ աջակցությունը։

Հյուրանոցներից մեզ հայտնեցին, որ կոմունալ ծախսերի փոխհատուցումները հիմնականում կատարվել են՝ բացառությամբ մի քանի դեպքերի, երբ դրանք կատարվել են մասնակի։

Օրինակ, «Լագունա» հոթել Վանաձոր, «Կիրովական հյուրանոց», «Վանաձոր Արմենիա» առողջարան, «Պարկ Ռեզորթ» Աղվերան, «Պիկնիկ հոթելզ», «Ավալոն», «Գայանե», «Օլդ սիթի հոթել» Ալավերդի, «Բարոն» հուրանոց, «Ռոյալ» հյուրանոցների մեծ մասը հաստատեցին, որ ստացել են փոխհատուցումներ այն ամիսների համար, երբ հյուրընկալել են արցախցիներին, այնուամենայնիվ, նշվածներից, օրինակ՝ «Գայանե» հյուրանոցի տնօրեն Սոնա Խուդինյանը նշեց, որ թեև վճարվել են հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների գազի և հոսանքի ծախսերը, ջրի վարձի գումարը դեռևս չի վճարվել. «Ասել էին, որ պետք է վճարված լինի, բայց վճարումը չի եղել։ Եթե մոտավորապես ասեմ, գազի վճարը մեկ ամիս եղել է 125․000 դրամ, մյուսը՝ 110․000 դրամ, իսկ հոսանքը եղել է 150.000 և 170․000, իսկ ջուրը պիտի որ քիչ լինի, ամեն ամիս ինչքան գիտեմ 20․000 է կամ 25․000»։ 

«Քեֆիլյան» հյուրանոցում հոկտեմբերից ապրել է 30-ից ավել արցախցի։ Հյուրանոցի տնօրեն Սարգիս Քեֆիլյանը մեզ հետ զրույցում ևս նշեց, որ կոմունալների մասով պետությունը որոշակի աջակցություն ցուցաբերել է, բայց սննդամթերքն ամբողջությամբ ապահովել են իրեք՝ սեփական ջանքերով. «Հոսանքի մասով փոխհատուցումները արվել են, պարենամթերքի մասով մենք լրիվ մեր ուժերով կազմակերպել ենք, չնայած եղել են մեր բարերարների հետ համագործակցության մասնավոր դեպքեր. մինչ օրս էլ մենք մեկ ընտանիք մեզ մոտ պահում ենք Հադրութից, տարեց մարդիկ են»։

«Բարոն» և «Ռոյալ» հյուրանոցների աշխատակից Արթուր Հովհաննիսյանը հունվարի 30-ին մեզ հետ զրույցում նշեց, որ նոյեմբեր ամսին պետությունն ամբողջությամբ կոմունալները վճարել է, բայց դեկտեմբերին վճարել են գազի վարձի կեսը, այժմ սպասում են էլեկտրաէներգիայի վարձի հատուցմանը. «Գազի 50%-ը վճարել էր պետությունը, մյուս 50-ը ես վճարեցի։ Այսօր էլեկտրաէներգիայի գումարը դեռ չեն վճարել, ես սպասում եմ, եթե երկուշաբթի մինչև օրվա վերջ մուծած կլինեն, ավելի լավ, եթե ոչ, ես կտանեմ, կվճարեմ։ Որքան հիշում եմ, միայն լույսը «Բարոն» հյուրանոցում բավականին մեծ թիվ էր կազմել՝ 80․000-ից ավել։ Էս պահին, ըստ խոստացածի, պիտի լույսն ու ջուրն էլ վճարած լինեին, սպասում ենք՝ տեսնենք»։

«Նաիրի» հյուրանոցից նշեցին, որ կոմունալների համար փոխհատուցում ստացել են նոյեմբեր ամսվա համար, դեկտեմբերինը և հունվարինը՝ դեռ ոչ, բայց երևի թե կստանան։ 

 

2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Զբաղվածության պետական գործակալության» զբաղվածության տարածքային կենտրոններ է դիմել 125 արցախցի, որոնցից 14-ը տեղավորվել է աշխատանքի, 3-ն ընդգրկվել է ժամանակավոր զբաղվածության ծրագրում։

Նշված ժամանակահատվածում ԱՍՀ նախարարությունը ֆինանսական միջոցներ չի ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

 

Հեղինակներ՝ Մելինե Ավագյան, Անդրանիկ Հարոյան, Հայկ Հովակիմյան

Համակարգող՝ Տաթև Խաչատրյան

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի և համացանցից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter