HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Պատերազմից հետո Հիմնադրամը տների կառուցման գումար չի հատկացրել Արցախին․ ինչ խնդիր կա Սարգսյանի և Արշամյանի միջև 

«Հայաստան համահայկական» հիմնադրամի միջոցներով Արցախում խոշոր քաղաքաշինական ծրագրերը չեն մեկնարկել։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը մեզ հայտնել էր, որ Հիմնադրամում «ինչ-ինչ խնդիրներ կան», որի պատճառով ֆինանսական հատկացումներն ուշանում են։

Արցախում գտնվելու ժամանակ մենք նաև տեղեկություն ստացանք, որ բնակարանաշինական խոշոր ծրագրերը չեն հաստատվում, քանի որ դրանց հաստատման համար անհրաժեշտ է նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությունը։ Իսկ Արմեն Սարգսյանի ստորագրության համար պետք է նրան դիմի Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Վերջինս չի դիմում Սարգսյանին, քանի որ նախագահը հրապարակավ դիմել էր Հիմնադրամի խորհրդի անդամներին՝ Հիմնադրամի ֆինանսական թափանցիկությունն ապահովելու ակնկալիքով։ Այսինքն, նա ակնկալում է, որ Կառավարությունը պետք է հաշվետու լիներ հանրությանը, թե ինչպես է ծախսել Հիմնադրամի այն միջոցները, որոնք հավաքագրվել էին պատերազմի ժամանակ։

Իրավիճակը պարզաբանելու նպատակով գրավոր դիմեցինք Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին՝ հարցնելով.

  • Կա՞ մի ծրագիր, որի ֆինանսական մասը չի հաստատվում, քանի որ հաստատման համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի ստորագրությունը։
  • Արդյոք դուք այդ հարցով դիմել եք ՀՀ նախագահին։
  • Վերջին անգամ ե՞րբ եք անմիջական հաղորդակցվել նախագահի հետ (հեռախոսազրույց, հանդիպում, փակ նամակագրություն)։

Մեկ օր անց Հիմնադրամից մեր հարցերից ընդամենը մի մասին պատասխանեցին։ «Ցուցաբերվող աջակցությունը կրելու է շարունակական բնույթ, ներկայում Հիմնադրամը մշակել և նախատեսում է Արցախում իրականացնել հումանիտար օժանդակության մեծածավալ այլ ծրագրեր: Այժմ մշակման փուլում են գտնվում տեղահանվածներին բնակարանով ապահովելու մի քանի ծավալուն ծրագրերի տարբերակներ, որոնք կքննարկվեն հոգաբարձուների խորհրդի կողմից, և կսկսվի իրագործման փուլը: Ինքս մշտապես խորհրդակցում եմ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների, այդ թվում նաև՝ խորհրդի նախագահի հետ»,– իր պատասխանում նշել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Կրկին դիմեցինք Հիմնադրամ՝ խնդրելով անպատասխան մնացած հարցերին եւս պատասխանել և հավելյալ երկու հարց ուղղեցինք․ 

  • Նոյեմբերի 9-ից մինչ օրս որքա՞ն գումար է Հիմնադրամը հատկացրել Արցախում պատերազմի հետևանքները վերացնելու ծրագրերին։
  • Հիմնադրամում առկա միջոցներից որքա՞ն գումար է նախատեսվում հատկացնել Արցախում նոր տներ կառուցելու ծրագրերի համար։

Հայկակ Արշամյանը երկրորդ հարցումից հետո պատասխանեց Արմեն Սարգսյանին վերաբերող հարցերին։ Նա ժխտեց նախագահի ստորագրության բացակայության վերաբերյալ խնդիրը, ապա հավելեց, որ Հիմնադրամի խորհրդի բոլոր անդամների և նախագահի հետ մշտապես կապի մեջ է։ Իհարկե, չպատախանեց հարցին, թե վերջին անգամ երբ է հաղորդակցվել Սարգսյանի հետ։ Արցախին հատկացվելիք և հատկացված միջոցների մասին հարցի պատասխանն էլ թողեց ապագային. հաշվետվություն կհրապարակեն, կտեղեկանանք։

Նույն հարցերն ուղղեցինք Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Նախագահի աշխատակազմից մեզ բանավոր հայտնեցին, որ ճշտումներ անելուց հետո հնարավորինս շուտ կպատասխանեն հարցմանը։ Մինչ մեր հարցմանը կպատասխանեին, նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 15-ին Մեծ Բրիտանիայից վերադարձավ Հայաստան և հաջորդ օրը հանդիպեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ։ Եվ մինչ նախագահականից մեր հարցման պատասխանի վրա էին աշխատում, հանդիպման մասին հաղորդագրություն տարածվեց հենց նախագահականից։

«Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Արցախում հումանիտար օժանդակության նախագծերը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ Հիմնադրամի կառավարման և գործունեության խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս ամենից հետո կրկին դիմեցինք նախագահական և վերջապես ստացանք մեր հարցման պատասխանը։

«Հիմնադրամի բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են, և որևէ ծրագրի հետ կապված խնդիր չկա:

Հանրապետության նախագահը Հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցերով, ըստ անհրաժեշտության, հաղորդակցվում է ինչպես Հիմնադրամի գործադիր տնօրենի, այնպես էլ հոգաբարձուների խորհրդի անդամների հետ: Բուժումից վերադառնալուց հետո նախագահն առաջին հանդիպումներից մեկն ունեցել է Հիմնադրամի գործադիր տնօրենի հետ՝ ս/թ փետրվարի 16-ին»,– ասված է մեզ ուղղված պատասխանում:

Հիմնադրամը որևէ հաղորդագրություն չի տարածել նախագահի հետ հանդիպման վերաբերյալ։

Մեկնաբանություններ (1)

any one in the west
That's why I didn't send money to this organization : we cannot trust anyone there. No transparency , no anti-corruption supervision , No honnesty NO CHRISTIANISM . Thieves, on each level . WHEN will there be positive changings in Armenia ?? ( I give some money to privates, directly )

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter