HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Իսրայել Հակոբկոխյանը կմնա ազատության մեջ, Արագած Ախոյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այսօր մերժել է Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը։ Գործով մյուս մեղադրյալների՝  ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի, «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանի, ռեժիսոր Արշակ Զաքարյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոցների հարցով Դատախազության բողոքների վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։

«Հետք»-ի հետ զրույցում Արագած Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ախոյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Մեզ հետ զրույցում Վահագն Չախալյանի պաշտպան Միքայել Շխիմյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի բողոքի քննությունն այսօր կայացել է և հետաձգվել մինչև փետրվարի 23-ը։ Չախալյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը քննում է դատավոր Արմեն Դանիելյանը։ Վերջինիս մակագրվել է նաև Շխիմյանի մյուս պաշտպանյալի՝ Տիգրան Չոբանյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը։ Այս գործով դատական նիստ է նշանակվել փետրվարի 22-ին։

Գործով մյուս մեղադրյալի՝ Արշակ Զաքարյանի պաշտպան Անժելիկա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Զաքարյանի խափանման միջոցի գործով նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Վերջիններիս մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք, մերժվել են։ Այս որոշումները Դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

Գործով մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter