HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կառավարության շենքը զավթելու փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Վ. Չախալյանի կալանավորման միջնորդությունը մերժվել է

Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված  5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին երեկ՝ հունվարի 29-ին մեղադրանք է առաջադրվել։ Քննչական կոմիտեն նրանց կալանավորելու միջնորդություններ է ներկայացրել դատարան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց գործում ներգրավված պաշտպաններից Միքայել Շխիմյանը։

Վերը նշված 5 անձինք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձը։

Դատարանը՝  նախագահությամբ դատավոր Վահագն Մելիքյանի, երեկ սկսել է Վահագն Չախալյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանի բողոքի և նրան կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդության քննությունը և որոշել Չախալյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել, իսկ նրան կալանավորելու միջնորդությունը՝ մերժել։ Միքայել Շխիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանը հանգել է հետևության, որ առկա չէ  հիմնավոր կասկած այն մասին, որ Չախալյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։

Նշենք, որ Չախալյանը  ջավախահայ քաղաքական գործիչ է, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդն, ով 2009թ.ին  դատապարտվել է վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման ջավախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար և հետագայում համաներմամբ ազատ արձակվել։

Մյուս մեղադրյալների խափանման միջոցի միջնորդությունների վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։

Արշակ Զաքարյանի պաշտպան Անժելիկա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, երեկ սկսել է Զաքարյանի ձերբակալման դեմ բողոքի և նրան կալանավորելու միջնորդության քննությունը, որը կշարունակվի այսօր։ Հակոբյանն ասաց նաև, որ Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մեղադրանքը չի ընդունել նաև բռնցամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։ Նրա գործով ևս երեկ դատական նիստը մեկնարկել ու հետաձգվել է, շարունակվելու է այսօր, ժամը 20:00-ին։ Հակոբկոխյանի պաշտպաններից Գոռ Սաղոյանն ասաց, որ իրենց բողոքն ու Քննչական կոմիտեի միջնորդությունը քննում է դատավոր Հարություն Մանուկյանը։

«Իրականության հետ աղերս ունի միայն այն, որ ինքը մասնակցել է հանրահավաքին, մնացածը հորինված է»,- մեղադրանքի վերաբերյալ նման դիրքորոշում հայտնեց Գոռ Սաղոյանը։

Այս պահին, նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, դատարանում քննվում է նաև գործով մեղադրյալներից՝ Արագած Ախոյանի ձերբակալման դեմ բողոքն ու նրան կալանավորելու միջնորդությունը։

Գործով մյուս մեղադրյալի՝ Տիգրան Չոբանյանի խափանման միջոցի հարցով ևս դատական նիստ է նշանակվել այսօր։

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter