HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդուարդը նռնակով պայթեցրել է իրեն, որ ընկերները կարողանան արագ նահանջել

Ռուսաստանի Դաշնությունից 2018 թ.-ին Հայաստան մշտական բնակության տեղափոխված Էդուարդ Գասպարյանը պայմանագրային հիմունքներով ծառայության էր անցել զինված ուժերում։ Արցախում սկսված պատերազմի առաջին օրերից ծառայակիցների հետ գտնվել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Ծառայակիցների հետ վերջին շփումը եղել է հոկտեմբերի 4-ին, երբ Էդուարդը վիրավորվել է։

Էդուարդ Գասպարյանի քաղաքացիական ընկերները նրա զոհվելու մասին իմացել են պատերազմից հետո, մարտերին մասնակցած զինծառայողներից։ Հոկտեմբերի 4-ին իր զինակիցների հետ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ Ջրականում մոտ տարածության վրա մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Ստացած խնդիրը կատարելու ժամանակ իրավիճակն այլ ընթացք է ստացել, հակառակորդը թևանցում է կատարել, ճակատային երկու գրոհ ձեռնարկել, որը տղաները հետ են մղել՝ տալով երկու վիրավոր։ Նույն օրը երեկոյան, վատ տեսանելիության պայմաններում հակառակորդը կրկին հարձակվել է, նրանց նկատել են մոտ 50 մետրից և մարտի բռնվել։ Մեր տղաներին հրահանգվել է ընդհանուր նահանջ կատարել։ Նկատել են, որ Էդուարդը վիրավոր է, տղաներից մեկի օգնությամբ փորձել են 6 հոգանոց խմբով նահանջել։

Տեղանքին քիչ թե շատ ծանոթ հրամանատարը արագ բացատրել է նահանջի ուղղությունը, որպեսզի իր հնարավոր զոհվելու պարագայում նրանք կարողանան ճիշտ ուղղությամբ գնան և շրջափակման մեջ չընկնեն։ Վիրավոր վիճակում գտնվող Էդուարդին նստեցրել են մի թփի տակ, ապա որոշակի տարածություն առաջանալով՝ դիտարկել նահանջի ուղղությունը։ Էդուարդը տղաներին ասել է՝ մոտ չգաք, նռնակի օղակը քաշել եմ ձեռքումս։ Կարճ ժամանակ անց լսել են պայթյունի ձայնը։

Էդուարդն այդ քայլին է գնացել, որպեսզի ընկերներն ավելի արագ նահանջեն, քանի որ նահանջելուց վիրավոր տեղափոխելն ավելի կդանդաղեցներ ընթացքը։

Նահանջած զինծառայողները հաջորդ օրը առաջադրանք են ստացել նույն դիրքի մոտակայքում գործողություններ իրականացնելու։ Փորձել են մոտենալ Էդուարդի գտնվելու վայրին, սակայն պարզվել է՝ դիրքում հակառակորդն է, որից հետո հրետանային հարվածներ են տեղացել հարակից ձորում։ 

Պատերազմական գործողությունները նոր թափ են հավաքել, հակառակորդը, առաջխաղացում ունենալով, այդ դիրքերը մինչ օրս պահում է իր հսկողության տակ։

Ծառայակիցները, պատերազմից հետո իմանալով, որ Արցախի ԱԻՆ-ի հետ հնարավոր է որոնողական աշխատանքներին մասնակցել, միացել են նրանց։ Երկու անգամ գնացել են Ջրականի այդ հատվածը, փնտրել Էդուարդին։ Պայթունի տեղը գտել են, բայց Էդուարդին գտնել չեն կարողացել։

Եղբոր զոհվելու մասին քույրը՝ Ասյան, իմացել է հոկտեմբերի 6-ին, զարմիկի հետ հեռախոսազրույցից։ Մորը՝ տիկին Եվգենիային, չի ասել իմացածի մասին, սպասել է մեկ ամիս։ Էդուարդի անունը փնտրել են զոհվածների ցանկերում, բայց չեն գտել։ Մայրը մինչ օրս էլ չի հավատում որդու զոհվելու մասին լուրին։ Երկու անգամ ԴՆԹ հետազոտություն են անցել, որպեսզի պարզեն՝ մինչ օրս մարտի դաշտից դուրս բերված աճյուններում իր որդու աճյունը կա, թե ոչ։ Դեռ պատասխան չեն ստացել։

Մայրը որդուն բնորոշում է որպես շատ կազմակերպված, տարբերվող։ Որդուն հորդորել է թողնել բանակը, վերադառնալ Մոսկվա, սակայն որդին որոշել էր մնալ բանակում և իր բաժին փոփոխությունը կատարել։ Էդուարդը 2018 թ.-ին էր վերադարձել Հայաստան՝ երկրում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված։

«Ասում էր այն, ինչ անում եմ այս երկրի համար, կգնամ, կանեմ իմ երկրի համար»,- որդու խոսքերն է մեջբերում տիկին Եվգենիան։

Էդուարդի ընկերներից Նարինեն նշում է, որ նա կանխատեսել էր պատերազմը։ 2020 թ.-ի հուլիսյան իրադարձություններին Էդուարդը նույնպես ներգրավված էր։ Այդ ժամանակ Նարինեն հարցրել է նրան՝ հանգստացա՞վ իրավիճակը սահմանին։ Պատասխանել է՝ հիմա այո՛, բայց մոտ ժամանակներում ուժեղ կռիվ է սկսվելու, պետք է պատրաստվենք։ Վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 1-ին։ «Ասեցի՝ գալու ես չէ՞, ասեց՝ հա, իհարկե, մենք տղաներով արդեն խոսել ենք՝ ով մահանա, դավաճան է։ Դրանից հետո գրում էի, չէր պատասխանում, ցուցակներում էի անունը նայում, չկար»,- նշում է Նարինեն։

Էդուարդը մանուկ հասակում ֆուտբոլով է զբաղվել, հետո մարզչի հետ խնդիրներ է ունեցել և թողել։ Այնուհետև 23 տարեկանում փորձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվել՝ իմանալով, որ տարիքն անհամատեղելի է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հետ՝ շարունակել է մարզումներն առանց հեռահար նպատակների։

Մանկության ընկերներից մեկը՝ Էդուարդը, նույնպես մասնակցել է պատերազմին։ Բոլորովին այլ ուղղությունում է եղել։ Պատերազմից հետո է իմացել ընկերոջ հետ պատահածի մասին։ Սկզբնական շրջանում, երբ հեռախոսով խոսել են, հարցրել է, թե որտեղ է ընկերը, սակայն պատասխան չի ստացել։ Ասում էր՝ ծառայողական գաղտնիք է, հետո կտեսնվենք, կասեմ։ «Ինքը տարվել էր ծառայությամբ։ Սկզբում դժգոհում էր, բայց հետո կապվեց»,- նշում է Էդուարդը։

Էդուարդը Հայաստանում բնակվում էր հորաքրոջ՝ Անահիտ Գասպարյանի հետ։ Սակայն 2020 թվականի ամռանը նա տուն է գնել հորաքրոջ համար և առանձնացել։ Հորաքույրը մտածել է, որ եղբոր որդին, հավանաբար, պատրաստվում է ընտանիք կազմել։ Անահիտ Գասպարյանը հիշում է, որ Արաբկիրում, որտեղ անցել է Էդուարդի մանկությունը, ծառ էր տնկել։ «Ասում էր՝ պտուղ է տվել, պետք է համը տեսնես, հետո հանդիպեցինք՝ ասեց, հորքուր ջան, քաղել են, չհասցրեցի։ Ոչինչ, ասում է, մյուս տարի շատ կլինի երևի»,– զրույցը վերհիշեց հորաքույրը։

Էդուարդ Գասպարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter