HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մինչև օրս 14 մլրդ դրամի հատուցում է կատարել 

Հիմնադրմանից (2017թ.) մինչ այսօր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 1528 ընտանիքի միանվագ և երկրաժամկետ փոխհատուցում է կատարում։ Նրանք հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են։ Կատարվել է շուրջ 14 մլրդ դրամի հատուցում։ 

Այս մասին այսօր (փետրվարի 23) լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: 

Հատուցումներ են կատարվում 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար, ինչպես նաև՝ պետական բյուջեի հետ համաֆինանսավորում է կատարվում 2008-2016 թվականների դեպքերի համար։ 

Հատուցումները կատարվում են ինչպես միանվագ՝ 5 կամ 10 մլն դրամի չափով (կախված է զինվորական կոչումից), այնպես էլ՝ 20 տարի շարունակ ամսական 100-300 հազար դրամի չափով

Միայն վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված, հաշմանդամության կարգ ստացած կամ անհետ կորած զինծառակողների 1111 ընտանիքի  հատուցում է տրվել։ Նրանք ներառված են վերևում նշված 1528 ընտանիքի կազմում։ Կատարվել է շուրջ 12 մլրդ դրամի հատուցում։

Այսինքն՝ հիմանդրամի ստեղծման օրվանից մինչև օրս կատաված ֆինանսական  հատուցումների 86%-ը վերջին պատերազմում ծագած դեպքերով է։ «Քանի որ մենք ստանձնել ենք 20 տարվա պարտավորություններ, հետևաբար՝ այդ հատուցումների գումարը տարեցտարի աճելու է»,- նշեց Վարուժան Ավետիքյանը։

Հիմնադրամն այս պահին իրականացնում է երեք հիմնական ծրագիր։

Առաջինը բուն ծրագիրն է՝ միանվագ և երկարաժամկետ հատուցումների տրամադրումը զոհված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանադմություն ստացած և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Խոսքը վերևում նշված 1528 ընտանիքի մասին է։

Բացի այդ, վերջին ՝ 44-օրյա պատերազմից հետո ևս երկու ծրագրեր են կազմվել, որոնք «Կամուրջ» անվանումն են ստացել։ Դրանք ուղղված են ծանր վիրավորում ստացած, ինչպես նաև՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցելուն։ Ծանր վիրավորում ստացած զինծառայողները բուժմանից միայն որոշ ժամանակահատված հետո են ստանում  հաշմանդամության կարգը՝ բուժվում են, ապաքինվում, փորձաքննություն անցնում և նոր միայն կարգ ստանում։ Այդ ընթացքում նրանց հիմնադրամի միջոցներով տրվում է ֆինանսական աջակցություն։ Այդպիսի ընտանիքների թիվն այսօր 803 է։ Հատուցումը կատարվում է կես տարով՝ ամեն ամիս 300 հազար դրամով։ 

Երկրորդ «Կամուրջ» ծրագիրը անհետ կորած զինծառայողների ընտանիքներին է ուղղված։ Այն ընտանիքներին, որոնք ունեն զինծառայող, որի գտնվելու վայրն առայժմ անհայտ է, աջակցություն են ստանում, քանի դեռ դատարանը նրանց զինծառայողին անհետ կորած չի ճանաչել։ Ընտանքիներին ամսական տրվում է 300 հազար դրամ հատուցում։ Երբ զինծառայողը անհետ կորածի  իրավական կարգավիճակ է ստանում,  աջակցության չափերը փոխվում են։ Նման ընտանիքների թիվն այսօր 55 է։ 

«Անհետ կորած զինծառայողների թիվը նվազում է։ Ոմանք վերադառնում են, նրանց մեջ կարող են լինել գերիներ, որոնց գտնվելու վայրի մասին նախկինում տեղեկություններ չկային։ Հաճախ լինում ենք դեպքեր, երբ ցուցակով ստանում ենք տվյալ զինծառայողի անունը, բայց մի քանի շաբաթ անց պարզվում է, որ արդեն իսկ հուղարկավորվել է զինծառայողը, այսինք ՝ գտնվել է կամ նույնականացրել են։ Ցավոք սրտի, ունենք զոհեր, որոնց նույնականացումը ուղղակի տեսնելով հնարավոր չէր։ Այդպիսով, նրանց անունը «Կամուրջ» ծրագրից տեղափոխում ենք արդեն հիմնական ծրագիր»,- նշեց Վարուժան Ավետիքյանը։

Այսպիսով, «Կամուրջ» ծրագրի շահառու են դառնում այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու։ Նույն ծրագիրը հատուցումներ է տրամադրում նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

Հատուցման դիմումների համար պետք է դիմել համայնքապետարաններ ու թաղապետարաններ

Զոհված, հաշմանդամության կարգ ստացած կամ անհետ կորած զինծառայողների ընտանքիների համար հատուցում ստանալու դիմումների վաղեմության ժամկետներ նշված չեն։ «Հատուցման դիմումների ժամկետային սահմանափակումներ չեն գործում, երբ էլ դիմեն, մենք հատուցումը կատարելու ենք: Ովքեր, որ չեն հասցրել դիմել, խորհուրդ կտամ կապվել իրենց բնակության վայրի, համայնքապետարանի, թաղապետարանների հետ և դիմումները ներկայացնել։ Մենք խնդրել ենք մեր համայնքային գործընկերներին, որ նրանք ևս աշխատանք կատարեն՝ գտնեն շահառուներին»,- ասաց Վարուժան Ավետիքյանը։

Հարցին՝ ի՞նչ պետք է անի քաղաքացին, եթե թաղապետարանները պատշաճ ուշադրություն չեն դարձնում դիմումներին և ընթացք չեն տալիս, հիմնադրամի տնօրենը շեշտեց, որ այդ դեպքում կարող են գրություն ուղարկել հիմնադրամին՝ նշելով թե կոնկրետ որ թաղապատերանն է և որ զինծառայողի հարցով է դիմումը ոչ պատշաճ ուշադրության արժանացել, «որպեսզի մեղադրանքը մերկապարանոց չհնչի»։ 

Հիմնադրամի միջոցների  79%-ը պարտադիր դրոշմանիշային վճարներից է գոյացել

Ստեղծման օրվանից մինչ այսօր հիմնադրամում հավաքագրված միջոցները կազմել են մոտ 40.6 մլրդ դրամ, որից մոտ 32 մլրդ դրամը (ընդհանուրի 79%-ը) գոյացել է գրանցված աշխատողների պարտադիր դրոշմանիշային վճարներից, իսկ 8.6 մլրդ դրամը՝ նվիրաբերություններից։ 

Նվիրաբերություններ են կատարվում ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ աշխարհի շուրջ 60 երկրից։ Դրանց մեծ մասը ստացվել է վերջին պատերազմի օրերին և դրանից հետո՝ շուրջ 7.5 մլրդ դրամ։

Թե որքան գումար է ստացվել 2021 թվականի հունվարին՝ աշխատողների պարտադիր դրոշմանիշային վճարների գծով, ըստ Վարուժան Ավետիքյանի, հիմնադրամը դեռևս չի ամփոփել։ Այդ տվյալները հայտնի կդառնան առաջին եռամսյակի վերջում կատարվելիք ամփոփումից հետո։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո հայտնի դարձավ, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար չեն հատուցումներ կատարելու համար։ Մի քանի փուլով կատարված փոփոխություններից հետո գրանցված աշխատողներից ամսական գանձվող 1000  դրամները բարձրացվեցին՝ պրոգրեսիվ սանդղակով։ 

2021թ. հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները ֆիզիկական անձանց համար կատարվում են հետևյալ դրույքաչափերով.

  • Մինչև 100 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 1500 դրամ
  • 100 001-ից մինչև 200 000 դրամի դեպքում՝ 3000 դրամ
  • 200 001-ից մինչև 500 000 դրամի դեպքում՝ 5500 դրամ
  • 500 001-ից մինչև 1 000 000 դրամի դեպքում՝ 8500 դրամ
  • 1 000 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ 15 000 դրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter