HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գարիկը միշտ իր խոստումը պահում էր, դրա համար էլ հետ գալ չխոստացավ»,- ասում է մայրը

Արարատի մարզի Լուսառատ համայնքի գլխավոր փողոցում սև ժապավեն է կախված։

Վրան Գարիկի անունն է գրված։ Գարիկ Գուլբանդյանը զոհվել է հոկտեմբերի 11-ին Հադրութում։ Հունվարի 11-ին ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել է նրա աճյունը։ Նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 11-ին։ Ծառայում էր «Մարտունի 2» զորամասում։ 

Հայրը՝ Համլետ Գուլբանդյանը, որդու աճյունը գտնելու նպատակով նոյեմբերի 13-ից մասնակցել է որոնողական աշխատանքներին։ «Հայտնաբերելուց հետո անճանաչելի մարմինները կոդավորվում են ու ուղարկվում Երևան, թյուրիմացություն է եղել, կոդերը խառնվել են, հետո ԴՆԹ-ի միջոցով հայտնաբերել ենք Գարիկի մարմինը։ Իր հետ միասին զոհված տղաների աճյունները մենք գտել ենք Հադրութի տարածքից, գիտեինք, որ Գարիկի մարմինն էլ է այդ օրը Երևան ուղարկված աճյունների մեջ »,-ասում է հայրը։

Գարիկը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Անօդաչուն հարվածել է այն մեքենային, որը  վարում էր Գարիկը։ Նա մեքենայում մենակ չէր, Գարիկի հետ մեքենայում են եղել մի քանի զինվորներ, որոնք նույնպես զոհվել են։

Համլետը շատ խոսել չի ուզում, Գարիկի մասին պատմելիս նրա աչքերը լցվում են, փորձում է թաքցնել հուզմունքը։ Կնոջը՝ Արմինեին խնդրում է, որ զրույցն ինքը շարունակի։

Գարիկի աճյունը հարազատները ստացել են հունվարի 13-ին։ Նրան հուղարկավորել են Լուսառատի գերեզմանատանը՝ հունվարի  14-ին։

«Գարիկը զինվոր էր ուզում դառնալ, ասում էինք` հա, բալես, զինվոր միևնույն է դառնալու ես, բա զինվորից  բացի ի՞նչ ես ուզում դառնալ, ասում էր` չէ, մենակ զինվոր․․․զինվոր էլ մնաց»,- Գարիկի մանկության մասին է պատմում մայրն ու արտասվում։ 

Ծառայության ժամանակ նա վարորդ էր։ Որոշել էր զորացրվելուց հետո շարունակել ծառայությունը որպես պայմանագրային զինծառայող։ 

Հայրն ասում է, որ Գարիկն ավելի շատ կապված էր մոր հետ։

«Ես իմ տղայի մասին ի՞նչ ասեմ, դուրս եկեք, գյուղացիներից հարցրեք, իրենք կպատմեն, թե ինչ երեխա էր իմ Գարիկը։ Ընկերասեր էր, բարի, կամեցող»,-ասում է մայրը։

Գուլբանդյանները Գարիկից բացի եւս մեկ որդի ունեն։ Գարիկն ու Արթուրը շատ տարբեր են։  Գարիկը սիրում էր գուղը, որոշել էր ընդմիշտ գյուղում մնալ։ 

Արթուրը պայմանագրային զինծառայող է։ Պատերազմի ընթացքում նա էլ է եղել պահեստազորայինների կազմում, բայց Արցախ չի գնացել։ Ասում է, որ Գարիկը հեռախոսով շատ կարճ էր խոսում։ «Չէր ծավալվում, հարցնում էր՝ ո՞նց եմ, ինքն ասում էր լավ է, իր մոտ ամեն ինչ կարգին է ու անջատում էր հեռախոսը»,-պատմում է նա։

Հոկտեմբերի 10-ին Գարիկը 3 անգամ զանգել է, մայրն ասում է՝ այդ օրը Հադրութ առաջադրանքի են գնացել, դրա մասին ընտանիքը հետո է իմացել՝ զինակից ընկերներից։

Վերջին անգամ մոր հետ խոսելիս ասել է, որ լողացել են, շարժական բաղնիքներ են տարել դիրքեր։ Գարիկն ասել է, որ դրանից առաջ մոտ 2 շաբաթ չէին լողացել։ Տեղեկացրել է, որ ապահով վայրում է, որ չի մասնակցում որևէ գործողության։ Հետո զորամասից իմացել են, որ  13 օր անընդհատ ղեկին էր, ՄՈԲ էր տեղափոխում։ Այդ օրն էլ մեքենայով զինվորներ է տեղափոխելիս եղել, երբ ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։

«Չէր սիրում, որ լացում էի։ Արթուրը որ ծառայում էր, հանկարծ մի օր չէր զանգում կամ ուշացնում էր զանգը, սկսում էի անհանգստությունից լացել, ասում էր՝ հեսա կզանգի, չլացես, որ ես գնամ չեմ զանգելու, ասում էի՝ ինչի՞, ասում էր՝ Արթուրը քեզ վատ ա սովորեցրել, մի օր չի զանգում սկսում ես լացել, ես չեմ զանգելու։ Հետո որ զորակոչվեց բանակ, զանգում էր, ասում էի՝ բա ասել ես չեմ զանգելու, ասում էր՝ դե, մամ ջան, չի լինի չզանգել, կարոտում եմ։ Իրենք գիտեն, որ եթե ինձ  ինչ-որ բան են խոստանում, պիտի անպայման պահեն իրենց խոստումը։ Գարիկը միշտ պահում էր իր խոստումը, դրա համար էլ հետ գալ չխոստացավ»,-ասում է մայրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter