HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Իշխանության կողմնակիցները Փաշինյանի կոչով Հանրապետության հրապարակում են

Այսօր՝ փետրվարի 25-ի առավոտյան, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Կառավարության հրաժարականը։

Հայտարարությանն ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Կոչից րոպեներ անց Հանրապետության հրապարակում հավաքվում էին իշխանության աջակիցները։

«Անկախ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից՝ մենք գործ ունենք հակասահմանադրական գործունեության հետ, ու այդ գործողությունները կատարվել են Զինված ուժերի շտաբի նախկին պետի կողմից»,- այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը, միևնույն է, ստորագրելու է Օնիկ Գասպարյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշումը:

«Ցանկացած պարագայում, նա դա ստորագրելու է կամ արդեն իսկ ստորագրել է, չգիտեմ, բայց խնդիրն այն է, որ Զինված ուժերը, ըստ ՀՀ Սահմանադրության, ունեն պարտավորություն քաղաքական հարցերում պահպանել չեզոքություն, սա նրանց սահմանադրական պարտավորությունների ակնհայտ խախտում է»,- ասում է նա։

Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ինքը Հանրապետության հրապարակ է եկել պաշտպանելու ՀՀ Սահմանադրությունը։  

Ալեքսանյանը հայտնեց նաև, որ Հայաստանի տարբեր մարզերից քաղաքացիներ են գալիս հրապարակ։ Նրա խոսքով՝ ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ակցիայի մասնակից Արփինե Սերոբյանը հայտնեց, որ ինքը հրապարակ է եկել՝ հավատալով Նիկոլ Փաշինյանին, քանի որ վստահ է՝ վերջինս կատարելու է իր խոստումները։

«Ինքն այն մեկն է, ով կարող է ինչ-որ բան փոխել, ուղղակի պետք է մի քիչ խիստ լինի»,- ասում է նա։

Հրապարակում էին նաև ընդդիմության ներկայացուցիչներ, ժամանակ առ ժամանակ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև բախումներ էին սկսվում։ Կառավարության շենքը հսկում է ոստիկանության շարասյունը։

Լուսանկարները՝ Աստղիկ Ակոբյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter