HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դ․ Պեսկով․ «Պուտինի հետ զրույցից հետո Փաշինյանը եզրահանգել է, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» մասին»

Կրեմլը բավարարված է այն հայտարարություններով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եզրահանգել է, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» մասին։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի վերաբերյալ աղմուկ բարձրացավ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Արմնյուզ» հեռռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո։ Սերժ Սարգսյանը մեղադրել էր գործող իշխանություններին այն բանի համար, որ նրանք արցախյան 2020թ․ պատերազմի առաջին օրերին չեն կիրառել «Իսկանդերներ»։ Այս հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում արձագանքել էր Սարգսյանի հայտարարությանը՝ բառացիորեն նշելով հետևյալը․ «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

Փաշինյանի այս խոսքերը բուռն քննարկումների առիթ դարձան թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ արցախյան հակամարտության ընթացքում «Իսկանդեր» համալիրներ չեն կիրառվել։

Արդեն այսօր՝ մարտի 1-ին, վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների կիրառման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը:

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- նշել էր Մանե Գևորգյանը:

Արձագանքելով Մանե Գևորգյանի հայտարարությանը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է․ «Շատ կարևոր է, որ այս հարցում ճշտմարտությունը վերականգնվեց»։

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter