Գանձասարի մատենադարանի ձեռագրերի ու արխիվային փաստաթղթերի ժամանակավոր ցուցադրությունը Երևանում
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մարտի 2-ին բացվեց «Արցախի ձեռագրական արվեստը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Արցախի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի» ձեռագրերը: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Գանձասարի մատենադարանի ողջ հավաքածուն՝ ավելի քան 100 ցուցանմուշ, տեղափոխվեց Երևան:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունը բացում են շատ հակասական զգացումներով: Տնօրենը պատմեց, որ երբ 2015 թ. նշվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը և Մատենադարանն այդ առթիվ մեծ ցուցադրություն էր պատրաստում, որոշվեց ցուցադրել այն ձեռագրերը, որոնք 1915-16 թթ.-ին փրկվել էին հիմնականում Վասպուրականից ու Տարոնից, այն ժամանակվա Գևորգ 5-րդ կաթողիկոսի ղեկավարությամբ: Նվիրյալ հոգևորականներն ու մտավորականները ամենահեռու քարայրներից ու թաքստոցներից դուրս բերեցին ձեռագրերը և մեծ դժվարություններ հաղթահարելով՝ բերում էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:
«Այդ ժամանակ, մենք բոլորս հիշում էինք այդ նվիրյալներին և այն մեզ թվում էր շատ հեռավոր մի պատմություն, անցայլի մի հուշ, որը մեզ հետ կապ ունի, բայց ինչ-որ տեղ գոյություն ունի մեզանից անջատ: Մեզնից ոչ ոք չէր պատկերացնի, որ դրանից ընդամենը 5 տարի անց, մենք ինքներս ականատեսը, նույնիսկ մասնակիցը պիտի լինենք նույնանման ողբերգական երևույթների»,- նշեց Տեր-Ղևոնդյանը:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Գանձասար վանական համալիրում «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը» բացեց 2015թ. նոյեմբերին: 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ մատենադարանի ձեռագրերը տեղափոխեցին Երևան:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ավելի վաղ «Հետք»-ին հայտնել էր, որ Գանձասարի մատենադարանը համեմատաբար ապահով տեղում էր գտնվում (Մարտակերտի շրջան): Սակայն այս պատերազմի ժամանակ Արցախում ոչ մի տեղ ապահով չէր կարող համարվել և որոշվել է ձեռագրերը տեղափոխել Երևան:
«Ավելի քան 100 ցուցանմուշ կար այնտեղ, մեր աշխատողների մի մասը դեռևս այնտեղ էր, նրանց օգնությամբ ձեռագրերն անվնաս հասցվեցին Երևան»,- հայտնել էր Վահան Տեր-Ղևոնդյանը: Այսօր նա շնորհակալագրեր հանձնեց գնդապետ Անահիտ Մարտիրոսյանին և նրա մարտական ընկերոջը՝ ձեռագրերի տեղափոխումը բարեհաջող իրականացնելու համար:
«Այս ցուցադրությունն անշուշտ ժամանակավոր է, առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Արցախում կստեղծվեն ավելի կայուն, ավելի հաստատուն պայմաններ, մենք ցուցանմուշները կտեղափոխենք Արցախ և Գանձասարի հոյակերտ վանքի հարևանությամբ կրկին կբացենք Գանձասարի մատենադարանը»,- հայտնեց Մատենադարանի տնօրենը:
Նշեց, որ ցուցադրության են ներկայացրել 80-ից ավելի ձեռագրեր ու արխիվային փաստաթղթեր, որոնք կարևոր վավերագրեր են Գանձասարի կաթողիկոսների, մելիքների, տանուտերերի ստորագրությամբ:
«Մի փոքր ցուցափեղկ էլ նվիրված է պայծառ ու շքեղ քաղաք Շուշիին և այնտեղ հրատարակված գրքերին»,- հայտնեց տնօրենը: Ձեռագրերի կողքին փակցված են Արցախի գրչության կենտրոնների համառոտ նկարագրությունները, որտեղ ստեղծվել են դրանք՝ Ամարաս, Գանձասար, Եղիշե Առաքյալի վանք, Գտչավանք, Մեծառանաց Սբ․ Հակոբավանք, Խադավանք, Դադիվանք, Երիցմանկանց վանք:
Ցուցահանդեսի բացման ժամանակ ներկայացվեց նաև Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Արցախի գրչության կենտրոնները» ուսումնասիրության հրատարակությունը:
Մեկնաբանել