HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲԴԽ նախագահ. «Ձեր իշխանության օրոք դատական համակարգն իրապես անկախացել է»

Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնցից Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Երեկվա հերթական նիստն ընդհատվել էր ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի փուլում, ինչպես երեկ, այնպես էլ այսօր պատգամավորները հարցեր են ուղղում Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտնի ուղերձից:

Նիստի սկզբում Վարդազարյանն ասաց` չի պատասխանելու քաղաքական հարցերի, ինչն առաջացրեց պատգամավորների վրդովմունքը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց` իրավունք չունի պատգամավորներին ուղղորդել ինչ հարցեր տալ: Վարդազարյանը պնդեց` այդ ուղերձում զսպվածության կոչ է արել, որևէ կանոն չի խախտել, և այլևս ասելիք չունի այդ հարցի վերաբերյալ:

«Ես նորից պնդում եմ, որ կոչս զսպվածության կոչ էր, որով կոչ էի անում դատավորներին զերծ մնալ որևէ քաղաքական որոշում կայացնելուց, ղեկավարվել օրենքով»,- ասաց Վարդազարյանը:

«Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- իր ուղերձում ասել էր Վարդազարյանը:

Քաղաքական մեծամասնության պատգամավորներն էլ պնդում են` այս ուղերձով ԲԴԽ նախագահը քաղաքականացրել էր ուղերձը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ասաց` պատգամավորները ներկայացնում են ժողովրդին, քվե են ստացել հանրությանը հուզող հարցերը բարձրացնելու համար, իսկ հանրությանը հուզում է նաև դատական իշխանությանը վերաբերող հարցերը: Դավոյանը հիշեցրեց Վարդազարյանի խոսքերը, որ ծանոթ չէ Արարատ Միրզոյանի մահափորձի քրեական գործին, ուստի կարող է եզրակացնել, որ վերջինս ծանոթ չէ նաև վարչապետի դեմ ուղղված մահափորձի քրեական գործին: Վարդազարյանն արձագանքեց` քրեական գործերին ծանոթ լինելու դեպքում դրան կհետևեր քրեական պատասխանատվություն, քանի որ ի պաշտոնե իրավունք չունի ծանոթանալ գործի մանրամասներին:

Ըստ ԲԴԽ նախագահի` նման կոչով է հանդես եկել կրքերը հանդարտեցնելու համար:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ընդգծեց` իրենք հարցեր են ուղղում ԲԴԽ նախագահի ուղերձի վերաբերյալ, ուստի վերջինս պետք է բարի լինի իրենց հարցերին պատասխանել: Հակոբյանի խոսքով, եթե ԲԴԽ նախագահը պնդում է, որ կոչը քաղաքական չի եղել, ուրեմն իրենց հարցերն էլ այդ կոչին առնչվող քաղաքական չեն: Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց` առնվազն հինգ անգամ այդ հարցին պատասխանել է:

Հայկ Կոնջորյանն էլ հետաքրքրվեց, թե այդ ուղերձով դատական իշխանության հեղինակությունը բարձրացե՞լ է, թե՞ նվազել: Վարդազարյանը վստահեցրեց` միանշանակ բարձրացել է:

«Վերջին երկու տարվա ընթացքում, ես վստահաբար կարող եմ պնդել, ձեր իշխանության օրոք դատական համակարգն իրապես անկախացել է, և փոխանակ այդ դրական արդյունքները գովելի համարեք, վերցնում եք մեկ-երկու մինչդատական վարույթի գործ ու կարծիք հայտնում ամբողջ դատական համակարգի վերաբերյալ»,- ասաց Վարդազարյանը:

ԲԴԽ նախագահը վստահեցրեց` որևէ քաղաքական ուժ չի կարող ազդել դատավորների կողմից որոշում կայացնելու գործընթացի վրա, նրա խոսքով` նման փորձերը կանխվում են սկզբնական փուլում: Վարդազարյանը միակ ճնշումը համարում է հանրային ճնշումը, որը, ըստ նրա և՛ գովելի է, և՛ խնդիրներ ունի, քանի որ հանրային արդադատությունը, ժողովրդի լոզունգները չեն կարող նպաստել արդարադատության իրականացմանը:

«Չկա որևէ անձ, որը դատավորին կարող է հանձնարարություն տալ»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները հարցեր են հղում միայն այդ ուղերձի վերաբերյալ: Ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter