
Վահե Էնֆիաջյանը կոչ արեց պատգամավորներին դուրս գալ ԱԺ-ի շենքից ու պատասխանել ժողովրդի հարցերին
Ընդդիմության այսօրվա հանրահավաքին միացել է նաեւ ԱԺ փոխնախագահ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով կիսատ թողնելով ԱԺ-ում իրականացվող հարց ու պատասխանը, միացել էր հավաքվածներին։ Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ԱԺ-ում Կառավարության հետ իբր ամենից կարեւոր հարցերն են քննարկվում, սակայն կեղծ օրակարգ են ձեւավորում։ Վերջինս կոչ արեց պատգամավորներին՝ դուրս գալ դահլիճից եւ առերեսվել հավաքվածների հետ՝ հասկանալու որոնք են ժողովրդին հուզող հարցերը. «Հերիք է կեղծ օրակարգեր մատուցեք, հերիք է իրականությունը խեղաթյուրեք, կեղծ ծրագրերից խոսեք։ Դուք ձեզ հռչակել եք որպես ժողովրդի իշխանություն, պարբերաբար խոսում եք, որ ժողովրդի կամարտահայտությունը գերակա է. իջեք եւ ժողովրդի հարցերին պատասխանեք՝ երբ է լուծվելու գերիների հարցը, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կենցաղի հարցը, փախստականների հարցը, կորսված հայրենիքի համար պատասխան տվեք», - նշեց Էնֆիաջյանը։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում եւ հիմա որոշումներ են կայացվում ժողովրդի թիկունքում՝ առանց նրա կարծիքը հաշվի առնելու։
Պատգամավորն անդրադարձավ երկրում ստեղծված տնտեսական հարցերին՝ թանկացումներին, նշեց, որոշ ապրանքներ, որոնք էականորեն գնաճ են ունեցել։ Կոչ արեց իջնել ԱԺ-ից եւ պատասխանել ժողովրդի հարցերին։
Էնֆիաջյանի ելույթից հետո ընդդիմադիր գործից Գեղամ Մանուկյանը շարունակեց իր խոսքը։ Անդրադարձավ ԱԺ-ի շենքից հսկող դիպուկահարներին եւ նշեց, որ դեռ 2018թ.-ին նշում էին, որ Երեւանում հանգիստ քայլել կարելի էր, կարելի էր հեծանիվ քշել, ու ոչնչից չվախենալ։ Դիմելով պատգամավորներին ասաց. «Մեկդ Ավինյանին կամ Փաշինյանին հարց տվեք՝ էսքան վախենու՞մ եք ժողովրդից, որ սնայպեր եք կանգնեցրել։ Իսկ մեր ժողովուրդը վախեցողի համար ունի խոսք՝ գող, սիրտը՝ դող։ Վախենում եք, որովհետեւ մեր երկիրն եք կորցրել, հազարավոր զոհերի պատճառ եք եղել, հարյուրավոր գերիների պատճառ եք եղել, դրանից եք վախենում, դրա համար եք հազարավոր ոստիկաններով շրջապատվում, սնայպերներով շրջապատվում։ Վախենում եք, որովհետեւ ամեն քայլափոխի մեր քաղաքացիներից 2-ից մեկը գիտեք՝ ինչ է ուզում....», - նշեց Մանուկյանը։
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել