HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրի

Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնցից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, և պատգամավորները պետք է ընտրություն կատարեն մյուս երկու թեկնածուների միջև:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում ինչպես նախորդող երկու օրերին, այնպես էլ այսօր անդրադարձան Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հարցուպատասխանին և 2020թ. նոյեմբերի 15-ին դատավորներին Վարդազարյանի հղած ուղերձին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց` չեն ընտրելու ներկայացված թեկնածուներից ոչ մեկին: Նա չմանրամասնեց՝ քվեարկությանն առհասարակ չեն մասնակցելու՞, թե դեմ են քվեարկելու։

«Այս քայլով «Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերվում, այլ որպես վերաբերմունք ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ»,-ասաց նա:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն իր ելույթում նշեց, որ Վարդազարյանը հայտնի ուղերձում արել է քաղաքական հայտարարություն, որը մարտակոչ էր դատավորներին: Ստեփանյանը հիշեցրեց Վարդազարյանի խոսքերն այն մասին, որ այժմ դատական համակարգն անկախ է, և որևէ մեկը չի կարող զանգել որեւէ դատավորի: Պատգամավորը եզրակացրեց` սա խոստովանություն էր առ այն, որ դատական համակարգն անկախ չի եղել:

«Դուք Ձեզ պահել եք ընդդիմադիր քաղաքական գործչի նման և արել եք հայտարարություն, որը կիլոմետրերով հեռու է ձեր զբաղեցրած պաշտոնից»,-ասաց նա` նկատի ունենալով Ռուբեն Վարդազարյանին:

Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը պնդեց` երկու օր շարունակ Ռուբեն Վարդազարյանը վիրավորել է բոլորին, ծաղրել հանրությանը ու պատգամավորներին:

«Ինքը փորձեց մեզ վիրավորի, բայց իրականում իրեն վիրավորեց»,-ասաց Մանուկյանը: Վերջինս ընդգծեց` Հայաստանում արդարադատության իրականացումը դրամապանակի չափից է կախված:  Ըստ նրա` եթե պատգամավորին ծեծած անձին դատավորն ազատ է արձակում, ուրեմն քառակի ավելի հանցագործ է հենց ինքը:

«Վարդազարյանը երկու օր շարունակ վիրավորեց բոլորին, էշի տեղ դրեց անամոթաբար՝ վիրավորելով բոլոր դատավորներին, դուք եք ընտրել նրան»,-ասաց Մանուկյանը` դիմելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին:

Մխիթար Հայրապետյանի համոզմամբ էլ` ԲԴԽ նախագահն իր ուղերձով փորձել է վրեժ լուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Ըստ նրա` Վարդազարյանը ոչ թե անկախ դատական համակարգ է ձևավորել, այլ ընդդիմադիր հայացքներով դատավորներ:

«Ռուբեն Վարդազարյանին հայտարարում եմ որպես ընդդիմադիր գործիչ»,-ասաց նա:

Այս քննարկումները «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին համոզեցին, որ խորհրդարանն ու պատգամավորներն այն մարդիկ չեն, որ ընտրեն Վճռաբեկ դատարանի դատավոր: Ըստ Սիմոնյանի` իրական թեման թողած` այլ թեմաներից են խոսում:

«Երեք օր է քննարկումը շարունակվում է, գրեթե յոթ աշխատանքային ժամ ծախսել ենք ոչ թե թեկնածուների հետ կապված հարցեր տալու ու պատասխաներ ստանալու վրա, այլ երրորդ անձի հետ կապված քննարկում կազմակերպելու. արդյոք մեր պետականությունն այդ մարտահրավերի առաջ է կանգնած»,-եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter