HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մարուքյանը վարչապետի հետ որևէ հարցի շուրջ համաձայնության չի եկել

«Վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև Գլխավոր շտաբի խնդիրը։ Այս պահին վարչապետի հետ չունենք համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ»,- այս մասին վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: 

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վարչապետը կհանդիպի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ ԲՀԿ-ի դիրքորոշման պարզ դառնալուց հետո նորից կլինեն բանակցություններ: 

Մարուքյանը հայտնեց, որ միայն «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը բավարար չէ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: 

«Պայմանավորվեցինք, որ միայն մեր դիրքորոշումով չի կարող թեման փակվել։ Այն, որ մենք պետք է ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված այս իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք հասկացվածություն»,- հայտնեց խմբակցության ղեկավարը։

Ըստ Մարուքյանի՝ զինված ուժերը չպետք է քաղաքականացվեն։ Արտահերթ ընտրությունները ամենահիմնարար խնդիր լուծող հարցն է։ Որևէ ձևով այս վիճակից դուրս գալու այլ ճանապարհ նա չի տեսնում։

«Ես չեմ պատկերացնում առանց Գլխավոր շտաբի խնդիրը լուծելու արտահերթ ընտրություններ, բայց ուզում եմ, որ օր առաջ դրանք լինեն։ Հույս ունեմ, որ իմ ներկայացրած խնդիրների շուրջ վարչապետը նույնպես կմտածի»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter