HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր նամակներին լռությամբ են պատասխանում»․ հավաք և երթ Հադրութի վերադարձի պահանջով

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը այսօր հավաք և երթ էր նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների մոտ։ Հավաքի մասնակիցները Արցախի Հանրապեության Հադրութի շրջանի բնակիչներն էին, որոնք կորցրել են իրենց տները, քանի որ արցախյան 2020թ․ պատերազմի ընթացքում Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկղության տակ։ 

Հավաքը մեկնարկեց Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Հավաքի կազմակերպիչները ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով գրություններ էին պատրաստել՝ ուղղված դեսպաններին, և նրանցից հանդիպման հնարավորություն էին խնդրում։ Այդ գրության մեջ հադրութցիները ներկայացրել են իրենց իրավիճակը, պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները և այլ հարցեր։

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության անդամ Նորայր Դավթյանը Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից է, իր ընտանիքի մյուս 6 անդամների հետ ապաստանել է Երևանում, որտեղ վարձով են բնակվում։

«Մեր առաջնահերթ պահանջը մեր Հադրութի վերադարձն է, որպեսզի մենք էլ կարողանանք վերադառնալ մեր տները։ Մենք գիտակցում ենք, որ դա շատ բարդ հարց է և երկարատև լուծում է պահանջում, բայց մենք ապաստանի խնդիր ունենք, կարգավիճակի խնդիր ունենք և վերջապես էս ժողովուրդը ի՞նչ անի հիմա։ Մենք հիմա հյու՞ր ենք, թե՞ փախստական։ Ես ծնվել եմ Դրախտիկ գյուղում, մեծացել եմ այնտեղ։ 70 տարի հայրս է ունեցվածք ստեղծել, 30 տարի՝ ես։ Դա մի դար, չեմ հաշվում պապիս ստեղծածը։ Որ մի քիչ երկար ես մտածում, խելագարվելու բան է»,- նշեց Նորայր Դավթյանը, որը Դրախտիկում զբաղվել է հողագործությամբ և այգեգործությամբ։

Նորայր Դավթյանի խոսքով՝ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ կարողանան հադրութցիներին համախմբել, ապրել նրանց ցավով և հասկանալ, թե ինչպես կարող են միմյանց աջակցել։

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը, որն ապրում էր Մեծ Թաղեր գյուղում, ասում է՝ իրենց հիմնական պահանջը հայրենիքի վերադարձն է, և ցանկանում են հանդիպումներ ունենալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներ, քանի որ Մինսկի խումբն է զբաղվել արցախյան հարցի կարգավորմամբ։

«Մի ամսից ավել է՝ նամակներ ենք հղել, ընդունելություններ են խնդրել, անցած անգամ էլ նորից հավաքվել ենք այստեղ, բայց մեզ չեն ընդունում, պատճառը կուզենայինք իմանալ։ Եթե չստացվի այսօր հանդիպել, պետք է ինչ-որ այլ ճանապարհներով կարողանանք դիմել այդ պետությունների ղեկավարներին և հարցնել, թե ինչու իրենց դեսպանները մեզ չեն ընդունում։ Մեր նամակներին նրանք լռությամբ են պատասխանում»,- նշեց Լևոն Հայրյանը։

Լևոն Հայրյանը շեշտում է՝ չպետք է թողնել, որ հադրութցիները ցաքուցրիվ լինեն, պետք է ինչ-որ ձևով հույս տալ մարդկանց, չթողնել, որ մտածեն արտագաղթելու մասին, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համարում ակտիվացնել հասարակական կազմակերպության գործունեությունը։ 

«Ցավով պետք է նշեմ, որ չենք տեսնում իշխանությունների համապատասխան վերաբերմունքը, հետաքրքրվածությունը։ Ճիշտ է՝ սոցիալական օգնություն տրամադրում են, ինչի համար շնորհակալ ենք, սակայն այդ օգնությունը չպետք է լինի ժողովրդին լռեցնելու կամ գոհացնելու համար։ Պետությունը պետք է ազգային պետական քաղաքականություն վարի, ինչը բացակայում է մեզանում, և այդ բացակայության արմատները շատ խորն են, մինչև սովետական ժամանակներ»,- ասաց Լևոն Հայրյանը։ Նրա տեղեկություններով՝ Հադրութի շրջանի բնակիչների 60-70 տոկոսը ապաստանել է Հայաստանում, իսկ մնացած մասը՝ Արցախում։ Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքի տվյալներով՝ 2016 թվականի դրությամբ Հադրութի շրջանն ունեցել է 14,7 հազար բնակիչ։

Գոհար Ղահրիյանը Լևոն Հայրյանի կինն է։ Ծնունդով Երևանից է, բայց 1990 թվականին ամուսնանալուց հետո տեղափոխվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ։ Ամուսնու հետ ծանոթացել է Արցախյան շարժման տարիներին։ Գոհար Ղահրիյանն ասում է, որ տարիներ շարունակ միջազգային կառույցները, ԵԱՀԿ Մինսկի խումբը հավաստիացրել են, որ պատերազմով հարցի լուծում չի լինելու, սակայն այդ ամենի հետևանքով ստացվել է երկու պատերազմ, բազմահազար զոհեր և հայրենիքի կորուստ։

«Իրենք պատասխանատու են մեր առաջ։ Եթե իրենք հարգում են իրենց՝ որպես քաղաքական կազմակերպություններ, պիտի ամբողջ հայ ժողովրդի առաջ, այդքան զոհերի հարազատների առաջ պատասխան տան։ Միջազգային կազմակերպությունները ջայլամի դիրք են բռնել, իսկ Հայաստանի և Արցախի ղեկավարները հակաժողովրդական որոշումներ են կայացնում՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»,- ասաց Գոհար Ղահրիյանը՝ ընդգծելով, որ եթե այս ակցիաներից իրական ակնկալիքներ չունենային, պայքարի դուրս չէին գա։

Այսօրվա ակցիային մասնակցում էր նաև արցախցի ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը, որը ծնունդով Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղից է։ Նա ասում է, որ ակնկալիքներ չունի այս ակցիաներից, և իր միակ ակնկալիքը Հադրութի ազատագրումն է, որի համար պետք է նախադրյալներ ստեղծել։ Այդ նախադրյալներից առաջինը Վահան Բադասյանը համարում է ներքին թշնամիներից ազատվելը, այնուհետև բանակը վերականգնելը և երրորդը՝ բոլոր արցախցիները պետք է հավաքվեն և ապրեն Արցախի մնացած տարածքներում։

«Պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը և ազատագրենք մեր հայրենիքը։ Մենք մեր տունն ու օջախը ազատագրելու իրավունք ունենք։ Այս ամենին հասնելու համար մի քանի տարի է պետք՝ հաշված այն պահից, երբ մենք մաքրվենք ներքին թշնամիներից»,- նշեց Վահան Բադասյանը։

Ռուսաստանի դեսպանատնից հետո հավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, իսկ այնուհետև ԱՄՆ դեսպանատուն։ Հադրութցիներն այդպես էլ ընդունելության չարժանացան, միայն կարողացան իրենց գրությունները փոխանցել դեսպանությունների ներկայացուցիչներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter