HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները Որոտան գյուղի մոտ խրամատներ են փորել. Գորիսի ղեկավարն ասում է՝ դրա իրավունքը չունեին, ըստ ԱԱԾ-ի՝ անհանգստանալու կարիք չկա

«Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում եւ զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը՝ հավելելով, թե որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել։

«Այս մասին պատախանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ՝ ոչ տեսնում են, ոչ լսում: Խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, իսկ մարդ կա ասում է՝ Սյունիքում տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրեմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ, խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»,- գրել է Յոլյանը։

Գորիս խոշորացված համայնքի մեջ ընդգրկված Որոտանի գյուղի վարչական ներկայացուցիչ Սուրեն Օհանջանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ երեկ ադրբեջանցիները իրենց վերահսկողության տակ անցած երկհարկանի տան մոտ երեք խրամատ են փորել տրակտորով։ Տունը պատկանում էր որոտանցի Սեյրան Օհանջանյանին, ում անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանցիները մեկ ժամ ժամանակ էին տվել՝ տունը լքելու համար։

Թշնամու ներկայացուցիչները սպառնացել էին Օհանջանյանին, թե տնից դուրս չգալու դեպքում կտանեն իրենց հետ։ «Հետքը» գրել է, որ երկհարկանի տանը տեղակայվել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները, իսկ նրանց կողքին ծառայություն են իրականացնում ռուս սահմանապահները:

Այսօր Որոտանից Գորիս գնալիս վարչական ներկայացուցիչ Ս. Օհանջանյանը նկատել է, որ փորված խրամատների մոտ ցանցեր են դրված, որոնք, ըստ նրա, թերեւս, պարսպապատման համար են։ Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տեսել են իրականացվող աշխատանքները։

«Գիտեմ, որ իրենք պիտի չանեն դա։ Այդ հարցով վերադասը պիտի զբաղվի, թե ինչի են էդպես անում։ Պաշտպանության նախարարությունը պիտի զբաղվի։ Ես գիտեմ, որ սահմանապահն իրավունք չունի խրամատ քանդել, նա պիտի վերահսկի»,- ասում է Սուրեն Օհանջանյանը։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խոսքով՝ «եթե երկիրը իշխանություն չունի, պարզ չի՞, որ թշնամին էլ խրամատ է փորելու»։

«Հետքի» հարցին, թե որպես համայնքապետ կատարվողի մասին տեղյակ պահել է արդյոք ՀՀ ՊՆ-ին, Առուշանյանը պատասխանեց, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը նույն հատվածում են ծառայություն իրականացնում եւ իրենց վերադասին տեղյակ պահած կլինեն։

-Ի՞նչ քայլեր եք ակնկալում գործող իշխանություններից։ Ի՞նչ պիտի արվի։

-Մենք իշխանություն ունե՞նք, որ քայլեր ակնկալենք։ Հազարավոր կետեր կային, որ իշխանությունները քայլեր պետք է ձեռնարկեին, եթե ունենայինք իշխանություն, բայց քանի որ չունենք, ոչ մի քայլ էլ չի ձեռնարկվում։ Բայց անհոգ եղեք, մենք բոլոր քայլերին էլ, այսպես ասեմ, համապատասխան հակահարված պատրաստել ենք։

-Նկատի ունեք պաշտպանությա՞ն գոտին։

-Չմեկնաբանեմ, բայց անհոգ եղեք, տեղացիները, տեղային ուժերը ամեն բան կազմակերպել են, արել են։

-Իսկ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է իրենք վախից են անում անում դա՝ փորելով խրամատներ։

-Չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել։

-Ըստ Որոտանի վարչական ներկայացուցչի՝ սահմանապահն իրավունք չունի խրամատ փորել։

-Այո, օրենքով իրավունք չունի։

-Այսինքն՝ իրավունքի ոտնահարում է։

-Իրավունքի ոտնահարում է, որովհետեւ առաջինը՝ իշխանություն չունես, 26 կմ հատվածը հետ է բերել, հասցրել գյուղի մեջ (հայկական կողմը, ըստ պայմանավորվածության, հրադադրից հետո նահանջել է 2020 թ. դեկտեմբերին)։ Երկրորդ՝ այդ տարածքը մերն է, մեր քարտեզներից էլ է երեւում դա։ Հիմա թշնամին մեր տարածքում է նստած։ Երրորդ՝ եթե կարողացել է «մարսել», քո իշխանությունները տվել են այդ հնարավորությունը, հետեւաբար, կարող է նաեւ քանդի։ Այն երկու հսկա պրոբլեմի կողքին այս մի փոքր խրամատը ո՞նց եք նայում, դա ի՞նչ պրոբլեմ է։ Քո հայրենակիցները արյան գնով այդ նույն տարածքից ուղիղ գծով 26 կմ հեռու դիրքեր են պահել։ Հիմա լավ է, վատ է՝ այդքանը մարդիկ կարողացել են պահել մեր պատմական հողերից։ 26 կմ հետ է տվել, մեր հայրենիքից բռնել նվիրել է պատերազմից հետո, հիմա այդ մարդուց ի՞նչ եք ակնկալում, ինչ-որ բան կա՞ ակնկալելու։

ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ հայտնեցին հետեւյալը. «Ադրբեջանական կողմն իր վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, եւ անհանգստանալու առիթներ չկան»: Մամուլի կենտրոնից չպատասխանեցին հարցին, թե արդյոք ադրբեջանցի սահմանապահներն իրավունք ունեն նման աշխատանքներ կատարել շփման գծում՝ խնդրելով բավարարվել փոխանցված ինֆորմացիայով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter