HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը հանել ԱԱԾ-ից և դարձնել վարչապետին ենթակա մարմին

Վարչապետի աշխատակազմի մշակած նախագծով՝ առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի՝ վարչապետին ենթակա առանձին մարմին:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու համապատասխան նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայում գործող օրեսնդրությամբ՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այդուհանդերձ, ըստ վարչապետի աշխատակազմի, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև ԱԱԾ աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն պայմանավորված չէ ԱԱԾ մասնակցությամբ և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում:

Բացի այդ, ինչպես ասվում է հրապարակված նախագծում, կարևորելով զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:

Նշենք, որ առաջարկվող փոփոխությունները դեռևս օրենքի նախագծի կարգավիճակում են։ Այն դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter