HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկի-բազմամետաղային հանքավայր` հայ-ադրբեջանական սահմանին. Վազաշենի հանքի համար 3-րդ անգամ հայտ է ներկայացվել

Արդեն երրորդ անգամ` Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացվել: Այս անգամ Շրջակա միջավայրի նախարարություն դիմել է «Էյ թի գրուպ» ՍՊԸ-ն 2020-2023 թթ. ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2012-2017թթ.-ին Վազաշենի ոսկու հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն ունեցել է «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ն: Ընկերության ութսուն տոկոս բաժնեմասի սեփականատերը կանադահայ Վահագն Ժայռենց Գայայանն էր: Բաժնետերերը ներդրումների հետ անհամաձայնություններ են ունեցել և խզել հարաբերությունները, ժամկետն էլ ավարտվել էր: Այդ մասին մանրամասն գրել ենք մեր նախորդ հրապարակումներում: Վազաշենում ապօրինի ոսկու արդյունահանման դրվագով նույնիսկ քրեական գործ էր հարցուվել:

Դրանից հետո` 2019թ. սկզբին, նոր ընկերություն էր հայտ ներկայացրել երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով` «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը, նույն անձն էր` Վահագն Ժայռենց Գայայանը:

2019թ. մայիսին Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել այս ընկերության հայտին: Հիմնավորել էր, որ հայցվող տարածքի մեծ մասը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հողային հաշվեկշռում և տարբեր ծառատեսակներից կազմված II-IV բոնիտետային դասի ծառուտներ են:  Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում կանխատեսվում էր օգտակար հանածոյի արդյունահանում, ինչն անտառային հողերում նպատակահարմար չէ: Դրա համար հիմք է հանդիսացել նաև 2015թ. սեպտեմբերի 10-ի` մինչև 2050թ. ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ ստանձնած պարտավորությունը:

Տավուշի մարզպետի որոշմամբ հաստատված 2018թ. հուլիսի 9-ի «Տավուշի մարզի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» փաստաթղթի համաձայն, հայցվող տարածքը գտնվում է անտառային հողերում, որտեղ հեռանկարային զարգացման ուղղություններում չի ամրագրված հանքարդյունաբերություն, և որպես հիմնական ուղղություններ նախատեսված են ագրոարդյունաբերական համալրիի ձևավորումը, գյուղատնտեսության և ռեկրեացիոն ոլորտի (հիմնականում տուրիզմի) զարգացումը:

Նոր հայտ ներկայացրած «Էյթի գրուպ» ՍՊԸ-ն գրանցվել է 2019թ. նոյեմբերին: Հիմնադրել են Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում հաշվառված Արմեն Բորիսի Չապուխյանն ու Արաբկիր համայնքում գրանցված Տիգրան Արամի Ավետիսյանը:

Երրորդ անգամ հայտ ներկայացնող ընկերության նպատակն է հանքերևակման սահմաններում նախկինում, ինչպես նաև ծրագրավորվող աշխատանքների արդյունքներով ճշգրտել և լրացնել հանքերևակման տարածքում առանձնացված հեռանկարային տեղամասերի երկրաբանական կառուցվածքի, հանքայնացված գոտիների և հանքերակների ձևաբանության ու տեղադրման տարրերի, օգտակար հանածոյի նյութական կազմի, որակի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև տալ առանձին տեղամասերիի հեռանկարային գնահատականը:

Ուսումնասիրությունը կիրականացվի 2 փուլով. առաջին փուլը կընդգրկի որոնողագնահատողական աշխատանքների կատարումը, հանքային մարմինները կուսումնասիրվեն մակերեսային փորվածքների և հորատանցքերի միջոցով, զուգորդելով երկրաֆիզիկական և երկրաքիմիական աշխատանքները, որոնց արդյունքներով կտրվի օգտակար հանածոների գնահատականը: Երկրորդ փուլը նախատեսվում է սկսել առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքներ ստանալու դեպքում, որի ընթացքում հետախուզական ցանցի խտացման միջոցով կկատարվի օգտակար հանածոյի պաշարների հաշվարկ:

Հայտ` նույն տարածքների համար

Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակումը գտնվում է Տավուշի մարզում, Վազաշեն (Լալիգյուղ) գյուղից 1.5-4 կմ արևելք-հարավ-արևելք և Հախում գյուղից 3-6 կմ հյուսիս-արևմուտք:

Տեղամասի հյուսիսային ծայրակետը ՀՀ պետական սահմանից գտնվում է մոտ 0,4 կմ հեռավորության վրա: Երևակման տարածքում առանձնացվում է երեք տեղամաս՝ Կարմիր քար, Ժանգոտ ձոր և Ադուլյարային մետասոմատիտների: Այսինքն` այս ընկերությունը հայցում է նույն տարածքները, որոնց համար հայտ էին ներկայացրել նախորդները:

ՇՄԱԳ-ում հստակ նշվում է, որ Վազաշենի երևակման շրջանում բնակչությունը հիմնականում զբաղված է բուսաբուծությամբ, այգեգործությումբ և անասնապահությամբ: Տարածաշրջանում գրեթե չկան արդյունաբերական ձեռնարկություններ, միակ արտադրությունը՝ Վարագավանում, երևակման տարածքից մոտ 3 կմ դեպի հարավ-արևելք գտնվող պահածոների գործարանն է: Օդային ավազանի աղտոտումը հիմնականում պայմանավորված է ավտոճանապարհներով երթևեկող տրասնպորտային միջոցների արտանետումներով: Տարածաշրջանով անցնում է Հ-37 հանրապետական նշանակության ճանապարհը, որը չի դասվում ՀՀ ծանրաբեռնված ճանապարհների շարքին: Ավտոմեքենաների հոսքը ցածր է: Հետևաբար, ընկերությունը փաստել է, որ նախատեսվող գործունեության տարածաշրջանում մթնոլորտային օդի աղտոտումը չնչին է:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային օդի որակի մշտադիտարկում երևակման տարածաշրջանում չի իրականացվում, ինչը նույնպես վկայում է բարվոք էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ:

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, ըստ նախագծի, հանքերևակման տարածքում չկան: Միայն ամենամոտ` 940 մ հեռավորության վրա գտնվում է Օձաքար լեռը, որը համարվում է բնության հուշարձան: Չգիտես ինչու, նախագծում հանքերևակման ամենամոտ կետից չի չափված հուշարձանի հեռավորությունը, այլ ընտրվել է ուղիղ գիծ, սակայն նմուշառման կետերից մեկը` 4-րդն ավելի մոտ է, քան չափված վայրը:

Հուշարձանը Պառավաքար համայնքի վարչական սահմանում է, գյուղից 3 կմ (ուղիղ գծով 1կմ) հյուսիս-արևմուտք, Պառավաքար-Վազաշեն գրունտային ավտոճանապարհի աջ կողմում: Հուշարձանը սրածայր ժայռոտ լեռնագագաթ է, մասամբ անտառապատ լեռնազանգված՝ համեմատաբար մեղմաթեք լանջերով:

Բնության հուշարձանի համար սահմանվել է պահպանման գոտի, որի ընդհանուր մակերեսը կազմում է 3 հա: Պահպանման գոտին ընդգրկում է 1,3 հա Պառավաքարի համայնքային սեփականության հողերից, որոնք առավելապես արոտավայրեր են, իսկ 1,7 հեկտարը` պետական անտառային հողերից` Արծվաբերդի անտառտնտեսության Ծաղկավանի անտառպետությունից:  

Հիշեցնենք, որ Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի 19-րդ հոդվածն արգելում է բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

Բացի դրանից, համաձայն Կառավարության 2004թ. հաստատած` Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին որոշման` Վազաշեն բնակավայրի տարածքում հաշվառված է 13-րդ դարի ԱՄՐՈՑ «ԿԱՐՄԻՐ ՔԱՐ» հուշարձանը, որը երկրաբանական ուսումնասիրության նպատակով հայցվող տարածքից 70 մ հեռավորության վրա է գտնվում, իսկ 150 մ հեռավորության վրա գտնվում է մեկ այլ` նույն դարաշրջանի «Փիրին» գյուղատեղիի գերեզմանոցը, որը նույնպես վերոնշյալ ցանկում է:  

«Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ծրագրի իրացման գոտու շրջակայքը հարուստ է հուշարձանակիր տարածքներով, որոնք, հանքի շինարարության և սնուցման, ջրահեռացման ու ենթակառուցվածքների կառուցման ժամանակ, կարող են կրել և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցություն: Այս ազդեցությունները և պատմամշակութային միջավայրի վտանգման «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Վազաշենի ոսկի-բազմամետաղային երևակուն 57 ռիսկերը գնահատելու համար ապագայում անհրաժեշտ է իրականացնել դաշտային հետազոտական աշխատանքներ: Նման դաշտային հետազոտություններն անհրաժեշտ են ծրագրի ողջ տարածքի մշակութային ժառանգության գնահատման և կառավարման համար և որոնց արդյունքները պետք է ներառվեն Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթղթում և Շրջակա միջավայրի կառավարման ու մոնիտորինգային պլանում (ՇՄԿՄՊ) »,-նշել են նախագծի հեղինակները: 

Միաժամանակ, ընկերությունը հայտնել է, որ, կարևորելով տարածքի համաչափ զարգացման և բնապահպանական կայուն կառավարման սկզբունքը՝ նախատեսում է իրականացնել մի շարք սոցիալական ուղղվածության ծրագրեր.

  1. Վազաշեն և հարակից բնակավայրերում էկո և գեոտուրիզմի զարգացման հեռանկարների ուսումնասիրություն, երկրաբանական երթուղիների նախագծում, տեղական ինքնակառավարման մարմինների հետ բնագավառի առաջընթացի ապահովման համատեղ ծրագրերի մշակում,
  2. Վազաշեն և հարակից բնակավայրերի դպրոցահասակ երեխաների համար տարածքի երկրաբանության և հանքահումային պաշարների, դրանց ուսումնասիրության և հետազոտման պատմության վերաբերյալ ճանաչողական դասընթացների կազմակերպում,
  3. Աջակցություն Վազաշեն բնակավայրին ճանապարհաշինարարության ոլորտում՝ կիրառելով հետախուզական աշխատանքներին ներգրավված ծանր տեխնիկան:

«…Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացումը և բնակիչների ներգրավումը ծրագրավորվող աշխատանքներին ուղղված է մի քանի կարևորագույն հարցերի լուծմանը. արտագաղթի կանխում, կայուն եկամտի ստեղծում, ներդրումների իրականացում սահմանամերձ բնակավայրում, ենթակառուցվածքների կարգաբերում, սոցիալական-տնտեսական աջակցության ծրագրեր»,- նշված է նախագծում:

Փետրվարի 26-ին Վազաշենի համայնքապետարանում նախատեսված էին հանրային լսումներ: Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ դրանք կայացել են, և համայնքի բնակիչները չեն առարկել նշված աշխատանքներին:

Ավելին, ընկերության ներկայացուցիչները խոստացել են գյուղի ոռոգման և խմելու ջրի հարցը լուծել, ինչն արձանագրության մեջ նշվել է:

Գլխավոր լուսանկարը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter