HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ՄԻՊ. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի

«Ադրբեջանում բարձր մակարդակ ունի հայատյացությունը եւ թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանը, որն ունի նաեւ ինստիտուցիոնալ նշանակություն»,- նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Սյունիքի մարզում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ ասուլիսի ընթացքում։ Ապա ներկայացրեց Ադրբեջանի հայատյացության դրսևորման մի քանի օրինակ, որոնք հնչել են պետական մակարդակով, ինչպիսիք են՝ «ադրբեջանական զինվորները հայերին վռնդում են շների պես», «մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին», «նրանք ոչ խիղճ ունեն, ոչ բարոյականություն, նույնիսկ ուղեղ չունեն», «Երեւանը մեր պատմական հողն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հողեր, դա մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակն է, եւ մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրանց»….։

ՄԻՊ-ը նշեց, որ սոցցանցերով այդ խոսքերը տարածողներն իրական օգտատերեր են։ Արման Թաթոյանը ներկայացրեց նաեւ սոցցանցերում տարածված տեսանյութեր, որտեղ երեւում են խոշտանգման դեպքեր։ «Մեզ համար կարեւոր նշանակություն ունի այն, որ այս զինվորականները, որոնք խոշտանգել են մեր հայրենակիցներին, օգտագործում են այն նույն բառերը, որոնք օգտագործում է Ադրբեջանի նախագահը»,- նշեց ՄԻՊ-ը։

Ապացույցների մյուս խումբը վերաբերում է կրակոցներին։ Թաթոյանն անդրադարձավ հակառակորդի կողմից արձակված կրակոցներին՝ Սյունիքի մարզի հարակից գյուղերի ուղղությամբ։ Ներկայացրեց տեսանյութ, որտեղ կրակոցներ են լսվում Կապան համայնքի Ագարակ եւ Եղվարդ գյուղերից ընդամենը 1 կմ հեռավորության վրա։ Պաշտպանի խոսքով՝ վերջին օրերին եւս կրակոցներ են լսվել Ներքին Հանդ, Ագարակ, Եղվարդ, Շիկահող, Սրաշեն գյուղերի ուղղությամբ։ Ներկայացրեց նաեւ այն զինատեսակները, որոնցով Ադրբեջանի զինվորները կրակում են։

Ըստ ՄԻՊ-ի՝ սահմանների որոշման գործընթացի հիմքում պետք է լինեն կարեւոր սկզբունքներ, որոնցից են իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները. «Սահմանների որոշման բոլոր գործերում միջազգային սկզբունքներից ելնելով՝ պետք է դրվեն մարդու իրավունքները, եթե չպահպանվի, ամբողջ գործընթացի իրավաչափությունը տապալվում է»,- նշեց Թաթոյանը։ Միջազգային սկզբունքներից են՝ հարգանք սահմանային բնակչության արժանապատվության նկատմամբ, պաշտպանված իրավունքներ, բնականոն կյանքի ապահովում, հաշվետվողականություն, տեսանելիություն եւ բավարար տեղեկատվություն, որը պետք է ապահովվի հանձնաժողովային, մասնագիտացված աշխատանքներով, որոնք պետք է իրականացվեն նախապես մասնագետների ներգրավմամբ։ Նրա խոսքով՝ կոպտորեն ոտնահարվում է մարդկային արժանապատվությունը, կյանքի իրավունքի իրական վտանգները։ Որպես օրինակ նշեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը, որի դպրոցը 500 մ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերից։ «Միջազգային որեւէ կազմակերպություն կարո՞ղ է ինձ ասել, թե սա երեխաների լավագույն շահերից է բխում»,- ասաց ՄԻՊ-ը։

Նա անդրադարձավ սեփականության իրավունքի խախտումներին, օրինակ՝ մարդիկ ունեն հողատարածքներ, սակայն չեն կարողանում օգտվել, քանի որ անցել է ադրբեջանական կողմին, թեեւ առկա են կադաստրային փաստաթղթեր։ Կան նաեւ տներ ու հողատարածքներ, որոնք ուղիղ նշանառության տակ են, եւ օրինակ՝ հողերը չեն կարողանում օգտագործել։ ՄԻՊ-ի խոսքով՝ կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում։ Անդրադարձավ ադրբեջանական կողմին անցած արոտավայրերի և ջրային ռեսուրսներից օգտվելու հարցերին։

«Խնդրահարույց են նաեւ այն սադրանքները, որոնք նպատակ ունեն խիստ անհանգստություն պատճառել Սյունիքի մարզի բնակիչներին, մասնավորապես՝ երեխաներին, որոնցից է ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելը Սյունիքի ճանապարհներին եւ նաեւ ադրբեջանական դրոշների ու ցուցանակների տեղադրումը»,- հավելեց ՄԻՊ-ը։

Ամփոփելով խոսքը՝ նշեց, որ Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի՝ առնվազն 5-7 կմ տարածությամբ։

Նշեց, որ մի շարք միջազգային գործընկերների է ներկայացրել բարձրացված հարցերը, եւ ըստ իրեն՝ սա միջազգային հանրության հարց է, որովհետեւ ներկայացված ապացույցները հակասում են այն ամենին, ինչը նրանք տարիներով ստեղծել են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter