HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարդ ունի սեփականության վկայական ՀՀ-ի կողմից, բայց ՀՀ-ն տեր չի կանգնում այդ մարդու հողին, տանը, շենքին, բակին»

Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող երկաթգծի համար ճանապարհի տրամադրումը անհանգստության նոր ալիք է բարձրացրել Մեղրիում։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկմանն ասաց Մեղրու փոխհամայնքապետ Արմեն Սամվելյանը։  Վերջինիս խոսքով՝ նոյեմբերի 9-ի «կապիտուլյացիոն հայտարարությամբ» նախատեսվում է ճանապարհ տրամադրել՝ Զանգելանի շրջանը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը կապելու համար։

Հայտարարության 9-րդ կետում ասվում է հետեւյալը. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը ԱՀ-ի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»:

«Տրամադրվելու է ճանապարհ, որը չի վերահսկվելու է եւ չի ենթադրելու տրանզիտ հաղորդակցման որեւէ ատրիբուտ, այսինքն՝  հսկողությունը լինելու է միմիայն ռուս սահմանապահ զորքերի կողմից, եւ հայկական ոչ մի սահմանային, մաքսային կամ սննդի վերահսկողության մարմին, ոչ մի նմանատիպ կառույց չի վերահսկելու ՀՀ-ի կողմից, այսինքն՝ տրանզիտ գաղափարը բացարձակ չի գործելու այս պարագայում»,- ասում է Արմեն Սամվելյանը՝ ավելացնելով, որ սա լուրջ մտավախություն է։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ՝ եթե ճանապարհը տրանզիտ չի լինելու եւ հայկական իշխանությունների կողմից չի վերահսկվելու, դա իսկապես լուրջ հետեւանքներ կարող է ունենալ։ Նա իրավիճակը նմանեցնում է 20-րդ դարի սկզբի իրադարձություններին, երբ Խորհրդային Ռուսաստանը խորհրդայնացված Ադրբեջանի եւ քեմալական Թուրքիայի ռազմական ուժերի հետ կապը մի փուլում իրականացնում էր հենց Զանգեզուրով, ու այդ կապով զենք էր տեղափոխվում Քեմալի զորքերին։ Ազգագրագետի գնահատմամբ՝ եթե հայկական կողմի վերահսկողություն չլինի, ապա առհասարակ ցամաքային ճանապարհը զենք տեղափոխելու ամենահարմար տարբերակն է։ Եթե նույնիսկ կանխատեսելի փաստեր լինեն դրա վերաբերյալ, ապա դրանից ի՞նչ է փոխվելու, եթե հիմա չենք կարողանում դրա դեմն առնել։

Մյուս խնդիրը ռուս-թուրքական քննարկումներին է առնչվում: Ըստ Հրանուշ Խառատյանի՝ ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլեւ նույնիսկ պաշտոնական դիվանագիտությունը՝ ի դեմս արտգործնախարարության եւ կառավարության, տեղյակ չեն այդ քննարկումների իրական բովանդակությունից։

«Փորձագիտական հանրությանը լրջորեն մտահոգում են շատ հավանական նոր քննարկումները Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-րդ տարելիցին: Լռելով այդ մասին, չքննարկելով՝ իրենց կողմից ակնհայտորեն սպասելի եւ անկախնատեսելի լուծումների առաջ կկանգնենք»,- նշում է Հրանուշ Խառատյանը։

Վերջինիս խոսքով՝ Զանգեզուրը շատ խոցելի է եղել վերջին 100 տարվա հայ-ադրբեջանական հարաբերություններում, այդ թվում՝ խորհրդային շրջանում։ Ազգագրագետը նշում է իբր Կապանից փախստական դարձած ադրբեջանցիների եւ կապանցի հայերի ագրեսիայի մասին առասպելականացված պատմությունը, որն Ադրբեջանը կապել է 1988 թ․ հայերի սումգայիթյան ջարդի հետ: Այդ պատմությունը հատուկ հետեւողականությամբ ուռճացնելով՝ Ադրբեջանն այն տեղափոխել է բազմաթիվ փորձագիտական ու ակադեմիական գրքեր:

«Այսօր սա կարող է կապանցիների մոտ լուրջ անհանգստություն առաջացնել, որովհետեւ Ադրբեջանի եւ ադրբեջանցիների հետ հարաբերությունների կառուցման խնդրում Կապանը մասնավոր թիրախ է»,- նշում է Հրանուշ Խառատյանը՝ նկատելով, որ այստեղ ակադեմիական աշխատողներն էլ իրենց բացթողումն են ունեցել, քանի որ ժամանակին հարցը լրջորեն չեն տեղափոխել ակադեմիական վերլուծական դաշտ, չեն ներկայացրել կամ քիչ են ներկայացրել իրական փաստերը, այն հսկայածավալ քարոզչությունը Կապանի մասին, որի հետեւանքով սուտ պնդումները շատ մեծ տարածում ստացան։

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանն ասում է՝ Սյունիքում անընդհատ ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, եւ իրավիճակն օրեցօր ավելի է վատանում։ Դրանց գնահատականները պետք է լինեն խիստ եւ ճշգրիտ, որպեսզի հանրությունն իմանա, թե ինչ է կատարվում։ Գորիս-Որոտան հատվածում ադրբեջանցիների կողմից խրամատներ փորելու մասին Հովսեփյանը նշում է, որ խրամատավորում չի կարող լինել այն տեղերում, որտեղ սահմանապահ զորքն է կանգնած, իսկ Գորիս-Որոտան-Շուռնուխ հատվածում կանգնողները սահմանապահներ են: Նրա խոսքով՝ եթե իրավիճակը բարձիթողի լինի, ադրբեջանցիները կհասցնեն մինչեւ վերջ խրամատավորվել, ինչը միանշանակ կբերի վատ հետեւանքների։

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին հարող եւ Ադրբեջանին չպատկանած տարածքներին՝ Մ. Հովսեփյանն ասում է. «Իշխանությունները արդուկում էին մեր գլուխները, թե դա վերջնական չի, պետք է ճշգրտվեն սահմանները, բայց խրամատավորումը նշանակում է, որ վաղը ոչ ոք չի կարողանալու իրենց ասել, թե այստեղ չեք կարող կանգնել, պետք է, ասենք, 3 կմ հեռու գնաք։ Եվ ամենակարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ եթե մինչեւ վերջ խրամատավորվի, հետագայում թույլ տալո՞ւ է, որ մենք էլ խրամատավորվենք, դիրքավորվենք։ Անվտանգության հարցեր են»:

Բնակչության տրամադրվածության մասին Գորիսի փոխհամայնքապետը նշում է. «Սյունիքում առհասարակ վախ չի եղել եւ չկա։ Մենք ամուր կանգնած ենք այս հողի վրա, այստեղ խաբվածության զգացողությունն է, երբ մարդ ունի սեփականության վկայական Հայաստանի Հանրապետության կողմից, բայց Հայաստանի Հանրապետությունը տեր չի կանգնում այդ մարդու հողին, տանը, շենքին, բակին»։

Ադրբեջանի նախագահի հնչեցրած ձեւակերպմանը, թե Արդբեջանի պատմական տարածք Զանգեզուրով անցնող ճանապարհը կրկին աշխատելու է, եւ Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց կկապվեն, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալն ասում է. «Կոչ եմ անում մի քիչ ավելի լուրջ հետեւել այս ամենին: Առհասարակ, վերջապես պետք է գտնել մի տղամարդ, ով պատասխան կտա թշնամի երկրի ղեկավարին»:

Լուսանկարում՝ ռուս սահմանապահների բեռնատարը, թիկունքում՝ ադրբեջանցի սահմանապահները. Գորիս-Որոտան ճանապարհ (20.01.2021)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter