HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միակ բանը, որ մտածում էիր, տուն գալն էր, մոր աչքերը թաց չթողնելը, մեկ էլ իմ գերեզմանն ունենայի, կարող ա ինձնից բան չմնար»

Գյումրու երկհարկանի, երկաթյա տնակի բակում դարսված չոր փայտեր կան։ Ռաֆիկը հենվել է դրանց։ Արեւն ընկնում է աչքերին, որոնք տեսել են պատերազմի դեմքը։ Պատերազմն ավարտվել է ռազմաճակատում, բայց ոչ նրա հիշողություններում։ Հատկապես գիշերները դրանք ծանրանում են։ Ամեն դրվագն իր մանրուքներով կրկին հառնում է։ Ռաֆիկն ասում է՝ պատերազմում տեսածը խաթարում է հոգեկանը։ Տղաներ կային, որ հենց ռազմի դաշտում տեսածից էին խանգարվում։ Ջաբրայիլում էին՝ խրամատի մեջ, տղաներից մեկի աչքի առաջ ընկերը մահացու վիրավորվել էր։ Երբ ընկերոջ արյան շիթը թռել էր նրա դեմքին, սկսել էր գոռալ։ «Հոգեկանդ կխանգարվե։ Մարդ կա՝ իրեն զսպե գը, մարդ կա՝ լաց կէղնի, մարդ կա՝ ներս կգցե». Ռաֆիկը վերջին տեսակից է՝ ներս է գցում։

Առհասարակ, պատերազմով անցածները չեն կարող ու չեն սիրում պատմել իրենց տեսածն ու զգացածը։ Ռաֆիկը նրանցից մեկն է։ Ասում է՝ խոսելու ու նկարագրելու բան չէ, ինչ իմանում ես, ավելի լավ է քո մեջ պահես։ Ու դրա համար էլ պատերազմ տեսածները չափազանց քչախոս են:

Ռաֆիկ Մելքոնյանը 9 տարեկան էր, երբ մոր ու քրոջ հետ տեղափոխվեցին Ռուսաստան։ 1 տարեկան էր, երբ հայրը մահացավ։ Ռուսաստանում՝ Կրասնոդարի գյուղերից մեկում, ապրում էին մորաքրոջ տանը։ Ռաֆիկը փոքրուց աշխատել է՝ անասպահությամբ էր զբաղվում, տրակտոր քշում։ 14 տարեկանից աշխատել է արեւածաղկի արտադրամասում՝ գործընկերոջ հետ օրական 1000 պարկ էր կարում։ Իսկ գիշերները բեռնատար մեքենաներ էին բեռնում կամ դատարկում 1000 ռուբլով։ Առօրյա հոգսերով լցված օրերն անցնում էին, մինչեւ 2019 թ․ ամռանը Ռաֆիկը որոշեց Հայաստան գալ՝ պարտադիր զինծառայություն անցնելու համար։ Ռուսաստան տեղափոխվելուց հետո հայրենիք առաջին անգամ էր գալիս։

2019 թ․ հուլիսի 3-ին 20-ամյա Ռաֆիկը զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Հայաստանի հարավային զորամասերից մեկում։ Ծառայությունն, ասում է, լավ էր անցնում, արդեն հասցրել էր ընկերներ ձեռք բերել, միասին նպատակներ ու երազանքներ կառուցել։ Սակայն 2020 թ․ սեպտեմբերի 27-ը դարձավ բաժանարար գիծ ընկերներից շատերի համար։

Այդ օրը Ռաֆիկենք մարտական դիրքերում էին։ 4 օրից պետք է հերթափոխ կատարվեր, սակայն 27-ի առավոտվա ժամը 5-ին տագնապ էին տվել։ Թշնամին ականանետով թիրախավորել էր իրենց դիրքը։ Երկու ժամ հետո լսել էին Ստեփանակերտի հրետակոծման լուրը։ Դրանից հետո Ռաֆիկենց տարել էին Ջաբրայիլ, ապա՝ Հադրութ։

«Տեսածներս թշնամուս էլ չեմ ցանկանա»,- ասում է պատերազմի մասնակիցը։ Դեմքին որեւէ մկան չի շարժվում, որ կարողանաս հասկանալ ապրումները։ Երբեմն միայն շնչառությունն է դժվարանում։ Դեպքերը պատմում է առանց տեղանունների ու ամսաթվերի։ «Հեչ մեկս չիդեր՝ ինչ օր է, ամսի քանիսն է, ժամը քանիսն է։ Ժամանակ չունեինք»,- նկատում է նա։

Սեպտեմբերի 30-ին արդեն Ջաբրայիլում էին։ Ասում է՝ սկզբից տարել էին մի ծառի մոտ, որը թշնամու համար կողմնորոշիչ էր։ Ծառի մոտ իջել էին մեքենաներից ու բաժանվել խմբերի։

Ռազմաճակատում բոլոր օրերը նման էին իրենց ծանրությամբ։ Դեմառդեմ մարտերը առավոտյան 4-5-ին էին սկսվում, երբ թշնամու զորքը մոտենում էր։ Ողջ օրը թշնամու հրետանին ու անօդաչու թռչող սարքերն աշխատում էին։ Ռաֆիկն ասում է, որ առաջին զոհը տեսնելն ամենադժվար պահն է։ Այդպես մի տղա հենց իր աչքի առաջ ընկավ։ Հետո ականատես էր եղել իր իսկ ընկերների զոհվելուն. «Աչքիս առաջ շատ բաներ էին կատարվում։ Ընկերս զոհվել էր, դիակը տեսել եմ։ Սնարյադը գցել էին դեմը, տեսա ընկերոջս պառկած, հետո քաշեցին, հանեցին ճամփան։ Հադրութում էինք։ Կամանդիրը չթողեց մոտիկ գնամ։ Ասկոլկան կպել էր մյուս ընկերոջս գլխի մեջ ու տնկված մնացել։ Մի ընկերս Սպիտակից էր, էն մյուսը՝ Մարտունուց»։ Ռաֆիկենց գումարտակը շատ զոհեր էր տվել Ջաբրայիլում։

Առաջին օրերին թշնամին կարողացել էր շարքից հանել մեր հակաօդային պաշտպանության մի մասը։ Ռաֆիկն ասում է, որ երկնքում պտտվող անօդաչուների դեմ երբեմն իրենց անզոր էին զգում։ Երբ մեքենայով տեղաշարժվում էին, մեկը պարտադիր հետեւում էր, որ ԱԹՍ-ների մոտենալու ժամանակ կրակի, ինչից հետո բոլորով դուրս էին գալիս մեքենայից, դիրքավորվում պառկելով ու կրակում։

Անօդաչուները երբեմն մոտենում էին։ Այդ պահին պետք է անշարժանային։ «Կմոտենա, նայե գը, եթե շարժվիս գը, ուրեմն սաղ ես, եթե չշարժվես, ուրեմն կհասկանա, որ զոհվել ես։ Երկու անգամ ինձ էլ ըդպես մոտեցավ, ես գիտեի՝ կկրակի, բայց չէ»,- վերհիշում է Ռաֆիկը։ Հետո լռում ենք։

Գարնանային տաքություն կա օդում։ Մոտ տեղից շան երկար հաչոց է լսվում։ Ռաֆիկը հիմնականում կցկտուր է խոսում, ստիպված շատ եմ հարցեր տալիս։ Երբեմն կարճ պատասխանից հետո լռում է եւ ուշադիր նայում դեմքիս։ Ու դժվար է հասկանալ, թե ինչ է մտածում այդ պահին։

«Ամբողջ պատերազմը չեմ մոռանում»,- ասում է 22-ամյա տղան։ Հիշում է, որ գյուղերից մեկում մարտեր էին։ Մարդիկ թողել-գնացել էին, իսկ բակերում լվացք էր փռած, անասուններն էլ բաց էին թողնված։

«Պատերազմի ժամանակ միակ բանը, որ մտածում էիր, ըդիկ տուն գալն էր, մոր աչքերը թաց չթողնելը։ Մեկ էլ մտածում էի, որ ես իմ գերեզմանն ունենայի, կարող ա վիրավորվեի կամ տրաքեի, ինձնից բան չմնար»,- ասում է Ռաֆիկը։

Հոկտեմբերի 10-ի գիշերը Հադրութում Ռաֆիկը վիրավորվել է «կամիկաձե» ԱԹՍ-ի հարվածից։ Գանգուղեղի վիրավորում է ստացել: 7 օր կոմայի մեջ է եղել։ «Բացի գանգուղեղի վիրավորումից՝ ասկոլկա կա գլխիս մեջ, չեն հանել, ասել են՝ պիտի մսոտվի։ Մի ասկոլկա էլ թոքիս մոտ է, շնչելը դժվարանում է։ Երկու անգամ ջուր են քաշել, կողով-մողով վնասված է։ Մինչեւ պատերազմը ոչ մի թերություն չեմ ունեցել, չէ, մե հատ ունեցել եմ՝ քթիս մեջ միս ունեի։ Պատերազմից հետո էս վիճակն է՝ թոքս, սալջարդ, էս ձեռս էր ճղած, կարել են»,- ասում է Ռաֆիկը։

Վիրավորվելուց հետո որոշ ժամանակ սայլակով էր տեղաշարժվում: Հիմա գրեթե ամբողջ օրը տանն է անցկացնում, երկար չի կարողանում քայլել: Գլխացավերը շատ են ու հիմնականում սաստկանում են գիշերները: Ցավազրկող դեղեր է խմում՝ ցավը փոքր-ինչ մեղմելու համար:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ռաֆիկը գնալու տեղ չուներ։ Հեռավոր բարեկամուհին է տարել իր տուն։

Ծանր վնասվածքներ ստացած Ռաֆիկին հունվարին ներառել են հաշմանդամության երրորդ խումբ, ինչի համար ամսական 26 հազար դրամ թոշակ է ստանում: 22-ամյա տղան սպասում է պատերազմի մասնակցության համար տրվող 500 հազար դրամին։ Դրա համար զորամասից պետք է տեղեկանք ուղարկեն: Երբ գումարը ստանա, մեկնելու է Ռուսաստան՝ մորաքրոջ մոտ: Մայրն առողջական խնդիրներ ունի:

Ամռանը կրկին գալու է Հայաստան՝ գանգուղեղի երկրորդ վիրահատության: Ասում է՝ գալուց հետո շատ է ուզում մնալ ու աշխատել Գյումրիում, բայց դրա համար ամեն ինչ պիտի սկսի զրոյից:

Պատերազմը Ռաֆիկից խլել է ժպիտը: Ու դժվար թե կարողանանք հասկանալ դա: Վերականգնվելուց հետո տեսակցության է գնալու զոհված ընկերների ընտանիքներին: Հեռախոսով ցույց է տալիս հիվանդանոցում արված նկարներից: Ասում է՝ հրաշք է, որ հիմա այստեղ նստած է: Իսկ այն հեռախոսը, որով պատերազմի ժամանակ նկարվել էին, կորցրել է Ջաբրայիլում:

Պատերազմի ողջ ընթացքում Ռաֆիկի հետ է եղել զորամասի գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանի նվիրած Նոր կտակարանը: Հարեւան սենյակից թափանցիկ տոպրակն է բերում, որտեղ մի քանի իր կա: Հիվանդանոցում անձնական իրերը տեղավորել էին դրա մեջ՝ վրան գրելով անուն-ազգանունը: Իրերի մեջ է նաեւ Նոր կտակարանը, որը փոքր-ինչ խոնավ է թվում: Ռաֆիկը հայերեն կարդալ դեռ չգիտի: Հեռախոսով հավելված է ներբեռնել ու սկսել սովորել:

Ասում է՝ պատերազմից հետո այլ կերպ է իմաստավորում կյանքը: Իրեն ապրելու երկրորդ հնարավորություն է տրված, եւ սխալներ ու սայթաքումներ պետք է քիչ անի: Զինծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր զբաղվել առանց կանոնների մարտերով, բայց պատերազմը փոխեց ծրագրերը. ներկա ֆիզիկական տվյալներով այլեւս չի կարող:

-Եղե՞լ է թեկուզ մի պահ, որ պատերազմի ժամանակ մտածեիր, թե ինչի համար եկար, ներկայացար զինծառայության:

-Չէ, բացարձակ, դաժե վիրավորումից հետո չեմ մտածել էդ մասին: Հիմի էլ եթե պատերազմ լինի, ես կէրթամ, կմասնակցեմ,- պատասխանում է Ռաֆիկը:

Նրան հրաժեշտ ենք տալիս բակում: Ասում եմ՝ արեւոտ օր է, գուցե դուրս գա փոքր-ինչ զբոսնի Գյումրիում: Առաջին անգամ մեղմ ժպիտ եմ տեսնում դեմքին, ասում է՝ շատ կցանկանար երկար քայլել, բայց չի կարող:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Ռաֆիկ Մելքոնյանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter