HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու ամսվա ծառայողի ծնողները համոզված էին, որ իրենց որդին ռազմական գործողություններին չի մասնակցի

Հովհաննես Մուրադյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի օգոստոսին։ Երբ պատերազմը սկսվեց, ընդամենը 2 ամսվա ծառայող էր Մարտունի-3 զորամասում։ Ընտանիքը վերջին անգամ Հովհաննեսից զանգ է ստացել հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը տղան ասել է, որ գնում են դեպի Հադրութ։ Դրանից հետո Հովհաննեսի հետ կապն ընդհատվել է։ Դեկտեմբերի 8-ին Հովհաննեսի մորը՝ Հասմիկ Մուրադյանին կանչել են ԴՆԹ հետազոտության։ Հունվարի 29-ին ԴՆԹ անալիզի պատասխանը հաստատել է, որ Հովհաննեսի մարմինը գտնվել է։ Նրան հուղարկավորել են Խոր Վիրապի գերեզմանատանը։

Հունվարի 30-ն էր, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի միջով հարեւան Եղեգնավան էինք գնում։ Ճանապարհին թաղման թափորի հանդիպեցինք։ Փողոցում կախված սև ժապավենից հասկացանք՝ զինվորի հուղարկավորություն է։ Տաքսու վարորդը խոր հոգոց հանեց։ «Պատերազմը 2 ամիս է ավարտվել է, բայց դեռ թաղումները շարունակվում են, տեսնես հիմա ո՞ւմ տան լույսը մարեց»,-ասաց նա։

Ամիսներ անց որոշեցինք գտնել Փոքր Վեդիում հուղարկավորված զինվորի ընտանիքին: Գյուղում հարց ու փորձ անելուց հետո գտանք Հովհաննես Մուրադյանի տունը։ 

Նախքան նրանց այցելելը, զանգել ու պայմանավորվել էինք ընտանիքի ավագ որդու՝ Կարենի հետ։ Այդ ժամանակ դեռ չգիտեինք, որ ընտանիքում ևս մեկ դժբախտություն է պատահել. Հովհաննեսի հայրը՝ 43-ամյա Արմեն Մուրադյանը, նոյեմբերի 20-ին  ավտովթարից մահացել է։ Նրա վարած մեքենան բախվել է Արարատի մարզի  Բերքանուշ գյուղի բնակչի վարած տրակտորին: Արմենի մեքենան վթարի հետևանքով կողաշրջվել և հայտնվել է ջրատարում։ Նա տեղում մահացել է։ 

Հովհաննեսի կրտսեր եղբայրը՝ 15-ամյա Գոռն է մեզ դիմավորում: Հովհաննեսը 2 եղբայր ու մի քույր ունի։ Ավագ եղբայրը՝ Կարենը, մեր այցելության պահին տանը չէր: 

Ներս ենք մտնում, տեղավորվում բազմոցին, տանտիրուհին սառած աչքերով  շարունակում է նայել դռան կողմը, բարևելուց հետո մի քանի րոպե ոչինչ չենք խոսում: 

Սենյակի մյուս կողմում՝ բազկաթոռին, նստած է Դոնարա Զախարյանը՝ Հասմիկի սկեսուրը։ Նա էլ լուռ է, մեր ամբողջ զրույցի ընթացքում գրեթե ոչինչ չի խոսում: Հանկարծ ասում է, որ Հովհաննեսն իր հետ շատ կապված էր. «Հովհաննեսը մեծացած-փոքրացած էր, իմ ընկերն էր, չէր թողնում, որ փոքր ախպերը ջղայնացնի ինձ, ասում էր՝ տատիի խաթրին չկպնեք, երկու ամսվա մեջ երկու ջահել դրեցի հողում ու ես դեռ ապրում եմ»,-ասում է Դոնարա Զախարյանը։

Հասմիկն ասում է, որ սկեսուրը թոռների մեջ բոլորից շատ Հովհաննեսին էր սիրում, իսկ հիմա շատ է կոտրվել։

Պատմում է վթարի մասին, որի հետևանքով մահացել է Արմենը։ Այդ օրն ամուսինը վերադառնում էր աշխատանքից, դեպքից երկու շաբաթ առաջ աշխատանքի էր անցել Էջմիածնի ալրաղացում։ Հասմիկը կարծում է, որ ամուսինը տղայի մասին մտքերով է եղել ու անուշադիր է վարել մեքենան՝ չնկատելով առջևից եկող տրակտորը։ Այդ ժամանակ նրանք դեռ ոչ մի լուր չունեին Հովհաննեսից ու տարբեր տեղեր էին դիմում։ 

Երբ լսում էին, որ ծանոթներից ինչ-որ մեկի տղան չի զանգել, տագնապում էին, հետո իրենք իրենց հանգստացնում էին այն մտքով, որ Հովհաննեսը երկու ամսվա ծառայող է, նրան առաջնագիծ տարած չեն լինի։ Հովհաննեսը խոսելիս միշտ ասել է, որ իրենք թիկունքում են։

Ամուսնու մահանալուց հետո էլ Հասմիկը դիմել է Պաշտպանության նախարարություն, ասում է՝ կարծում էր, թե որդուն ինչ-որ տեղ են պահում՝ որպես նոր զորակոչված, քանի որ գիտեր, որ շատերից լուր չկա, կամ էլ այնպիսի վայրում է, որ կապի հասանելիության չկա։ «Ամեն հավանական ու անհավանական տարբերակ մտածում էի, բայց ոչ զոհվելը։ Հասկանում էի, որ մեկ-մեկ շատ անհավանական բաներ եմ մտածում, ես մինչև ԴՆԹ-ի կանչելու օրը՝ դեկտեմբերի 8-ը, համոզված էի, որ ինքը ողջ է»,-ասում է մայրը։

 «Ամեն տարի գարնանը տան դիմաց ծաղկանոց էր սարքում, տարբեր սերմեր գտնում, բերում, տնկում, հողի հետ աշխատել շատ էր սիրում»,-պատմում է մայրը։ Հասմիկն օրավարձով աշխատում է գյուղացիների դաշտերում։ Ամուսինն էլ, մինչև ալրաղացում աշխատանքի տեղավորվելը, նույն գործով էր զբաղվում։ Հովհաննեսը ևս դպրոցի դասերին զուգահեռ ծնողների հետ աշխատում էր։ Հասմիկն ասում է՝ տղան չէր սիրում իրենցից գումար վերցնել։

4 երեխաների մայրն ասում է, որ Հովհաննեսը յուրահատուկ էր, երբ նա տանն էր,  իրեն հանգիստ էր զգում։ «Հովհաննեսը կարծես ինձ փոխարինողը լիներ»,-ասում է նա։

Մեկ տարի առաջ Հասմիկն ու ամուսինը մեկնել էին արտագնա աշխատանքի, տանը մնացել էին երեխաներն ու տատը՝ Դոնարան։ Հովհաննեսը կարողացել է տանն ամեն ինչ այնպես կազմակերպել, որ ընտանիքի ծանրությունը չընկնի տատիկի վրա, ու մոր պակասը չզգացվի։ Դոնարան գլխի շարժումով համաձայնում է հարսի ասածին։ «Մեր Հովհաննեսն ուրիշ էր»,-հոգոց է հանում տատը։

Հովհաննեսի զոհվելու հանգամանքներն ընտանիքի անդամները չգիտեն, կարծում են, որ նա զոհվել է հոկտեմբերի 11-ին, հավանաբար՝ Հադրութում, քանի որ վերջին անգամ՝ հոկտեմբերի 10-ին խոսելիս ասել է, որ գնում են Հադրութ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter