HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ՄԻՊ. «Համարում եմ, որ նախագիծը խտրական է եւ սահմանափակում է ՄԻՊ-ի գործունեությունը»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում» Կառավարության առաջարկած փոփոխություններին։

Կառավարությունն առաջարկում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Ըստ որի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով։

Ըստ Թաթոյանի՝ այս դրույթը ընդունվել էր 2016-ին, եւ ՄԻՊ-ի համար մեծ հաջողություն էր։ Վերջինիս խոսքով՝ նախագծի մասին լուրն իմացել է լրատվամիջոցներից, երբ դեռ ընթանում էր Կառավարության նիստը։ Պաշտպանի ասաց՝ այս նախագիծը իրենց կզրկի անկախության երաշխիքից։

Թաթոյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ իրենց կատարած աշխատանքներին, ներկայացրեց այս տարվա բյուջեն՝ 532 մլն 480 դրամ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 2,3 մլն դրամ։

Նշեց, որ նախագիծը Կառավարությունում քննարկվել է մինչեւ պատերազմը, ինքը եւս  մասնակցել է, ներկայացրել առարկությունները, Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ այս դրույթը խանգարում է կատարել միջազգային ներդրումներ եւ բյուջեում փոփոխություններ անել։ Ըստ նրա՝ պատերազմի ընթացքում մտածել է, որ կատարած աշխատանքի մեծածավալությունը, բարդությունը տեսնելով՝ Կառավարությունը կհրաժարվի նախագիծը ներկայացնել, սակայն հունվարին նորից քննարկում է եղել, որին նորից իրենց առարկությունները ներկայացրել են։ 

Թաթոյանն առաջարկել էր կրճատումներ անել բոլոր պետական կառույցներում, ոչ թե դրսեւորել խտրական վերաբերմունք ՄԻՊ-ի նկատմամբ. «Դրույթով վերացվում է ոչ միայն ՄԻՊ-ի գործունեության երաշխիքը՝ որպես օմբուդսմեն, այլեւ երեք միջազգային կարգավիճակ ունենք՝ «Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ», «Երեխաների օրենքների միջազգային մեխանիզմ», «Հաշմանդամություն ունեցող անձանց մեխանիզմ», եւ այս ամենը վերաբերելու է նաեւ գործունեությանն այս ոլորտներում.... Ես համարում եմ՝ այս նախագիծը խտրական է, ուղղված է ՄԻՊ-ի գործունեության սահմափակելուն», - նշեց Թաթոյանը։ 

Նա տեղեկացրեց, որ 2016-ից սկսած ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվն աճել է։  2021-ի առաջին երկու ամիսների ընթացքում ՄԻՊ-ը ստացել է 3 հազար բողոք, եւ աճել է նաեւ դրական արդյունքների թիվը։ 

Պատերազմից  հետո աշխատանքի ծավալներն ու ոլորտը մեծացել են՝ գերիներ, անհետ կորածներ, սահմանների հարց, սահմանային բնակավայրեր: «Կառավարությունը պետք է հաշվի առներ կատարվող աշխատանքները», ասում է Արման Թաթոյանը։

Հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ էլ Կառավարությունը կրճատել է իրենց հատկացված ծառայողական մեքենաները՝ առաջարկելով այցերն անել տաքսիներով կամ այլ մեքենաներով,  մինչդեռ իրենց այցերի մեծ մասը գաղտնի է։ 

Հայաստանի ՄԻՊ-ն ունի միջազգային հավատարմագրում եւ միջազգային «Ա» կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս ելույթներ ունենալ, բարձրաձայնել հարցեր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի ՄԻՊ-ը իրավունք չունի, քանի որ ունի «Բ» մակարդակ։ 

Նա նշեց, որ փոփոխությունները կարող են հանգեցնել նաեւ հավատարմագրման մակարդակի փոփոխության։ Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանը ամրագրել է Հայաստանում 2016թ-ին ընդունված այս դրույթը, որը Հայաստանի կառավարությունն առաջարկում է հանել, եւ դիմելու է ՄԱԿ, որ ստանա «Ա» կարգավիճակ։

«ՄԻՊ-ի հաստատությունը որքան ուժեղ է, այնքան բարձր է երկրում ժողովրդավարության մակարդակը»,- նշեց պաշտպանը։

Թաթոյանը նախագիծը որակեց հակասահմանադրական եւ հավելեց, որ այն ընդունելուց հետո դիմելու է Սահմանադրական դատարան՝ որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը։ Նրա խոսքով՝ հարցը կունենա միջազգային արձագանք։

Ա. Թաթոյանն ասում է, որ նախագիծն սահմանափակելու է ՄԻՊ-ի գործունեությունը, քանի որ այն ընդունելուց հետո, եթե ՄԻՊ-ն այնպես աշխատեց, որ դուր չեկավ քաղաքական իշխանության մարմիններին, հաջորդ տարի կարող է ներկայացվել ֆինանսավորումը կրճատելու նախագիծ։ Թաթոյանի խոսքով՝ եթե նախագիծն ընդունվի, ամեն ինչ անելու է գրասենյակը պահպանելու համար։ «Իմ աշխատանքի ժամանակ, երբեւէ չի եղել մի դեպք, որ կառավարող խմբակցությանը քննադատելով կամ Կառավարությանը քննադատելով բարձրացնա մեր պետական բյուջեի նախագիծը»,- նշեց ՄԻՊ-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter