HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, այսօր մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։ Այս մասին «Հետք»-ին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ։

Նրա վերաբերյալ գործը դատաքննության նախապատրաստելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշել է անփոփոխ թողնել Վերմիշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, և պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են վերաքննիչ դատարան։

Այն գործով, որով Վերմիշյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, անցնում են նաև Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, «Երևան շին» ՓԲԸ-ի նախագահ Վազգեն Պողոսյանն ու ևս 5 անձ։

Ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվությանը՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։ Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում։

Վազգեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գագիկ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս միջոցով պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր և Գագիկ Գալստյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար։

Ջոն Ֆարխոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձին անձամբ տրամադրել է 952.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք իր օգտին պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով որևէ գործողություն կատարելու կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար։

Ռազմիկ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին տվել է կաշառք, մասնավորապես` անձամբ պաշտոնատար անձին առաջարկել է այլ անձի համար գույք` իր օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու համար:

Գագիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վազգեն Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` իր և Վազգեն Պողոսյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար:

Մուշեղ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նատալիա Չեռնիկովայի հետ նախնական համաձայնությամբ, «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության հաշվապահներ Էլեն Գրիգորյանի և Վրեժ Ասրյանի օժանդակությամբ պատրաստել և օգտագործել են ակնհայտ կեղծ փաստաթղթեր:

Էլեն Գրիգորյանին և Վրեժ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Ավետիսյանին և Նատալիա Չեռնիկովային ակնհայտ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու հարցում օժանդակելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter