
Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացիները մարտական գործողությունների ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել եւ բժիշկների հսկողության ներքո են
Վարձկանության և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին ձերբակալվելուց և կալանավորվելուց հետո բուժում են ստացել, այժմ բժիշկների հսկողության ներքո են։ Նրանց պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հարցում է կատարել բժշկական կենտրոն ու ստացել այս պատասխանը։ Սիրիացիներն այժմ կալանավայրում են, պաշտպանն ասում է՝ որևէ դժգոհություն չեն հայտնում։
Հիշեցնենք, որ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին մեղադրվում են վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։ Պատերազմի առնչությամբ քննվող քրեական գործի շրջանակներում նրանք ցուցմունքներ են տվել ու հայտնել, որ ի թիվս այլ վարձկանների՝ իրենք նախ Սիրիա-Թուրքիա սահմանը հատելով՝ հայտնվել են Թուրքիայում։ Երկու մեղադրյալներն էլ հայտնել են, որ թուրքական Քիլիսի անցակետում իրենց չեն ստուգել, և սահմանն անցնելուց հետո իրենք ավտոբուսներով տեղափոխվել են քաղաքացիական օդանավակայան, թուրքական ինքնաթիռով այս օդանավակայանից տեղափոխվել են Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ օդանավակայան, որտեղ նստել են ադրբեջանական ինքնաթիռ և մեկնել Ադրբեջան:
Էդուարդ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանը երկրորդ անգամ բավարարել է մեղադրյալների խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները։ Հատկանշական է, որ այս անգամ վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է ոչ թե երկու, այլ մեկ ամսով երկարացնել սիրիացիների խափանման միջոց կալանավորումը։ Մարտ ամսվա վերջին և ապրիլի սկզբին կլրանա նաև այս ժամկետը։
Լուսանկարում՝ աջից՝ Յուսեֆ ալ-Հաջին
Մեկնաբանել