HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Թագուհի Թովմասյանը պնդում է՝ ըստ Ինտերպոլի Գևորգ Կոստանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ըստ Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլի), Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ենթարկվում է քաղաքական հետապնդման:

Նման պնդում արեց նախկին իմքայլական, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում: Պատգամավորի խոսքով` իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է:

«Գևորգ Կոստանյանի գործն Ինտերպոլը համարել է քաղաքական ու համապատասխան ծանուցում չի ուղարկվել, և այդ անձի վերաբերյալ տեղեկությունը դեռևս 2020 թվականի ապրիլի չորսին Ինտերպոլի տվյալների բազայից հանվել է: Միջազգային քրեական ոստիկանությունը մերժել է Հայաստանի իրավապահներին հետախուզում հայտարարել Գևորգ Կոստանյանի նկատմամբ, իսկ մենք անդադար լսում էինք, որ ՀՔԾ-ն, Դատախազությունը հետախուզում են հայտարարել Կոստանյանի նկատմամբ»,- ասաց Թովմասյանը:

Ըստ պատգամավորի` այս գործով Ինտերպոլից մերժել են Հայաստանի հետ համագործակցել կոնկրետ դեպքով և կոչ են արել Հայաստանի իրավապահներին անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները և չպահանջել հետախուզում:

Թագուհի Թովմասյանը չհստակեցրեց` այդ փաստաթուղթն իր մոտ ինչպես է հայտնվել, ավելին` նշեց, որ այլ փաստաթուղթ ևս ունի, որը կհրապարակի ըստ պատեհության:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել «Մարտի 1-ի գործով»: Վերջինիս վերագրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարք: Խոսքը, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-334-րդ հոդվածի 1-ին մասի և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասին է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը: Նա գտնվում է հետախուզման մեջ:

Լուսանկարը` Ֆոտոլուրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter