HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան. ՌԴ-ն ևս մերժել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավապահների պահանջը

«Թագուհի Թովմասյանի լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը պաշտպանական կողմին հայտնի չի եղել, դրա մասին նրանք տեղեկացել են լրատվամիջոցներից: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը: Վերջինս սակայն, ընդգծել է, որ մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունը ևս մերժել է ՀՀ իրավասու մարմնի պահանջը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հայտարարված հետախուզումն ի սկզբանե եղել է ակնհայտ ապօրինի»:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ և մերժել Հայաստանի հետ համագործակցել՝ կոնկրետ այս դեպքով:

«Թագուհի Թովմասյանի հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ համաշխարհային մակարդակով, այլ ոչ թե եվրոպական կամ ասիական միջազգային կազմակերպությունների մակարդակով, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը հաստատված է համարել, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ միջազգային հետախուզումը գնահատվել է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին հակասող՝ որպես քաղաքական ու ապօրինի»,- ասաց Գևորգ Գևորգյանը:

Փաստորեն, ըստ պաշտպանի, Գևորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը թե´ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների, թե´ Ինտերպոլի կենտրոնական մարմնի կողմից գնահատվել է որպես անօրինական: Այս հանգամանքն, ըստ Գևորգյանի, կրկին վերահաստատում է իրենց այն եզրահանգումը, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որևէ փաստական կամ իրավական հիմք չունի, այդ կապակցությամբ որևէ ապացույց չկա և չի էլ կարող լինել:

Պաշտպանը նաև նշեց, որ Թագուհի Թովմասյանի հայտարարությունից անմիջապես հետո դրանում նշված փաստարկներն իրենք ներկայացրել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջը քննարկելիս դրանք որպես նոր հանգամանք հաշվի առնելու նպատակով:

Լուսանկարում՝ Գևորգ Գևորգյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter