HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տերյան 107-ի բարձրահարկ համալիրի տարածքի 15%-ն է կանաչապատվելու․ հանրային լսումն ավարտվեց

Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենքում այսօր՝ մարտի 17-ին, տեղի ունեցավ Տերյան 107 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի 2-րդ հանրային լսումը։

«Ռենշին» ՍՊ ընկերությունը նախատեսում է Տերյան 107 հասցեում 4 մասնաշենքից բաղկացած համալիր կառուցել։ Հյուսիսային մասի շենքերը 14-ից 18 հարկ կունենան, իսկ հարավայինը՝ Տերյան փողոցին հարող մասում, 8-ից 12 հարկ։ Համալիրի շինարարական մակերեսը 100 հազար քմ է, որից վերգետնյա հարկերինը 63 հազար քմ է։ Ստորգետնյա 3 հարկում ավտոկայանատեղի է նախատեսվում։ «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց»-ի ներկայացուցիչ Հայկ Արշակյանը հայտնեց, որ հողամասի կառուցապատման մակերեսը կազմում է 49%: Կառուցվելու է 390 բնակարան, 600 ավոտակայանատեղի։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Հերիքնազ Մկրտչյանը կառուցապատման ծրագիրը ներկայացնողներին խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել տեխնիկատնտեսական ցուցանիշները (կառուցապատման, կանաչապատման տոկոսներով և համապատասխանությունը նախագծման թույլտվությանը)։

Հայկ Արշակյանը նշեց, որ կառուցապատման մակերեսը կազմում է 49%: Փորձագետի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ է հայտով 8600 քմ 1.2 հա մակերեսով հողամասի համար։ Հայկ Արշակյանը, շարունակելով, նշեց, որ կանաչապատման մակերեսն էլ կազմելու է 15 տոկոս։ Փորձագետը կրկին հարցրեց՝ ինչո՞ւ 15 %։ Հայկ Արշակյանը պարզաբանեց, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքով՝ կանաչապատման մակերեսը մինչև 40% պետք է կազմի։

Կառուցապատման դենդրոնախագիծը պատրաստած «Էկոմենեջմենթ» ընկերության տնօրեն Արթուր Մինասյանը միջամտեց՝ դենդրոնախագիծը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի հաստատմանը, որից վերջանականապես պարզ կլինի, թե մինչև 40% կանաչապատման սանդղակում քանի տոկոս պետք է լինի կանաչապատման մակերեսը։

Ճարտարապետական արվեստանոցի ներկայացուցիչն էլ հավելեց, որ տեռասաձեւ հարկերում կանաչ գոտիներ են լինելու, որոնք օտարման ենթակա չեն, փոխանցվելու են շենքի հետագա կառավարչին։ «Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանցն էլ հավաստիացրեց, որ այդպիսի շենքեր արդեն կառուցել են Երևանում և պահպանված են տեռասները։ Բացի այդ, կառուցապատողը նախատեսում է իրենց տարածքից դուրս գտնվող տարածքներում բարեգործական հիմունքներով կանաչապատում իրականացնել։

Կառուցապատման ծրագրի վերաբերյալ գրավոր կարծիք է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Ըստ այդմ, Տերյան 107 հասցեն գտնվում է Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտիների նախագծով հաստատված թիվ 1 կառուցապատման կարգավորման գոտում, որտեղ գործում է պայմանակարգ։

Այն է՝ նոր կառուցվող շենքի քիվի վերին եզրի բարձրությունը փողոցի մայթի մակերևույթից չպետք է գերազանցի 20 մետրը։ 

Փորձագետը հարցրեց՝ հաշվի առե՞լ եք այդ պայմանը։ «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի ներկայացուցիչ Հայկ Արշակյանն ի պատասխան հայտարարեց․ «Կանոնակարգի այդ կետի հետ կապված, Ռուստամ Բադասյանի գրության համաձայն, այդ կետը ճանաչվել է ոչ իրավական։ Ու համապատասխան կարծիքը կցված է գործերին։ Արդարադատության նախարարի կարծիքն է ու հիմնավորումը»։

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020թ.-ի դեկտեմբերին «Ռենշին» ՍՊԸ-ին Տերյան 107 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախագծման թույլտվություն է տվել։ Մինչ այդ հայտ է ներկայացվել ՇՄԱԳ-ի դրական գնահատականի, որի շրջանակում էլ այսօր տեղի ունեցավ 2-րդ հանրային լսումը։ Կախված ՇՄԱԳ-ի եզրակացությունից (դրական կամ բացասական)՝ կորոշվի՝ շինթույլտվություն ստանում է կառուցապատողը, թե՞ ոչ։

Ի դեպ, նախորդ շաբաթ, երբ կառուցապատման այս ծրագրի մասին հանրությունն իրազեկվեց, հասարակական լայն շերտերի ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում քննադատություններ ուղղեցին Երևանի քաղաքապետարանի հասցեին։ Հանրային քննարկմանը, բացի պաշտոնատար անձանցից և նախագիծը ներկայացնողներից, որևէ այլ անձ ներկա չէր։ Այլ հարցեր չհնչեցին։

Հ․Գ․ Երևանի քաղաքապետարանի կողմից դեկտեմբերի 25-ին նախագծման թույլտվություն տրամադրելուն զուգահեռ՝ նույն օրը, կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցերն քննարկում էր «Ռենշին» կառուցապատման-ներդրումային ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Մարությանի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter