
ՀՔԾ-ն լուծարվելու է. պաշտոնատար անձանց գործերը կքննի ԱԱԾ քննչական դեպարտամենտը
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) լուծարվելու է: Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Նախարարը հայտնեց, որ իրավապահ մարմինների և մասնավորապես ՀՔԾ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել ՀՔԾ-ն` ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ-ի մասին» օրենքը: Բադասյանի խոսքով` մինչև հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և համապատասխան պաշտոններում նշանակումը ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ: Մրցութային կարգերի հաստատումից հետո այլ անձնանց հետ հավասար պայմաններում վերջիններս կկարողանան մասնակցել մրցույթի:
ՀՔԾ-ի լուծարումից հետո պաշտոնատար անձանց վերաբերյալ քննությունները կատարվելու են ԱԱԾ քննչական դեպարտամենտում:
Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:
Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պաշտպանությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պարտավորվում է յուրաքանչյուր տարի Կառավարություն և Ազգային ժողով ներկայացնել նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
Մեկնաբանել