HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գալակտիկա տրանս սերվիսը» զրկվել է «Հարավային» ավտոկայանից ուղևորափոխադրումներ իրականացնելու հնարավորությունից

Երեկ առավոտյան՝ մարտի 18-ին, «Գալակտիկա տրանս սերվիսի» վարորդներին թույլ չեն տվել ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մեքենաները կայանել սկզբնակետ հանդիսացող Սևանի փողոցում գտնվող «Հարավային» ավտոկայանի տարածքում։ «Հայավտոկայարանի» աշխատակիցները վարորդներին ասել են, որ նրանք չունեն պայմանագիր հետևաբար չեն կարող ուղևորափոխադրումներ իրականացնել կայարանի տարածքից։

«Գալակտիկա տրանս սերվիս» ՓԲԸ-ի վարորդներն առավոտյան ուղևորներին ստիպված են եղել իջեցնել փողոցում, քանի որ նրանց մուտքը կայարանի տարածք արգելվել է։

Արարատ-Երևան և Արտաշատ-Երևան ուղղությունների վարորդներ Սամվել Աբելյանը և Վազգեն Մարգարյանը նշեցին, որ երբ առավոտյան նրանց թույլ չեն տվել «Հարավային» ավտոկայանում կայանել «Գալակտիկա տրանս սերվիս»-ի ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, նրանք դիմել են ընկերության ղեկավար Շուշանիկ Խաչատրյանին։

Մեզ ահազանգել էր Երևան-Խոր Վիրապ-Նոյակերտ երթուղու ուղևոր Հասմիկ Ասատրյանը և հայտնել, որ ավտոբուսը հնարավոր է չգործի, քանի որ չեն թույլատրում կայանել կայարանի տարածքում։ Հասմիկի խոսքով՝ ուղևորները ստիպված են եղել իջնել փողոցում։ «Հարավային» կայարան մեր այցելության պահին կայարանում էր նաև ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը, նա մեզ հետ զրույցում նշեց, որ ավտոկայանը չի ապահովում նվազագույն պայմաններ ուղևորափոխադրումները պատշաճ կազմակերպելու համար։ Բացի այդ «Գալակտիկա տրանս սերվիսը» ուղևորափոխադրումներ իրականացնելու մրցույթը շահել էր 2018 թվականին, ու պայմանագրի ժամկետը լրանում է 2023-ին, իսկ ավտոկայանը առանց հիմնավոր պատճառներ ներկայացնելու ժամանակից շուտ լուծարել է պայմանագիրը ու հիմա պահանջում է նոր պայմանագիր կնքել։

Խաչատրյանի խոսքով ավտոկայանը չունի երթակարգավար (диспетчер), զուգարան, տնօրենի խոսքով՝ պայմանագիրը կվերակնքի միայն այն դեպքում, երբ ավտոկայանը կազմակերպի պատշաճ սպասարկում։

Ընկերության տնօրենը վերջին անգամ օգոստոս ամսին է վճարել «Հայավտոկայարանի» սպասարկման վճարը։ Ղեկավարի խոսքով՝ ավտոկայանը պահանջում է մեծ գումարներ, բայց դրա փոխարեն սպասարկում չի իրականացնում. «Տեղի համար 700-800 հազար վճարելը էն դեպքում, երբ ոչ մի սպասարկում չկա, նորմալ չի, էստեղ նույնիսկ զուգարան չկա, նորմալ դիսպետչերանոց չկա, ես ինչի՞ համար իրենց էդքան գումար վճարեմ, իրենք մեզնից գումարը պահանջում են, բայց իրենց պարտականությունները չեն կատարում, ոչ մի պայման չկա, եթե մենք պարտավոր ենք գումար վճարել, իրենք էլ պարտավոր են գումարի դիմաց սպասարկել ավտոբուսները, որը չի արվում»,- նշեց Խաչատրյանը։

Խաչատրյանը ասաց նաև, որ երթուղայինների մուտքը կայարանի տարածք արգելելու համար կայարան էին եկել ոստիկաններ: Տնօրենի համոզմամբ դա նրանց գործառույթի մեջ չի մտնում։

«Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը Արարատի մարզում ուղևորափոխադրումներ իրականացնում է Երևան-Արտաշատ/451, Երևան-Արարատ/453,  ուղղությունները միկրոավտոբուսներով, իսկ Երևան-Խոր Վիրապ-Նոյակերտ/467 ուղղությունը՝ ավտոբուսով։

Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունը 2016-ին նաև շահել է հնարավորություն ուղևորափոխադրում իրականացնելու Երևան-Արտաշատ ուղղությամբ ավտոբուսով, բայց մինչև 2020 թվական տարածք չեն հատկացրել ավտոբուսի կայանման համար։ «Մինչ օրս էլ ես Արտաշատում կանգնելու տեղ չունեմ, չնայած մրցույթում նաև էդ ուղղությունն եմ շահել, մարդկանց փողոցից են վերցնում վարորդները»,-նշեց Խաչատրյանը։

«Հետքը» կապ է հաստատել նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Մարիկյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ «Գալակտիկա տրանս սերվիսը» արդեն 6 ամսից ավել է՝ չի վճարում սպասարկման գումարը։

Ընկերության պայմանագիրը դադարեցվել է, քանի որ «Գալակտիկա տրանս սերվիսը» չի իրականացրել վճարումներն, հետևաբար՝ զրկվել է կայարանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնելու հնարավորությունից։ Մարիկյանի խոսքով՝ Խաչատրյանը հրաժարվել է պայմանագիրը վերակնքել։ «Մենք ընկերության դեմ ոչինչ չունենք և ցանկացած պահի, երբ «Գալակտիկա տրանս սերվիսը» նորից վերակնքի իր պայմանագիրը, հնարավորություն կստանա «Հայավտոկայարանի» տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնելու, մենք սիրով պատրաստ ենք նորից աշխատել իրենց հետ այս պահին քանի դեռ չունեն պայմանագիր մենք չենք ուզում, որ ուղևորափոխադրումներ անեն մեր տարածքից»,- նշեց Մարիկյանը։

Խոսելով ավտոկայանի պայմանների մասին՝ Մարիկյանը նշեց, որ վերանորոգման ու բարելավման համար աշխատանքներ իրականացվում են։ Վերջերս Շուշանիկ Խաչատրյանի հորդորով «Կիլիկիա» ավտոկայանում, որտեղից «Գալակտիկա տրանս սերվիսն» իրականացնում է Արմավիր-Երևան ուղղությամբ ուղևորափոխադրումներ, կառուցվում են զուգարաններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter