HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տ. Սիմոնյան. «Իրենց տված լծակներն օգնելու են ապագա իշխանություններին արդարադատություն իրականացնել իրենց իսկ նկատմամբ»

Խորհրդարանն մարտի 19-ի արտահերթ նիստում մեկ օրում երկու ընթերցմամբ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարեց, որի համաձայն, ի թիվս այլ փոփոխությունների, քրեական գործերով պաշտպանների իրավունքները կարող են սահմանափակվել (նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներն են):

Այս մասին զրուցել ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ:

«Իմ տպավորությունն այն է, որ մեր իշխանական գործընկերներն ընդհանրապես չեն պատկերացնում դատական համակարգի ներքին կառուցվածքն ու ընդհանրապես չեն հասկանում արդարադատությունն ինչ է: Իրենց ներկայացրած նախագծերով խճճում են առկա բարդ միջավայրը և դատական համակարգը խավարի մեջ թաղում: Իրենք ասում են դատավորները անկախ չեն, բայց դա ասելով հասկանում են միայն իրենց կամքի արտահայտությամբ անկախությունը, դա ուրիշ խնդիր է»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Սիմոնյանի` այս փոփոխություններով դատավորների կախվածությունը Բարձրագույն դատական խորհրդից ավելի է մեծանալու: Դատավորները պետք է անկախ լինեն ոչ միայն գործադիրից, այլ` մեկը մյուսից: Տարոն Սիմոնյանն անընդունելի է համարում ԲԴԽ-ին տրված այն լիազորությունը, ըստ որի՝ վերջինս կարող է վարույթ հարուցել այն դատավորների նկատմամբ, որոնց քննած գործը Վճռաբեկ դատարանը բեկանել է:

«Պատկերացնում եք` որքան հնարավորություններ են բացվելու ԲԴԽ անդամների համար` անցանկալի դատավորներին համակարգից հանելու համար: Առանց այդ էլ դատական համակարգում մեծ քանակություն են կազմում ոչ կոմպետենտ դատավորները, ովքեր պատահական են համակարգում հայտնվել, բայց իրենց գործից հանելը շատ ավելի հեշտ է: Երբ կարդում ես իրենց կայացրած ակտերը, միանգամից զգում ես, որ մասնագետ չեն: Եւ ի վերջո կա ԱԱԾ, որն անգիր գիտի, թե որ դատավորն ինչքան, երբ, ումից է փող վերցրել: Հանցագործության հիման վրա համակարգից հանելու լծակները թողած, հավելյալ լծակ ենք տալիս ԲԴԽ-ին, որ ինքը որոշի՝ որ դատավորին երբ պետք է հանի կամ վարույթ հարուցի»,- ասում է Սիմոնյանը:

Ըստ նախագծի` ԲԴԽ-ն լիազորություն է ստանալու նաև քրեական գործի քննության ընթացքում մեկ դատավորի վարույթից գործը փոխանցել մեկ այլ դատավորի վարույթ: Այս փոփոխության պատճառը, ըստ Սիմոնյանի, այն է, որ իշխանությունը ցանկանում է իրեն հետաքրքրող քրեական գործերը տեղափոխել իր համար ցանկալի դատավորի վարույթ:

Մեր դիտարկմանը, որ չնայած իշխանությունը ԲԴԽ-ի լիազորությունները ընդլայնում է, սակայն շատ է քննադատում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչով է պայմանավորված այս հակասությունը, Տարոն Սիմոնյանն արձագանքեց.

«Իրենք չեն պատկերացնում համակարգը, ամեն ինչ անձավորված են պատկերացնում, հույս ունեն ԲԴԽ նախագահին կհանեն, կունենան իրենց ցանկալի ԲԴԽ նախագահը, որն էլ ազդեցություն կունենա դատական համակարգի վրա: Սակայն չեն պատկերացնում, որ ԲԴԽ նախագահը վարչական պաշտոն է, ավելի ձայն չունի քան մյուս անդամները, և հետևաբար բումերանգի էֆեկտով իրենց է հարվածելու այս փոփոխությունները: Հո հավերժ չեն, կորցնելու են չէ՞ իրենց իշխանությունը, իրենց տված լծակները օգնելու են ապագա իշխանություններին արդարադատություն իրականացնել իրենց իսկ նկատմամբ, դա էլ չեն հասկանում»:

Ըստ Սիմոնյանի` իրավաբանական միջին մակարդակի գիտելիքներն ունենալու դեպքում բավարար է հասկանալ, որ առկա նախագիծը խանգարելու է դատական համակարգի առողջացմանը:

Հիշեցնենք, որ փոփոխությունների համաձայն` դատական սանկցիայի առանձին տեսակ է նախատեսվել` իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը:

Դատարանը, դատավարության մասնակցի կողմից նման վարքագիծ պարբերաբար դրսևորելու դեպքում, իրավունք կունենա սահմանել այն դատավարական իրավունքի իրականացման պայմանները (քանակական և ժամկետային սահմանափակումներ կիրառելով), որոնց իրականացումը օգտագործվում է իրավունքի չարաշահում կատարելու համար:

Մյուս փոփոխության համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, Արդարադատության նախարարից և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք և պահպանված են սահմանված ժամկետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter