HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ռոմելա Աբովյան․ «Կորոնավիրուսի թվերի աճին զուգահեռ մահճակալային ֆոնդը կարող է սպառվել»

«Հետք»-ը զրուցել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանի հետ։

Ինչո՞վ է պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության թվերի աճը։

Այս պահի դրությամբ պատճառը հիմնականում անվտանգության կանոնների համատարած չպահպանելն է ոչ միայն բաց տարածքներում, այլև փակ կազմակերպություններում, տնտեսվարող գործունեություն իրականացնող կազմակերպություններում, հանրային տրանսպորտում, դպրոցներում, նախադպրոցական կազմակերպություններում։ Շատ հաճախ քաղաքացիներից բողոքներ ենք ստանում, որ ուսումնական հաստատություններում դիմակ չեն կրում, ձեռքերը չեն ախտահանում, սոցիալական հեռավորություն չեն պահպանում, ինչն էլ հանգեցնում է վարակի տարածմանը։ Ինքներս տեսնում ենք, որ բնակչության կողմից նվազել է զգոնությունը հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։

Ո՞ր հիվանդանոցներում է կատարվում վարակակիրների բուժումը։

Կոնկրետ անուններ չեմ նշի, բայց ելնելով իրավիճակից՝ հիվանդանոցները վերաբացվում են, օրինակ՝ վերջերս վերաբացվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը։

Բոլոր մարզերում կա՞ն առանձնացված հիվանդանոցներ կամ գոնե բաժանմունքներ, որոնք զբաղվում են covid-ով հիվանդների բուժմամբ։

Գործընթացը հրամաններով ամրագրված է՝ թե որ պացիենտը որ հիվանդանոց պետք է դիմի։ Ունենք և՛ մարզերում և՛ մայրաքաղաք Երևանում, կախված անհրաժեշտությունից՝ covid-ով վարակված հիվանդների բուժմամբ զբաղվող հիվանդանոցների թիվն ավելանում է, ցավոք։

Ո՞ր տարիքային խմբի մարդիկ են հիմնական վարակակիրները, և ո՞ր խումբն է դիմում բժշկական կենտրոններ։

Վարակակիրների միջին տարիքը 48,9 է, որը գրեթե չի փոփոխվել վերջին շրջանում։ Այս պահին հիվանդանոցներ դիմում են ծանր պացիենտներ, ինչը կարող է պայմանավորված լինել ինքնաբուժությամբ զբաղվելով, երկար տանը մնալով, ճիշտ ժամանակին բժշկի չդիմելով։ Շատերը տնային պայմաններում ինքնաբուժությամբ են զբաղվում՝ ստանալով հակամարմնային դեղորայք, ինչը կորոնավիրուսային հիվանդություն ունենալու դեպքում ցուցված չէ, եթե չկա երկրորդային թոքաբորբ։

Որքանո՞վ է հավանական կրկին վարակվելու ռիսկը։

Դեռևս պարզ չէ։ Հստակ ապացուցողական հիմք չկա՝ արդյոք դա կրկնակի հիվանդության դե՞պք է, թե՞ կրկնավարակ, այսինքն՝ այլ աղբյուրից վարակման դեպք։ Դա հնարավոր չէ այս պահի դրությամբ ասել, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չունի կրկնավարակների դեպքերի ստանդարտ բնորոշումը։

Ինչպիսի՞ն է այս պահին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։

Գերծանրաբեռնված են աշխատում այս պահին հիվանդանոցները, և եթե այսպես շարունակվի, կորոնավիրուսային հիվանդության թվերի աճին զուգահեռ՝ մահճակալային ֆոնդը կարող է սպառվել։

Ինչպե՞ս մարդիկ խուսափեն վարակվելուց։

Շուրջ մեկ տարի է՝ Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է պահպանել այն պարզ հակահամաճարակային պայմանները, որոնք հստակ կանխարգելում են վարակի տարածումը։ Կրել դիմակներ, ընդ որում դիմակը կրել այն փոխելով 2 ժամը մեկ, չդիպչել դիմակի արտաքին, ներքին մակերեսին, ձեռքերի ախտահանումը, կամ լվացումը, սոցիալական հեռավորության պահպանումը։

Կարո՞ղ ենք ասել, որ սա վարակի տարածման երրորդ ալիքն է։

Կարող ենք ասել, որ մենք կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի մեջ ենք կամ մոտենում ենք միգուցե, քանի որ բավականին արագ աճի տեմպ ենք արձանագրում։

Ինչի՞ հետ է կապված մահացությունների թվի աճը։

Շատ դեպքերում պացիենտները 10 օր և ավել մնում են տանը, ստանում տարբեր տեսակի դեղորայքային բուժում, առանց բժշկի ցուցման կամ ոչ համապատասխան բժշկի ցուցմամբ դեղորայք են ստանում, ինչն էլ ծանրացնում է վիճակը, և միայն դրանից հետո դիմում են բժշկական հաստատություններ, որտեղ կազմակերպվում է covid-19-ով վարակակիրների բուժումը։ Դա կարող է լինել պատճառ պացիենտի կլինիկական վիճակի ծանրացման ու մահվան։ Նաև կա միջազգային օրինաչափություն, որ հիվանդացության աճի տեմպերից 2 շաբաթ անց նաև ավելանում է մահվան դեպքերի թիվը։

Կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպով պայմանավորված՝ հնարավո՞ր են սահմանափակումների խստացումներ։

Չի բացառվում, որ եթե հիվանդության թվերը շարունակեն աճել նույն տեմպով, կքննարկենք նաև սահմանափակումները խստացնելու կամ նոր սահմանափակումներ մտցնելու հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter