HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյանը Ռ․ Քոչարյանին առնչվող գործով խորհրդակցական սենյակում է և չի ներկայացել իր վերաբերյալ քննվող քրգործին

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն այսօր չի ներկայացել իր և սանիկի՝ Նորայր Փանոսյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործին։ Ենթադրվում է, որ բացակայության պատճառը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա ՍԴ-ում քննվող գործով խորհրդակցական սենյակում գտնվելն է։

Խորհրդակցական սենյակում գտնվող Թովմասյանի բացակայության պատճառների մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պաշտոնապես չի տեղեկացվել։ Երբ նիստը բացվել է և արձանագրվել է Թովմասյանի բացակայության հանգամանքը, նրա պաշտպան Միհրան Պողոսյանն, այսպես ասած, հիշեցման կարգով, հայտնել է, որ Թովմասյանը, ըստ հանրահայտ տեղեկության, մարտի 23-ին ՍԴ-ում քննվող գործով հեռացել է խորհրդակցական սենյակ, և մինչև այս պահը հանրությանը հայտնի չէ Սահմանադրական դատարանի՝ խորհրդակցական սենյակից վերադառնալու մասին, ուստի պաշտպանը եզրահանգել է, որ, ամենայն հավանականությամբ, Թովմասյանը դատական նիստին չի ներկայացել՝ խորհրդակցական սենյակում լինելու պատճառով։

Նշենք, որ այսօր դատական նիստին չի ներկայացել Թովմասյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, սակայն վերջինս դատարանին դիմում է գրել և խնդրել հաջորդ դատական նիստը ոչ թե մեկ շաբաթով, այլ ավելի երկար ժամկետով հետաձգել, քանի որ դատական գործի քննության այս փուլում կարևոր միջնորդություն ունի ներկայացնելու, սակայն,  հարգելի պատճառով, հաջորդ շաբաթ նիստի ներկայանալ չի կարող։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն, այնուամենայնիվ, որոշել է մեկ շաբաթով հետաձգել նիստը՝ նկատի ունենալով, որ Հրայր Թովմասյանը բացի Օրբելյանից ունի երկու այլ պաշտպան։ Դատարանը նիստը հետաձգել է Թովմասյանի՝ հարգելի պատճառով ներկա չլինելու հիմքով, միաժամանակ նշել է, որ պաշտպան Օրբելյանին հետագայում կտրվի միջնորդություն ներկայացնելու հնարավորություն։

Հիշեցնենք, որ 2010 թվականից մինչև 2014 թվականն Արդարադատության նախարար եղած Հրայր Թովմասյանը և նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Դեռևս գործի նախաքննության ընթացքում Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու իրենից՝ որպես ՍԴ նախագահ։ Այս պահին Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, այլ դատավոր, քանի որ գործող իշխանությունը Սահմանադրական փոփոխություններ է իրականացրել, համաձայն որոնց՝ Թովմասյանն այլևս չէր կարող պաշտոնավարել որպես ՍԴ նախագահ։                       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter