
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Իսլանդիայի նկատմամբ
Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Հանրապետական մարզադաշտում ընդունեց Իսլանդիայի ընտրանուն: Խաղն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նշենք, որ մեկ տարվա դադարից հետո երկրպագուների մուտքը խաղադաշտ թույլատրվել էր:
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հիմնականում հավասար մրցապայքարում: Թեև իսլանդացիները ունեին տարածքային չնչին առավելություն, սակայն մեր ընտրանու գրոհները տեղ-տեղ ավելի սուր էին ստացվում: Փոխնեփոխ գրոհների արդյունքում, այնուամենայնիվ թիմերին իրական գոլային պահեր չհաջողվեց ստեղծել, և խաղացողներն ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքու պայմաններում:
Երկրորդ խաղակեսը շատ հաջող մեկնարկեց մեր հավաքականի համար: 53-րդ րոպեին հարձակման աջ եզրում ստանալով թիմակցի փոխանցումը՝ Տիգրան Բարսեղյանը պտտեցրած հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Թեպետ ընդունած գոլից հետո իսլանդացիները հաշիվը հավասարեցնելու հնարավորություններ ունեցան, Հայաստանի հավաքականը ևս շարունակում էր գրոհելը: 74-րդ րոպեին մեր հավաքականի կազմակերպած հերթական գրոհներից մեկն էլ ձախ եզրից կատարած արդյունավետ հարվածով եզրափակեց փոխարինման մտած Խորեն Բայրամյանը՝ հաշիվը դարձնելով 2:0: Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում J խմբի Գերմանիա-Ռումինիա և Հս. Մակեդոնիա-Լիխտենշտայն հանդիպումները կկայանան այսօր՝ մի փոքր ուշ:
Հիշեցնենք, որ ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով պարտության էր մատնել Լիխտենշտայնին:
Մարտի 31-ին երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ռումինիայի հավաքականին:
Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության
Մեկնաբանել