HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյանի միջնորդությունն առանց քննության թողնելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության

Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանի բողոքը։ Վերջինս Վերաքննիչ դատարանում վիճարկում էր առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթը՝ Թովմասյանին վերաբերելի մասով կարճելու պաշտպանական կողմի միջնորդությունը թողնվել է առանց քննության։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել՝ պնդելով, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ նրա անձեռնմխելությունը չի հաղթահարվել, հետևաբար Թովմասյանի մասով նախաձեռնված բոլոր գործընթացները հակաիրավական են։ Պաշտպանները նաև պնդել են, որ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել առանց դատաքննության, քանի որ իրենց փաստարկները՝ որպես քրեական հետապնդումը Թովմասյանի նկատմամբ բացառող հանգամանք, այս պահին արդեն պարզ են և փոփոխման չեն ենթարկվելու դատաքննության ընթացքում։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մարտի 4-ին որոշում է կայացրել միջնորդությունն առանց քննության թողնելու մասին՝ պատճառաբանելով, որ առանց դատաքննության քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարցնելու որոշման կայացման հնարավորություն նախատեսված է միայն Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածով, որը վերաբերում է քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս համապատասխան հիմքերի առկայության դեպքում առանց դատաքննության քրեական գործի վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Այսինքն՝ վերը նշված որոշումն, ըստ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մեկնաբանության, դատարանը կարող է կայացնել քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս, մինչդեռ այդ փուլում դատարանն այլ որոշում է կայացրել՝ գործը նշանակվել է դատաքննության։ Նման պայմաններում Թովմասյանի նկատմամբ թե՛ հանցակազմի բացակայության, թե՛ անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է լուծվի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու որոշմամբ, այլ  դատական քննություն կատարելու միջոցով՝ մեղադրանքի օրինականության ստուգմամբ, իսկ մեղադրանքի օրինականությունը ստուգել դատարանը կարող է դատական քննության միջոցով՝ համապատասխան փուլերը սպառելուց հետո՝ դատավճռի կայացմամբ։

Թովմասյանի պաշտպանը դատարանի այս որոշում է վիճարկել վերաքննիչ դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին, դատարանի կազմում են նաև դատավորներ Ռուբիկ Մխիթարյանը և Տիգրան Սահակյանը։

Պաշտպանի բողոքն առանց քննության թողնելու վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշվում է, որ  Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով, որը վերաբերում է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերին, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու միջնորդությունը առանց քննության թողնելու մասին որոշման բողոքարկում նախատեսված չէ, և Քեական դատավարության օրենսգրքի որևէ այլ դրույթով նույնպես նախատեսված չէ այդ որոշման՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկելու հնարավորություն:

«Կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 4-ի արձանագրային որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ»,- ասված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։

Նշենք, որ այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Հրայր Թովմասյանի և Նորայր  Փանոսյանի գործով դատական նիստ, որին Թովմասյանը չէր ներկայացել։ Նրա պաշտպան Արամ Օրբելյանն, ով ևս նիստին ներկա չէր, Թովմասյանի բացակայության վերաբերյալ դիմում էր ուղարկել դատարան՝ միաժամանակ խնդրելով այն քննարկել դռնփակ նիստով՝ հաշվի առնելով, որ դրանում անձնական տվյալներ են պարունակվում։ Դատարանը դիմումը քննեց դռնփակ, ապա դռնբաց նիստում հետաձգեց գործի քննությունն ու հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 22-ին։

Նշենք, որ Թովմասյանի և Փանոսյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել ավելի քան մեկ տարի առաջ՝ 2020 թվականի մարտի 11-ին, սակայն մինչև այս պահը դատարանը չի անցել դատաքննության փուլ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter