HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դրամը շարունակում է դանդաղ արժեզրկվել ներքին ու արտաքին գործոնների ազդեցությամբ

Հայկական դրամը շարունակում է դանդաղ արժեզրկվել ամերիկյան դոլարի նկատմամբ։ Ըստ փոխարժեքների դինամիկան ներկայացնող rate.am կայքի՝ 2021թ. ապրիլի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ հայաստանյան բանկերում և փոխանակման կետերում դոլարը վաճառվում է 535-536 դրամով, գնվում՝ 531-534 դրամով։

Հայաստանի կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած վերջին տվյալներով՝ ապրիլի 1-ի դրությամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 532.14  դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.97 դրամով։

Այս տարվա հունվարի կեսերից դրամը աննշան արժևորման միտումներ էր ցույց տալիս։ Սակայն դա երկար չտևեց։ Փետրվարի սկզբից այն ոչ կտրուկ՝ դանդաղ տեմպերով շարունակել է արժեզրկվել մինչ օրս։

Տնտեսագետ Հայկ Մնացականյանի դիտարկմամբ՝ այս պահին երկու հիմնական ուղղություն կա, որոնք ազդում են դրամ-դոլար փոխարժեքի տատանման վրա։ Մեկը արտաքին գործոններն են, մյուսը՝ ներքին։

Ներքին գործոնները կապված են բիզնեսի և ֆիզիկական անձանց՝ անհատների սպասումներին։

«Մի շարք միջազգային շուկաներում՝ բենզինի, ապրանքահումքային շուկաներում, գները բարձրացել են։ Եվ մեր ներկրողները պահանջարկ են ստեղծում արտարժույթի նկատմամբ։ Դա հանգեցնում է դոլարի թանկացմանը։ Մենք սպառողական ապրանքների մեծ մասը ներկրում ենք, այսինքն՝ դրամի արժեզրկման ներքին գործոնը կապված է նաև մեր տնտեսության կառուցվածքի հետ»,- «Հետքի» հետ զրույցում բացատրեց տնտեսագետը։

Երկրորդ ներքին գործոնը, որ ազդում է դոլարի թանկացման վրա, բնակչության սպասումներն են։ Մարդիկ սպասում են, թե այս տնտեսական ու քաղաքական անորոշ վիճակն ինչ հանգուցալուծում է ունենալու։ Նման անորոշությունները ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում, բացասաբար են ազդում սեփական արժույթի նկատմամբ վստահության վրա։ Մեծանում է պահանջարկը առավել ապահով փողի նկատմամբ, այս դեպքում՝ ԱՄՆ դոլարի։ Մարդիկ սկսում են ավելի շատ դոլար գնել։ Պահանջարկի մեծացումը հանգեցնում է դոլարի արժևորմանը։ 

Համարվում է, որ բնակչության սպասումներով էր պայմանավորված նաև դոլարի տեսանելի թանկացումը 2020 թվականի մարտին, երբ կորոնավիրուսի տարածումը լայն թափ էր ստացել։ Մարտին դոլարի միջին փոխարժեքը 480 դրամից հասավ 505 դրամի։ Դրանից մեկ ամիս հետո այն աստիճանաբար նվազեց՝ կրկին հասնելով 480 դրամի մակարդակին։ 

Դոլարի թանկացման երկրորդ փուլը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի վերջից, երբ Արցախում տեղի ունեցող պատերազմը կրկին մեծացրեց անորոշությունն ու տնտեսական ռիսկերը։ Թանկացման այդ միտումը որոշակի դադարներով շարունակվում է մինչև այսօր։

Միջազգային շուկաներում ևս նկատվում է դոլարի նկատմամբ պահանջարկի մեծացում։ Դա էլ իր հերթին որպես արտաքին գործոն ազդում է մեր երկրում դոլարի փոխարժեքի բարձրացման վրա։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիորուսի հետևանքով առաջացած խնդիրները՝ ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը (Federal Reserve System) իրականացնում է խթանող քաղաքականություն։ Երկու անգամ մարտ ամսին իջեցրել են վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Թեև սա ենթադրում էր, որ շուկաներում դոլարը պետք է էժանանար, բայց հաշվի առնելով, որ այլ արժույթների տատանողականությունը բավականին բարձր է, որը կորոնավիրուսի հետևանքներից է, միջազգային շուկաներում ևս նկատվում է դոլարի նկատմամբ պահանջարկի մեծացում։ Ժամանակ առ ժամանակ նավթի գները տատանվում են, այս պահին մի փոքր նվազում կա։ Այդ երկու գործոնը հանգեցրել են միջազգային շուկաներում դոլարի պահանջարկի մեծացմանն ու դրա գնի բարձրացմանը»,- նշում է Հայկ Մնացականյանը։

Նա համարում է, որ եթե անգամ չլինեին ներքին սպասումները, միևնույն է, արտաքին գործոնները նպաստելու էին, որ դոլարի գինը դրամի նկատմամբ բարձրանա։ Սակայն բարձրացումը գուցե ավելի մեղմ լիներ։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը ևս կարծում է, որ այս պահին դրամի արժեզրկման վրա էական ազդեցություն ունեն ոչ միայն բնակչության սպասումներն ու դրանցից բխող գործողությունները, այլև՝ արտաքին գործոնները։ 

Ըստ նրա՝ 2020-ի տարվա նոյեմբեր-դեկտեմբերի համեմատ, այսօր սպառումը որոշ չափով ավելանում է։ Դա ենթադրում է ներմուծվող ապրանքների նկատմամբ պահանջարկի, հետևաբար՝ նաև դոլարի նկատմամբ պահանջարկի մեծացում։

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ (1994-1998թթ.) Բագրատ Ասատրյանը այս պահին դրամ-դոլար տատանումների ոչ մի արտառոց կամ անհանգստացնող միտումներ չի տեսնում։

«Լողացող տոկոսադրույք է։ Դրամի արժեզրկումն այս օրերին այնքան կտրուկ կամ բարձր չէ, որ անհանգստանալու կարիք լինի։ Տնտեսության մի հատվածի համար այն վատ է, մյուս համար՝ լավ»,- մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետը։

«Կանխատեսումն ամենաանշնորհակալ գործն է»

Տնտեսագետները, սովորաբար, նախընտրում են ձեռնպահ մնալ փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումներ անելուց։ Հայկ Մնացականյանը հիշեցնում է, որ դա «ամենաանշնորհակալ գործն է», քանի որ փոխարեժքի վրա ազդում են տասնյակ գործոններ, որոնք հստակ կանխատեսել գործնականում հնարավոր չէ։ Հետևաբար ոչ ոք չի կարող ասել՝ առաջիկայում դոլարը կիջնի՞, կմնա նույն մակարդակու՞մ, թե՞ էլ ավելի կթանկանա։

Տնտեսագետը միայն նշում է, որ եթե Հայաստանում տնտեսական ու քաղաքական անորոշությունը նվազագույնի հասցվի, ապա դրամը կսկսի կայունանալ։ Կմնան միայն արտաքին գործոնները, որոնց ազդեցությունը, գուցե, շատ մեծ չլինի։

Իսկ ավելի գլոբալ փոփոխությունների ու դրամի կայունացման համար, տնտեսության կառուցվածքն է հարկավոր փոխել։ Դրամը արտաքին գործոններից մեծ կախում կունենա այնքան ժամանակ, քանի դեռ սպառողական ապրանքների մեծ մասը ներմուծվողից չի փոխարինվել տեղականով։

Բագրատ Ասատրյանը ևս իրատեսական չի համարում այս պահին փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումներ անելը։

Դրամի արժեզրկումն ու գնաճը շղթայաբար հաջորդում են իրար

Վերջին ամիսներին Հայաստանում գնաճի տեմպերը արագացել են։ Մասնավորապես, առաջնային պարենային ապրանքները երկնիշ տեմպով են թանկանում։ Մասնագետները սա բացատրում են ինչպես համաշխարհային շուկաներում պարենահումքային ապրանքների թանկացմամբ, այնպես էլ՝ դրամի արժեզրկմամբ։ Ներմուծողները, որոնց ներկրած ապրանքները Հայաստանում վաճառվում են դրամով, էական վնասներ են կրում դրամ-դոլար փոխանակման և դոլարով գործարքներ կատարելիս։ Եվ այդ վնասների մի մասը չեզոքացնում են ապրանքների գները բարձրացնելով։

ԿԲ-ն ևս արձանագրել է, որ գնաճի վրա էապես ազդում է նաև դրամի արժեզրկումը։ 

Ինչպես ավելի վաղ գրել ենք, գնաճի տեմպերը, ըստ ԿԲ-ի ներկայացրած կանխատեսումների գրաֆիկի, կնվազեն միայն այս տարվա վերջում և 2022 թվականի սկզբում՝ հասնելով 4%-ի միջակայքին։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 5.3% գնաճ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter