
Լիլիթ Մակունցը չի բացառում, որ Ընտրական օրենսգրքում այլ փոփոխություններ ևս լինեն
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկրորդ հատվածի համար իշխող ուժը սպասում է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Պատգամավորը հիշեցրեց, որ արտահերթ նիստով խորհրդարանն ընդունել է ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը, որով ամբողջությամբ անցում է կատարվում համամասնական ընտրակարգին:
«Ինչ վերաբերում է փոփոխությունների երկրորդ հատվածին, երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումը, այն ժամանակ նաև կքննարկենք այդ հարցը, թե որ դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ ընտրությունների համար»,- ասաց Մակունցը:
Ըստ նրա` փոփոխություններն ընդունելիս պետք է հաշվի առնել, թե որքանով է իրատեսական դրանք ԿԸՀ-ի կողմից իրականացնելը, քանի որ չեն ցանկանում որևէ կերպ բարդացնել գործընթացը: Մակունցը նաև վստահեցրեց, որ բոլոր դրույթները քննարկելու են խորհրդանական խմբակցությունների հետ, կոնսենսուս լինելու պարագայում պատրաստ են փոփոխություններ կատարել այլ դրույթներում ևս:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակին, Մակունցն ասաց, որ այդ հարցին կանդրադառնան մայիսին` ընդգծելով, որ մեխանիզմ կմշակեն, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը: Մակունցը չբացառեց, որ ցանկում նոր անձինք լինեն:
Հարցին, թե հայտնի է արդյոք վարչապետի հրաժարականի օրը, Լիլիթ Մակունցն արձագանքեց` օրը որոշված չէ, սակայն կարելի է ենթադրել, որ կլինի ապրիլի վերջին օրերին:
Մեկնաբանել