HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԱԾ-ն մերժել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը

Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Էլիբեգովայի փաստաբան Միքայել Շխիմյանը։

Հիշեցնենք, որ Էլիբեգովան հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ իր դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Այն օրերին, երբ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ու այլ անձինք Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ գործով բերման էին ենթարկվել, ԱԱԾ է տարվել նաև Էլիբեգովան։

Անդրադառնալով ադրբեջանագետին ԱԱԾ տանելու հանգամանքին՝ Վահե Խանդիլյանն, ով «Ֆեյսբուք»-ում գրանցված է «Ваик Хан (Վահե Խանդիլյան)» անունով, գրառում է կատարել՝ Էլիբեգովային մեղադրելով դավաճանության մեջ։

«Էս չեք այ տխմարներ: ԱԱԾ դավաճանության հոդվածով ադրբեջանագետ ՀՀԿ անդամ Անժելա Էլիբեգովայի համակարգիչն է առգրավել, որի մեջ է եղել նաև վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ամբողջական զեկույցը, որը պիտի հանձնվեր ՄԻՊ-ին, բայց դա նա փոխանցել է Ադրբեջանին, որի դիմաց ստացել է գումար։ Նա և Արա Սաղաթելյանը (Իշխան Սաղաթելյանի եղբայրը) բերման են երթարկվել»,- գրել է Վահե Խանդիլյանն, ով «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայանում է որպես հասարակական և քաղաքական գործիչ, «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ։

Վերը նշված գրառումն արտատպել են նաև որոշ լրատվամիջոցներ, և Էլիբեգովայի նկատմամբ հոդվածների մեկնաբանություններում սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ են հնչել՝ ընդհուպ նրան վառելու վերաբերյալ։ Այս ամենից հետո է Էլիբեգովան որոշել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Միքայել Շխիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերի շրջանակներում Վահե Խանդիլյանը բացատրություն է տվել և հայտնել, թե ինքն այլ լրատվամիջոցից է արտատպել Էլիբեգովայի վերաբերյալ վերը նշված տեղեկությունները՝ հայտնելով նաև լրատվամիջոցի անունը, ԱԱԾ-ն օպերատիվ հարցում է կատարել, և  պարզել, որ նշված լրատվամիջոցը «ֆեյք է», սակայն քայլեր չի ձեռնարկել այն վարողին հայտնաբերելու ուղղությամբ։

«Գագիկ Սողոմոնյանն էլ էր ֆեյք, սակայն ԱԱԾ-ն այն վարողին իբրև թե պարզելու համար ահռելի ռեսուրսներ էր օգտագործել, համակարգչային հասանելիության պահանջով դատարանից որոշում էին ստացել, դիմել Facebook-ին և ստացել  պատասխան, թե Gagik Soghomonyan օգտատերն ի՞նչ IP-ներից է օգտվել, իսկ այս դեպքում բավարարվել են միայն հարցման պատասխանով այն մասին, որ լրատվամիջոցը ֆեյք է»,- ասաց Միքայել Շխիմյանը և դիտարկեց, որ, փաստորեն, այն դեպքում, երբ Gagik Soghomonyan օգտատերը ԱԱԾ պետի հասցեին է հնչեցրել արտահայտություններ, ԱԱԾ-ն ռեսուրս չի խնայում, իսկ այս դեպքում, երբ խոսքը այլ քաղաքացուն սպառնալիքներ տալու մասին է, բավարարվում է օպերատիվ հարցման պատասխանով։ Պաշտպանը պատրաստվում է ԱԱԾ-ի որոշումը բողոքարկել վերադաս դասախազին, իսկ բողոքը չբավարարվելու դեպքում՝ նաև դատարան։

Նշենք, որ ԱԱԾ-ն ստուգել է նաև Էլիբեգովայի կողմից ենթադրյալ պետական դավաճանություն կատարելու հանգամանքը, զննել վերջինիս համակարգիչը և որոշել, որ էլիբեգովայի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմք առկա չէ։ Բավարարվել է նաև պաշտպանի միջնորդությունը՝ ադրբեջանագետի համակարգիչը վերադարձնելու վերաբերյալ։

Լուսանկարում՝ Անժելա Էլիբեգովան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter