
Ադրբեջանական SOCAR-ը Հայաստան կփոխադրի մինչև 150 մլն խորանարդ մետր ռուսական գազ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), համաձայն «Газпром экспорт» ՍՊԸ-ի հետ կնքված կարճաժամկետ պայմանագրի, մինչև ապրիլի 15-ը Հայաստան կփոխադրի մինչև 150 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ։ Այդ մասին Интерфакс-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է SOCAR-ի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը։
Դեռ մարտի 17-ին «Газпром экспорт» ՍՊԸ-ն հայտարարել էր, որ SOCAR-ի հետ կնքել է ռուսական գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր, որը հնարավորություն կտա շարունակել Հայաստանի սպառողներին գազի անխափան մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի պլանային վերանորոգման աշխատանքների ժամանակ։
Ընկերությունը հայտնել էր, որ վերանորոգման աշխատանքները հնարավոր է ձգվեն մոտ երեք շաբաթ։ Դրա ավարտից հետո գազամատակարարումը կիրականացվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի և Վրաստանի տարածքներով։
«Պայմանագրով ենթադրվում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրում»,- նշել է Ահմեդովը։
Լուսանկարը՝ caspiannews.com-ից
Մեկնաբանել