HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանկավարժների՝ Covid-19-ով վարակվելու պատճառով Արմավիրի մարզի 3 դպրոց դասերն անցկացնում է հեռավար

Արմավիրի մարզի երեք դպրոց դասապրոցեսն իրականացնում է հեռավար եղանակով: Բաղրամյան (Էջմիածնի տարածք), Գեղակերտ և Հացիկ համայնքների միջնակարգ դպրոցների մանկավարժների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչն էլ հեռավարին անցում կատարելու պատճառ է հանդիսացել:

Հացիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթև Մկրտչյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ապրիլի 2-ից դասապրոցեսն իրականացվում է հեռավար: Համայնքի բժիշկը գրություն է ուղարկել դպրոց՝ տեղեկացնելով, որ գյուղում կորոնավիրուսով վարակվածներ կան։ Պարզվել է, որ Հացիկում 100 վարակակիր կա: Դրան զուգահեռ մեծ է կոնտակտավոր անձանց թիվը:

Դպրոցի 4 մանկավարժ ևս վարակվել է, այդ թվում՝ փոխտնօրենը: Վարակված աշակերտ չունեն:

«Ուսմասվարի պարագայում արդեն բոլոր մանկավարժները համարվում էին կոնտակտավոր: Բժիշկի գրությունը հիմք ընդունելով՝ կապ ենք հաստատել մարզպետարանի հետ և ստացել ենք մարզպետի գրությունը, որ չեն առարկում հեռավար դասապրոցեսի անցկացմանը»,- ասում է Տաթև Մկրտչյանը և հավելում, որ հավանաբար առաջին երկու շաբաթը հեռավար եղանակով կանցկացնեն դասապրոցեսը:

Հացիկի միջնակարգ դպրոցի տնօրենն ասում է, որ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը չափից դուրս մեծացել է, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի դասապրոցեսը չտուժի: Տաթև Մկրտչյանը նշեց, որ դպրոցը բավականին հագեցած է: 2020թ.-ին միայն 16 պլանշետ ձեռք են բերել «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ: Դպրոցն ունի նաև 40-ից ավել համակարգիչ:

«Փորձում ենք բազմազավակ, անապահով ընտանիքներին ամեն կերպ աջակցել: Մեր 16 պլանշետները բաժանել ենք ընտանիքներին, որպեսզի երեխաները դասերից հետ չմնան: Մանկավարժները նաև անհատական են աշխատում երեխաների հետ, որ ժամային արգելքների, տեխնիկայի պակասի պատճառով երեխաները չտուժեն»,- հավելում է Տ. Մկրտչյանը:

Աշակերտներին առաջարկվել է, որ եթե տանը ինտերնետ չունեն, կարող են գնալ իրենց դասասենյակ, այնտեղից միանալ օնլայն դասերին: Հատկապես քննական դասարաններում սովորող աշակերտների դեպքում են ավելի զգոն, որպեսզի կրթության շարունակականությունն անխափան իրականացնեն:

Գեղակերտ համայնքի միջնակարգ դպրոցը հեռավար եղանակին անցել է մարտի 25-ից: Վարակվել են դպրոցի ուսուցիչներից 4-ը, ինչը ընդհանուր մանկավարժների 10%-ն է կազմում:

«Անմիջապես դիմել եմ մարզպետարան, Կառավարություն, տեղեկացրել եմ իրավիճակի մասին: Ինձ հորդորել են անցնել հեռավար եղանակով դասապրոցեսի, մենք էլ անցում ենք կատարել հեռավարի»,- ասում է Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Ահարոնյանը:

Դպրոցի տնօրենը նշեց, որ հեռավար դասապրոցեսը պատշաճ կազմակերպում են և դժվարություններ չունեն: Նախորդ տարվա հեռավար դասապրոցեսի փորձն օգնել է, որպեսզի այս անգամ ավելի սահուն կազմակերպեն դասապրոցեսը:

Գեղակերտի կորոնավիրուսով հիվանդ 4 մանկավարժներից 2-ն արդեն ապաքինվել են իսկ 2-ը բուժումը շարունակում են անկողնային ռեժիմով: Տնօրենը դեռ չգիտի, թե երբ կարող են անցնել սովորական դասապրոցեսին:

Բաղրամյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Քնարիկ Գալստանն էլ ասաց, որ մարտի 26-ից են անցել հեռավար դասապրոցեսի: Թե քանի մանկավարժ է վարակվել, տնօրենը չասաց: Ք. Գալստյանը հույս ունի, որ ապրիլի 9-ից կանցնեն սովորական դասապրոցեսի:

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարզում միայն նշված 3 դպրոցներն են դասապրոցեսն անցկացնում հեռավար: Մյուս բոլոր դպրոցներում աշակերտները հաճախում են դպրոց:

Վարչության պետը դժվարացավ նշել, թե առաջիկայում ինչ վիճակ կլինի մարզում, սակայն հուսադրող է, որ վարակի դեպքերը շատ չեն:

«Մենք չենք կարող ասել, կանխատեսում անել, իրավիճակը ցույց կտա: Մեր մարզում ոնց որ թե բարեհաջող իրավիճակ է»,- հավելեց Սոնյա Բուդաղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter