HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հ. Դանիելյան. «Իշխանությունները կամք են դրսևորել ԸՕ-ում փոխել այն, ինչի փոփոխությունն իրենց ձեռնտու չէ, իսկ ընդդիմությունը ձեռք չի մեկնում»

Ընտրական օրենսգրքի փաթեթով առաջարկվող խաղի կանոնները նպաստելու են ավելի քաղաքակիրթ, քաղաքական, ժողովրդավարական ու թափանցիկ քաղաքական համակարգ ունենալուն: Մեզ հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Համազասպ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ նիստով ընդունել է Ընտրական օրենսգրքոմ փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ամբողջությամբ անցում է կատարվում համամասնական ընտրակարգին: Նախագծի քննարկմանը իշխող ուժի ներկայացուցիչները պնդեցին՝ ԸՕ-ի փոփոխությունները սրանով չեն ավարտվում, սպասում են մեծ փաթեթի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին:

Դանիելյանը պնդում է՝ փոփոխությունները նպաստելու են, որ կուսակցությոններն ավելի թափանցիկ ու հաշվետվողական լինեն, իսկ  ազդեցությունը քաղաքական դաշտի վրա երկարաժամկետ է լինելու:

Անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկումներին, թե ԱԺ-ն Վենետիկի հանձնաժողով է ուղարկել այլ, ընդունել՝ մեկ այլ նախագիծ, Դանիելյանը նշեց, որ փաթեթը դրվել է շրջանառության և ուղարկվել Վենետիկի հանձնաժողով ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների մասին պայմանավորվածությունը: Պատգամավորի խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը մեծ փաթեթի մաս է, պարզապես որոշել են այդ դրույթը առանձնացնել, ընդունել մինչ ամբողջական փաթեթի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով կարծիք ստանալը: Կարծիքն էլ ակնկալում են, որ մեծապես դրական կլինի:

Դանիելյանի կարծիքով՝ մինչ արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, ԸՕ-ի փաթեթը կընդունվի: Խորհրդարանական մեծամասնությունը փաթեթի որոշ դրույթների շուրջ պատրաստ է բանակցել ընդդիմության հետ և կոնսենսուսի գալ, սակայն ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցում ընդդիմության աջակցությունը չստանալը հուշել է իշխանությանը, որ հավանաբար կոնսենսուս չի լինի: Ըստ Դանիելյանի՝ քաղաքական մեծամասնության ու անկախ պատգամավորների ձայները բավարար են փոփոխություններն ընդունելու համար:

Նախագծով առաջարկվում է կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցնել 4-ի, իսկ դաշինքների դեպքում բարձրացնել, ընդ որում՝ կախված դաշինքում առկա կուսակցությունների քանակից թիվը կարող է փոխվել: Դանիելյանն ասում է՝ տրամաբանությունը շատ պարզ է ու որևէ կապ չունի օրվա իրավիճակի հետ:

«Դաշինքները անկայուն, քաղաքական միավորումներ են, որոնք, որպես կանոն, չունեն ծրագրային հենք, առանձին անհատների միավորում են և միտում ունեն փլուզվելու, եթե անգամ հաջողում են և խորհրդարանում հայտնվում: Բացի այդ, դաշինքները ձևավորվում են նաև ռեբրենդինգի՝ քաղաքական պատասխանատվությունն ու ինքնությունը թաքցնելու համար»,-ասում է «Իմ քայլի» պատգամավորը: Ըստ նրա՝ կուսակցությունների համար շեմի իջեցումը և դաշինքի համար բարձրացումը փոխկապակցված են. չի կարող մեկը լինել առանց մյուսի:

Իշխանությունն ասում է՝ եթե որևէ քաղաքական ուժ ցանկանում է հայտնվել խորհրդարանում, պատրաստ են ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել դրա համար, որպեսզի վերջինս ինքնուրույն հայտնվի խորհրդարանում, կոալիցիայի ձևավորման խիստ կանոնները ազատականացնելու միջոցով էլ ավելի լայն հնարավորություն ստանա իշխանություն ձևավորելու։

Դանիելյանը չբացառեց նաև, որ շեմի փոփոխություններն այժմ ընդունեն, սակայն այն ուժի մեջ մտնի ապագայում, այլ ոչ թե սպասվող ընտրությունների համար ֆիքսվի դաշինքի համար բարձր շեմը:

Ինչ վերաբերում է ընդդիմության մյուս քննադատությանը, ըստ որի ընտրության արդյունքով հարաբերական մեծամասնություն ստացած ուժն է առաջին հերթին կոալիցիա ձևավորելու իրավունք ստանում, և այդ ժամանակը սպառելուց հետո նոր մյուս ուժերը, Դանիելյանն արձագանքեց.

«Խորհրդարանական երկրներում, որտեղ հատկապես համամասնական ընտրակարգ է գործում, և քիչ է լինում, որ որևէ ուժ ստանա 50 տոկոսից ավելի քվե, միշտ կա ընթացակարգ, թե ինչ հաջորդականությամբ ու ինչ պայմաններում է կոալիցիա ձևավորվում, և միշտ կա մի ինստիտուտ, որը խորհրդարանում հայտնված կուսակցություններից որևէ մեկին կառավարություն ձևավորելու լիազորություն է տալիս»,-ասում է պատգամավորը:

Եւ քանի որ 2015-ի փոփոխված սահմանադրությամբ  նախագահը նման լիազորություն չունի, օրենքով կարգավորվող մեխանիզմ է գործում, ֆիքսվում է առաջնահերթություն, այն է՝ հարաբերական մեծամասնություն: Ըստ նրա՝ գործող օրենքով կոալիցիա կազմելու հավանականությունը խիստ ցածր է, սահմանափակում է առկա, թե քանի ուժ կարող է կոալիցիա ձևավորել, և վեց օրվա սահմանափակում է դրված կոալիցիա կազմելու համար:

«Գործող ԸՕ-ն միտված է նրան, որ նվազեցնի կոալիցիա ձևավորելու հավանականությունը, ինչը ինքնաբերաբար նշանակում է ավելացնել ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հավանականությունը»,-ասում է նա:

Դանիելյանը նաև հավելում է, որ եթե հարաբերական մեծամասնությունը երկու շաբաթ ժամանակ է ունենում կոալիցիա ձևավորելու համար, ապա մյուսների համար այն երեք շաբաթ է:

«Կոալիցիայի գործող կարգավորումը ցանկացած իշխանության համար ավելի ձեռնտու է, որովհետև այսպես երաշխավորված կլինես, երկրորդ փուլով հարաբերական մեծամասնությունը դառնում է երաշխավորված մեծամասնություն: Աբսուրդը հասել է նրան, որ իշխանությունները կամք են դրսևորել փոխել այն, ինչի փոփոխությունն իրեն ձեռնտու չէ, իսկ ընդդիմությունը ձեռք չի մեկնում»,-նշեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter