
Կենտրոնական բանկը կմիջամտի դրամ-դոլար «հարաբերություններին»
Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։ Նպատակը ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովումն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դրամատունը։
Թե ինչ գործառնությունների մասին է խոսքը, չի մանրամասնվում։ Սակայն, հաշվի առնելով դոլարի վերելքը վերջին շաբաթում՝ ենթադրվում է, որ ԿԲ-ն պատրաստվում է դոլարային ինտերվենցիա իրականացնել դրամի հետագա կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով։ Ավելի պարզ ասած՝ դոլար է ներարկելու շուկա, որը կարող է հանգեցնել դրա փոխարժեքի իջեցմանը կամ դրամի արժեզրկման տեմպերի նվազմանը։
«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ։ Մինչ այդ էլ հայտարարվել էր, որ արտարժույթի շուկայում իրավիճակը կառավարելի է։
Գլխավոր դրամատան հրապարակած վերջին տվյալներով՝ ապրիլի 7-ի դրությամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 536.58 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 1.47 դրամով։ Համեմատության համար՝ մեկ շաբաթ առաջ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 532.14 դրամ։
Մասնագետների գնահատմամբ՝ դրամը արժեզրկվում է առաջին հերթին բնակչության և բիզնեսի սպասումների հետևանքով. դոլարի նկատմամբ շուկայում մեծ պահանջարկ է առաջացել, որը հանգեցրել է դրա գնի բարձրացմանը։ Բացի այդ, դրամի արժեզրկման վրա ազդում են նաև արտաքին գործոններ։
Մեկնաբանել