HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց չորս ընկերության

Կառավարությունն ապրիլի 8-ի նիստում չզեկուցվող հարցերով որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տալ 4 ընկերության: Դրանք են «ՄԼ մայնինգ», «Կապավոր», «Ռոք բերի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները և «Բետոնագործ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Հանքարդյունաբերությամբ զբաղվող «ՄԼ մայնինգ» ընկերության 100 % բաժնետեր է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանը։

Գործադիրի հիմնավորմամբ՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Ընկերությունը առանց մաքսատուրքի կներմուծի բուլդոզերներ (մղաններ) ուղեհարթիչներ ու հարթիչներ, կեռաշերեփներ (սկրեպերներ), մեխանիկական թիեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլանիվներ, հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարները վերացնելու համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմոբիլներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմոբիլներ)՝ բացի ուղևորներ կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցներից, և այլ մեքենաներ ու մեխանիզմներ՝ բնահողը, օգտակար հանածոները կամ հանքաքարերը տեղափոխելու, համահարթելու, մշակելու համար։

Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 311 մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ ներմուծվող սարքավորումների և հումքի գումարը կկազմի 3 մլրդ 695 մլն դրամ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 4 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայում առկա է շուրջ 320 աշխատատեղ։ Նախատեսվում է ստեղծել 40-60 նոր աշխատատեղ` 200,000-300,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 200 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի Հայաստանի տարածքում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաև «Կապավոր» ՍՊԸ-ն։

Ընկերությունը պատկանում է Արցախյան շարժման ակտիվիստ, 2006-2007 թթ․ Արցախի քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներին։ «Կապավոր» ՍՊԸ-ի 93,75 %-ը պատկանում է Արման Հակոբջանյանին, 3,75%-ը՝ Արայիկ Հակոբջանյանին և  2,5%-ը Արցախի նախագահի խորհրդական նշանակված Լիլիթ Հակոբջանյանին, որն աշխատում է անվճար հիմունքներով։

Ընկերությունը Ստեփանակերտի փողոցների բարեկարգմամբ է զբաղվել։

«Կապավոր» ՍՊԸ-ն առանց մաքսատուրքի 380 մլն 625 հազ․ դրամով Մեծ Բրիտանիայից տասը էքսկավատոր-ամբարձիչ ձեռք կբերի։

Ընկերությունում ներկայում առկա է շուրջ 312 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 10-15 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1․5-2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի Հայաստանի և Արցախի տարածքում: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի 19 մլն դրամ:

Հաջորդ ընկերությունը, որին Կառավարությունը ներմուծման արտոնություն է տրամադրել, «Ռոք բերի» ՍՊԸ-ն է։ Գործադիրն այս ընկերությանը արտոնություններ է տրամադրել նաև 2018-ին և 2019-ին։ 2018-ին ընկերությունը կրկին մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել ջերմատուն կառուցելու համար, իսկ 2019-ին ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ խաղողի այգի հիմնելու համար ստացել է 7 մլն 40 հազ․ դրամի չափով փոխհատուցում։

Ընկերությունը զբաղվում է ազնվամորու և մոշի բարձրարժեք սորտերի մշակությամբ։

Ընկերության 49 %-ի բաժնետեր է Լիլիթ Մուրադյանը, 26%-ինը՝ Հարություն Առաքելյանը, 25%-ինը՝ Կիրկոր Օնքյուրը:

«Ռոք բերի»-ն կներմուծի ջերմատնային կոմպլեքս, կոմպլեքսի ոռոգման համար նախատեսված բաքեր, կաթիլային ոռոգման համակարգ և աքսեսուարներ, կոմպլեքսի կլիմայի ավոմատ կառավարման PRIVA համակարգ և աքսեսուարներ ելակի սածիլներ՝ ընդհանուր 17 մլրդ 5 մլն 500 հազ․ դրամ արժողությամբ։

Կառավարությունն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ «Ռոք բերի» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են 3 հա արտադրական տարածքում ջերմոցների կառուցման համար (ելակի արտադրություն)։ Ներմուծվող ապրանքները կրկին չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարել տարեկան 2․6 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված սարքավորումների, իսկ մնացած մասը այլ սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 70 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը տարեկան կկազմի 1․5 մլրդ դրամ, որից 76․2 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 1․4 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 87․7 մլն դրամ:

Կառավարության կողմից արտոնություն ստացած վերջին ընկերությունը «Բետոնագործ» ՓԲԸ-ն է, որի տնօրենն է Արթուր Քալանթարյանը: Ընկերությունը պատրաստվում է ներմուծել կավճափոշի, սպիտակեցնող նյութ, գունանյութ տիտանի հիմքով, շինմոնտաժային փրփուր, սոսինձ և այլն՝ ընդհանուր՝ 2 մլրդ 2 մլն 765 հազ․ դրամով։

Ըստ գործադիրի՝ «ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» ՓԲ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են մետաղապլաստե պատուհանների, դռների, պատուհանագոգերի, պատուհանների շրջանակների արտադրության համար։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2․2 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է շուրջ 13 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4-6 նոր աշխատատեղ` 150,000-200,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3․1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի Հայաստանի տարածքում: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 149.4 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter