
Ովքեր են բարեկարգում Ստեփանակերտը
«Հետքը» ներկայացնում է վերջին 6.5 տարում (2014-2020 թթ.) Ստեփանակերտի փողոցները և բազմաբնակարան շենքերի բակերը բարեկարգած շինարարական ընկերությունները: Այդ ընկերությունների որոշ բաժնետերեր նախկին և ներկա պաշտոնյաներ են:
«Քարավան» ՍՊԸ
Համաձայն Քաղաքաշինության նախարարության ներկայացրած տվյալների` վերջին 6.5 տարում ամենամեծ ծավալի աշխատանքներն իրականացրել է «Քարավան» ՍՊԸ-ն: Այդ աշխատանքներն արժեցել են 3 մլրդ 243 մլն 425 հզր դրամ:
«Քարավանը» 6.5 տարվա ընթացքում իրականացրել է Ստեփանակերտի տարբեր հատվածների ու շենքերի բարեկարգում, փոսային վերանորոգումներ:
Ասֆալտապատման, ավտոճանապարհների շինարարության և նորոգման աշխատանքներ իրականացնող «Քարավան» ՍՊԸ-ի միակ սեփականատերը (անդամը) և հիմնադիրը Հակոբ Հակոբյանն է, ընկերությունը գրանցվել է 2002 թվականին: Հակոբ Հակոբյանը ծնվել է Վայոց Ձորի մարզում, Արցախ է տեղափոխվել ու գործարարությամբ զբաղվում է 95 թվականից: «Աշխատասիրությունն է իմ հաջողության գաղտնիքը»,- ասում է Հակոբյանը։ Ինչ վերաբերում է պետական գնումները հաղթելուն, Հակոբյանը ասում է, որ ցածր գներ առաջարկելու շնորհիվ է հաղթում:
«Վիրաժ» ԱԿ
Երկրորդ խոշոր ընկերությունը «Վիրաժ» արտադրական կոոպերատիվն է, որի պատվերները ևս գերազանցում են մեկ միլիարդը: Կատարված աշխատանքների համար «Վիրաժը» պետությունից ստացել է 1 մլրդ 471 մլն 573 հզր դրամ: Ընկերությունը գրանցվել է 2003 թվականին: 6.5 տարվա ընթացքում բարեկարգել է Գ. Չաուշ փողոցը, վերանորոգել մի շարք փողոցների ծածկեր: Ընկերության սեփականատերը Վագիֆ Աթայանն է: Մենք փորձել ենք կապվել Աթայանի հետ, նույնիսկ հարցերն ենք ուղարկել «Վիրաժ» ընկերության էլեկտրոնային հասցեին: Սակայն վերջինս այդպես էլ չի պատասխանել հարցերին: Մասնավորապես հետաքրքիր էր, թե շինարարական բիզնեսում որն է նրա հաջողության գրավականը և ինչպես է հաջողվում շահել պետական պատվերները:
«ՃանՇին» ՓԲԸ
Այս ընկերությունը հիմնադրել է Արցախի պետական և քաղաքական գործիչ, պատերազմի տարիներին պաշտպանության բանակի ինժեներական ծառայության պետ Ռոլես Աղաջանյանը: Ընկերության տնօրենը ներկայում Ռոլես Աղաջանյանի որդին է՝ Սասուն Աղաջանյանը, մյուս որդին հունիսի 9-ին ԱՀ գլխավոր դատախազ ընտրված Մհեր Աղաջանյանն է։ 2000 թ․-ին գրանցված ընկերությունը 317 մլն 784 հզր-ի դիմաց 2018 թ. բարեկարգել է Սասունցի Դավիթ 52, 54, 56 և 2014 թ. Մեսրոպ Մաշտոց 1, 3, 5 շենքերի բակերը:
«Վերածնունդ» ՍՊԸ
Հաջորդը «Վերածնունդ» ՍՊԸ-ն է, նա 263 մլն 981 հզր դրամի աշխատանքներ է իրականացրել: Ընկերության 50.3 տոկոսը պատկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին, 49.7 տոկոսը նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եվ փոխկապակցված անձանց հայտարարագրերում Սաֆարյան Գարրին և Բաղդասարյան Ռիտան 2013-2017 թվականներին աշխատավարձից բացի ոչ մի այլ եկամուտ չեն ներկայացրել: Միայն 2018 թվականի տվյալների համաձայն՝ կինը ունեցել է 14 մլն 880 հզր դրամ եկամուտ, որից 2 մլն 880 հզր դրամը աշխատավարձ էր, ամուսինը՝ 36 մլն 907 հզր դրամ եկամուտ է ունեցել, որից 10 մլն 907 հզր դրամը՝ աշխատավարձ:
«Կապավոր» ՍՊԸ
«ՃանՇինին» հաջորդում է «Կապավոր» ՍՊԸ-ն, 173 մլն 317 հզր դրամի դիմաց նա բարեկարգել է Սախարով փողոցը, Պարսեղով, Կնունյանց, Հակոբյան և Նելսոն Ստեփանյան փողոցների առանձին հատվածները: Ընկերությունը պատկանում է Հակոբջանյանների ընտանիքին. ընկերության 93,75 տոկոսը պատկանում է Արման Հակոբջանյանին, 3,75 տոկոսը Արայիկ Հակոբջանյանին և 2,5 տոկոսը՝ 2020 թ. հունիսին առողջապահության հարցերով ԱՀ նախագահի խորհրդական նշանակված Լիլիթ Հակոբջանյանին (աշխատում է անվճար հիմունքներով): Նրանք Արցախյան շարժման ակտիվիստ, 2006-2007 թթ. ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մարատ Հակոբջանյանի զավակներն են:
Ընկերությունը գրանցվել է 2002 թվականին:
«Բուրգ» ՍՊԸ
«Վերածնունդին» հաջորդում է «Բուրգ» ՍՊԸ-ն: «Բուրգի» միակ սեփականատերը, տնօրենն ու հիմնադիրը Սամվել Ասրյանն է: Ընկերությունը 101 մլն 216 հզր դրամի դիմաց բարեկարգել է Տիգրան Մեծ փողոցի N13 շենքի բակը:
«Էլիտստրոյ» ՓԲԸ
2008 թվականին գրանցված ընկերության հիմնադիրներն են Ավագյան Էդուարդն ու Ավագյան Վագիֆը: 2014 թ. 81 մլն 314 հզր դրամի դիմաց «Էլիտստրոյը» բարեկարգել է Վազգեն Սարգսյան փողոցի N1, N3 և N5 շենքերի բակերը:
«ՊԱՆՏ» ՍՊԸ
«ՊԱՆՏ» ՍՊԸ-ն 2015 թ. 51 մլն 957 հազար դրամի դիմաց բարեկարգել է N1 դպրոցի հարակից տարածքը և մոնտաժել էլեկտրամատակարարման համակարգը: Այս ընկերության 50 տոկոսը պատկանում է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, Արցախի ժողովրդավարական կուսակցության քաղաքային խորհրդի ղեկավար Սուրեն Գրիգորյանի որդուն, իսկ մյուս 50 տոկոսն ընկերության ղեկավար Սերգեյ Հարությունյանի որդուն՝ Պավել Հարությունյանին։ 2003 թ․-ին գրանցված «ՊԱՆՏ» շինարարական ընկերությունը Արցախում կառուցել է Պաշտպանության բանակի համար երեք բազմաբնակարան շենք, Մարտունու շրջանում 240 տեղանոց դպրոց, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի նոր առանձնաշենքը, Ստեփանակերտի երեխաների և երիտասարդության ստեղծագործական կենտրոնը, ԼՂՀ վերահսկիչ պալատի շենքը, բազմաֆունկցիոնալ «Բիզնես կենտրոն»-ի շենքը:
«Պանտին» հաջորդում են ավելի փոքր պատվերներ կատարած ընկերությունները։
2014-2015 թթ․ «Ճանշինվերանորոգում» ՓԲԸ-ն 32 մլն 200 հզր դրամի պատվեր է կատարել, բարեկարգել է Ազատամարտիկներ փողոցի N13 և N15 շենքերի բակերը։ 2018-ին պետության հիմնադրած «ԱՇԿ թիվ 1» ԲԲԸ-ն 12 մլն 196 հզր դրամով բարեկարգել է Ադմիրալ Իսակովի N4ա և Մ. Մաշտոց N2 փողոցների շենքերի տարածքները։ «Բալիկ» ՍՊԸ-ն 2018-ին 8 մլն 551 հզր դրամով ՍտեփԳԷՍ փողոցի 1-ին նրբանցքում կրաքարերով ծածկապատել է, և «Արմեն-շին» ՍՊԸ-ն 4 մլն 75 հզր դրամով ասֆալտապատել է Արմենավան թաղամասի մարզահրապարակը։
2014-2020 թթ․ ընթացքում Ստեփանակերտի փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման համար ծախսվել է 5․76 մլրդ դրամ։ Խոսքը միայն Քաղաքաշինության նախարարության պատվերների մասին է։ 6.5 տարվա կտրվածքում ամենամեծ գումարը ծախվել է 2014 թ․՝ 1.594 մլրդ կամ ընդհանուր գումարից 29.5 տոկոսը, հետագա տարիները սահմանափակվում են վեցանիշ թվերով: 2020 թ․ առաջին կիսամյակում ծախսվել է 359․3 մլն դրամ։
Կնքված պայմանագրերի մասին հայտարությունները, որտեղ պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է, կարելի է գտնել ԱՀ ֆինանսների նախարարության կայքում: Դրանք հիմնականում բանակցային ընթացակարգով կնքված պայմանագրեր են:
Վերոհիշյալ ընկերություններից յոթը 2019 թ․ հայտնվել են Արցախի առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկում․ 6-րդ և 7-րդ տեղերը զբաղեցնում են «Քարավան» և «Վիրաժ» ընկերությունները։
2019 թ. Արցախում առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների | |||||
Հ/Հ | Ընկերության անվանումը | Ընդամենը | Ուղղակի հարկեր | Անուղղակի հարկեր | Այլ հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ |
7. | «Քարավան» ՍՊԸ |
416 132,70 |
24 398,20 |
381 525,60 |
10 208,90 |
8. | «Վիրաժ» ԱԿ | 248 615,70 | 138 109,00 | 103 626,70 | 6 880,00 |
13. | «Կապավոր» ՍՊԸ | 142 068,90 | 127 481,20 | 6 445,90 | 8 141,80 |
25 | «Ճանշին» ՓԲԸ | 84 414,80 | 46 020,80 | 35 809,20 | 2 584,80 |
33. | «Պանտ» ՍՊԸ | 57 273,90 | 29 115,50 | 26 518,00 | 1 640,40 |
75. | «Վերածնունդ» ՍՊԸ | 27 579,00 | 12 495,20 | 14 347,00 | 736,80 |
133. | «Արմեն-շին» ՍՊԸ | 14 199,00 | 6 876,40 | 6 806,10 | 516,50 |
Դեռ 2018 թ. նոյեմբերի 16-ին «Հետք»-ը հարցում է ուղարկել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները. վերջին հինգ տարում Ստեփանակերտում ասֆալտապատված ճանապարհների երկարությունը, ասֆալտապատված փողոցների անվանումները, ասֆալտապատման աշխատանքներն իրականացրած կազմակերպությունների անունները և յուրաքանչյուր փողոցի ասֆալտապատման համար հատկացված գումարի չափը: Ժամանակին Կարեն Շահրամանյանը չէր պատասխանում այս հարցմանը:
Արցախի Հանրապետության օմբուդսմանի կողմից «Հետքի» բողոքը քննարկվելուց հետո Քաղաքաշինության նախարարությունը մեկ ամիս անց՝ 2019թ. մայիսի 30-ին, պատասխանեց հարցմանը։ Քաղաքաշինության նախարարությունը հարցման պատասխանի վեցամսյա ուշացումն արդարացնում էր չճանաչված պետությունների ֆուտբոլային թիմերի 2019 թվականի Եվրոպայի առաջնության (Conifa) նախապատրաստական աշխատանքներով․ «ԱՀ քաղաքաշինության նախարարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել և բավականին ծանրաբեռնված էր, իսկ տեղեկությունը վերլուծական բնույթի էր, ծավալուն ու ժամանակատար»:
Նույնաբովանդակ հարցմանը երեք ամիս չէր պատասխանում նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
2020 թ․ հուլիսին «Հետքը» Քաղաքաշինության նորանշանակ նախարար Արամ Սարգսյանից խնդրել է տրամադրել նույն տեղեկություններն արդեն 2018-2020 թթ․ կտրվածքով։ Պատասխանը ստացել ենք սահմանված ժամկետներում։ Այս անգամ պատասխանում նաև ներառված էր բարեկարգված օբյեկտների մակերեսը։
Մեկնաբանել