HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դատախազի տեղակալի կինը հարյուր միլիոնավոր դրամների հանդերձանք է մատակարարում ուժային կառույցներին

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանի կնոջ՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանի ընկերությունը 2020 թվականի հուլիս ամսից սկսած՝ ավելի քան 200 միլիոն դրամի հանդերձանք է մատակարարել ուժային կառույցներին, այդ թվում՝ պաշտպանության նախարարությանը (ՊՆ), ոստիկանությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ), ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը։

Վիկտորյա Մելիք-Սարգսյանին պատկանող «Մանանկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի հունիսի 9-ին, և արդեն հաջորդ ամսվանից սկսել է մասնակցել պետական գնումների մրցույթներին և հաղթել։ Նշված գերատեսչությունների հետ կնքված գնման պայմանագրերից ամենախոշորը, պետգնումների armeps.am համակարգի տվյալներով, եղել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ։ Շուրջ 74 միլիոն դրամի դիմաց «Մանանկ» ՍՊԸ-ն քրեակատարողական ծառայությանը հանդերձանք է մատակարել, այդ թվում՝ վերարկուներ, վերնաշապիկներ, տաբատներ և այլն։ Պայմանագիրը կնքվել է 2020 թ. դեկտեմբերի 29-ին։

Հաջորդ ամենախոշոր պայմանագիրը կնքվել է ԱԱԾ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 53 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց Մալաթիա-Սեբաստիայի դատախազի տեղակալի կնոջ ընկերությունը ազգային անվտանգության ծառայությանը մատակարարել է հանդերձանք և կոշկեղեն։ Պայմանագիրը կնքվել է 2021 թվականի փետրվարի 5-ին։

Երրորդ ամենախոշոր պատվիրատուն եղել է ոստիկանությունը, որը 18,5 միլիոն դրամի դիմաց «Մանանկ» ՍՊԸ-ից ստացել է բաճկոններ, տաբատներ և կիսավերարկուներ։ Պայմանագիրը կնքվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին։

Մեկ միլիարդը գերազանցող մատակարարումներ պաշտպանության նախարարությանը

Թեև ինչպես արդեն նշեցինք, «Մանանկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի հունիսին, Վիկտորյա Մելիք-Սարգսյանը նոր մարդ չէ պետական գնումների ոլորտում։ Տարիներ առաջ «Հետքն» անդրադարձել էր Վիկտորյա Մելիք-Սարգսյանի ընկերության կողմից պետգնումների գործընթացին ակտիվորեն մասնակցելու փաստին։

Նա պետգնումների մրցույթներին սկսել է մասնակցել տարիներ առաջ իր մեկ այլ ընկերությամբ՝ «Պահապան» ՍՊԸ-ով, որը հիմնադրվել է 2013 թվականին։ Ի դեպ Վիկտորյա Մելիք-Սարգսյանը վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրն է։ 

«Պահապան» ՍՊԸ-ն եղել է պետական գնումների ոլորտի ակտիվ խաղացող։ Վիկտորյա Մելիք-Սարգսյանի ընկերությունը հարյուր միլիոնավոր դրամների հանդերձանք է մատակարարել հիմնականում ուժային կառույցներին։ Միայն պաշտպանության նախարարությունը 2017-2019 թթ. 1,3 միլիարդ դրամի գնում է կատարել Մալաթիա-Սեբաստիայի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանի կնոջ ընկերությունից։

Եվ այնուամենայնիվ, հենց պաշտպանության նախարարության «ջանքերով» էլ «Պահապան» ՍՊԸ-ն հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ 2020 թ. գարնանը ՊՆ-ի գրությունների հիման վրա ֆինանսների նախարարությունն ընթացակարգեր է նախաձեռնել՝ «Պահապան» ՍՊԸ-ին նշված ցուցակում ներառելու նպատակով: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումներով ընկերությունը 2 տարի ժամկետով հայտնվել է այդ ցուցակում: Ըստ այդմ՝ ընկերությունը խախտել է գնումների ընթացակարգով ստանձնած պարտավորությունները: Դատախազի տեղակալի կնոջ ընկերությունն այժմ վիճարկում է այդ որոշումները դատարանում:  

«Պահապան» ՍՊԸ-ի գործունեությունն այժմ ժամանակավորապես դադարեցված է։

Սակայն գնումների գործընթացից անմասն չմնալու համար բողոքները քննող անձի կայացրած վերջին որոշումից մի քանի օր հետո՝ հունիսի 9-ին, Վիկտորյա Մելիք-Սարգսյանը հիմնում է նույն գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Մանանկ», և ինչպես արդեն նշեցինք, շարունակում մասնակցել պետական գնումների գործընթացին։

Ինչ են հայտարարագրել ամուսինները

Արսեն Կոստանդյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի հուլիսի 1-ից։ Որպես բարձրաստիճան պաշտոնատար աձն նա ներկայացնում է գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր։ Պաշտոնը ստանձնելու պահին Արսեն Կոստանդյանը որպես շարժական գույք հայտարարագրել է VOLKSWAGEN PASSAT 2.8 մակնիշի ավտոմեքենա, իսկ իր անունով անշարժ գույք Կոստանդյանը չի հայտարարագրել։ Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 95,5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2,3 միլիոն դրամ, որը նրա աշխատանքի վարձատրությունն է։

2017 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Արսեն Կոստանդյանը 21,5 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել MERCEDES-BENZ 500 S մակնիշի ավտոմեքենա։ 2017-ի տարեվերջում Արսեն Կոստանդյանի դրամական միջոցները կազմել են 98,6 միլիոն դրամ։

2018-ի տարեկան հայտարարագրի տվյալներով՝ դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը 16 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել MERCEDES-BENZ E 200 մակնիշի ավտոմեքենա, իսկ հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 87,2 միլիոն դրամ։

Ըստ 2019 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի՝ այդ տարի Արսեն Կոստանդյանը 7 միլիոն 178 հազար դրամով վաճառել է MERCEDES-BENZ E 200-ը և 8 մլն 640 հազար դրամով ձեռք բերել 2013 թ․ արտադրության LEXUS ES 350 մակնիշի ավտոմեքենա։ 2019-ի հարկային տարվա վերջում Արսեն Կոստանդյանն ունեցել է կանխիկ 115 հազար ԱՄՆ դոլար։ Հայտարարագրերից և ոչ մեկում Կոստանդյանն իր անունով անշարժ գույք չի նշել։

Վիկտորյա Մելիք-Սարգսյանի 2018 թ․ տարեկան հայտարարագրի տվյալներով՝ նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 130 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 9 միլիոն դրամ, որը նա ստացել է որպես շահաբաժին «Պահապան» ՍՊԸ-ից։ 2018 թվականին նա 2000 ԱՄՆ դոլարով վաճառել է NISSAN MARCH մակնիշի ավտոմեքենան և 8000 դոլարով գնել TOYOTA RAV 4 մակնիշի մեքենա։ Վիկտորյա Մելիք-Սարգսյանը նույնպես անշարժ գույք չի հայտարարագրել։ Իսկ 2019 թ․ տարեկան հայտարարագիր նա առհասարակ չի ներկայացրել։

2021 թվականի հունվարի 21-ին Վիկտորյա-Մելիք Սարգսյանը հիմնադրել է ևս երկու ընկերություն՝ «Անգա գրուպ» ՍՊԸ և «Սուր և նիզակ» ՍՊԸ։ Պետական եկամուտների կոմիտեի կայքի տվյալներով՝ այս երկու ընկերությունները ևս զբաղվում են հագուստի արտադրությամբ։

Ֆոտոկոլաժում՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների հանդերձանքն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter