
Պատերազմի հետևանքով Գեղարքունիքի մարզի շենք-շինություններին պատճառվել է 26 մլն դրամի վնաս
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերում վնասվել է 50 բնակելի տուն: Վնասվել է նաև երկու դպրոցի պատուհանների ապակիները: Մարզի անշարժ գույքին պատճառված վնասի չափը կազմում է 26 մլն 210 հազար դրամ: Գեղարքունիքի մարզպետարանը հաշվարկներըը ներկայացվել է կառավարություն, սակայն բնակիչները դեռ փոխհատուցում չեն ստացել:
Վնասի զգալի մասը պատճառվել է Մեծ Մասրիկ համայնքի բնակելի տներից մեկին, որն ամբողջությամբ քանդվել է: Տան տերը՝ Գևորգ Վարդանյանը, զոհվել է ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից: Միայն այդ տանը պատճառված վնասը գնահատվել է 22 մլն 500 հազար դրամ:
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ բացի Մեծ Մասրիկի ամբողջովին ավերված տնից, նույն գյուղում վնասվել է նաև 7 բնակելի տների պատուհաններ և տանիքներ: Վնասվել է նաև մարզի Լուսակունք համայնքի մեկ բնակելի տան տանիք, Գեղամասար խոշորացված համայնքի 41 տան և Սոթք ու Կութ բնակավայրերի միջնակարգ դպրոցների պատուհանները:
Դպրոցներն իրենց սեփական միջոցների հաշվին կոտրված ապակիները փոխարինել են նորերով: Բնակիչները ևս վերանորոգման աշխատանքներ կատարել են, սակայն ակնկալում են պետության աջակցությունը:
Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարությունը դեռ վնասի փոխհատուցում չի իրականացրել:
Զոհված Գևորգ Վարդանյանի ընտանիքը՝ որդին, հարսն ու 3 անչափահաս թոռներն այժմ ապրում են նույն գյուղում՝ հարևանի դատարկ տանը: Համայնքապետ Արմեն Ասատրյանն ասաց, որ նրանց տունը բնակության համար պիտանի չէ:
«Մնացած վնասները մանր-մունր վնասներ են: Ապակի է կոտրվել, պատ է ճաքել, շիֆր ա վնասվել: Լուրջ վնասվել է միայն Վարդանյանների տունը»,-ասաց Ա. Ասատրյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2020թ. դեկտեմբերի 3-ի նիստում կառավարությունը որոշել էր փոխհատուցել պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով։ Աջակցությունից օգտվելու համար շահառուն մինչև 2021թ. ապրիլի 1-ը գրավոր դիմում պետք է ներկայացներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում վնասվել է 142 շենք-շինություն, բնակելի տուն: Քաղաքացիներին պատկանող անշարժ գույքը վնասվել է Դավիթ Բեկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում: Ընդհանուր վնասի չափը կազմել է մոտ 50 մլն դրամ, ինչը կառավարությունը փոխհատուցել է:
Մեկնաբանել