
Անահիտ Ավանեսյան. «Պատվաստումներն իրականացվելու են պետական պատվերի շրջանակներում և բացառապես կամավորության սկզբունքով»
Այսօր կայացած մամուլի ասուլիսում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման, բաշխման և պատվաստման գործընթացը սկսելու վերաբերյալ:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարն ասել է որ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար և «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով` «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը՝ 24 հազար դեղաչափ:
Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է, թե առաջին փուլում ռիսկի որ խմբերն արտոնություն կունենան պատվաստվելու, մասնավորապես՝ բուժաշխատողներ, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ, և ընդգծել, որ մեր երկրում պատվաստումներն իրականացվելու են պետական պատվերի շրջանակներում և բացառապես կամավորության սկզբունքով:
Այնուհետև Անահիտ Ավանեսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Մեկնաբանել